February 25, 2024

Ադրբեջանն ուզում է նոյեմբերի 9-ի նման փաստաթուղթ ստորագրել, որ հետո բոլոր կետերը խախտի, ինչը թույլ չենք տալու. Խաչատրյան

«Որևէ խաղաղության պայմանագիր չի կարող լինել, եթե Ադրբեջանի զորքերը գտնվում են մեր տարածքներում, բոլոր խնդիրները պետք է լուծվեն նախևառաջ այդ օկուպացված տարածքներից դուրս գալուց հետո»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Եթե հնարավոր լինի հասնել խաղաղության, սահմանից հավասարապես հետ քաշվելու նպատակը այն է, որ Զինված ուժերը հնարավորինս քիչ առնչվեն մեկը մյուսի հետ և լինեն սահմանապահ ուժերը այդ տարածքներում, բայց դա չի նշանակում, որ այնտեղ, որտեղ նրանք օկուպացրել են մեր տարածքները, մենք էլ պետք է այդ տարածքներից հեռանանք, իրենք էլ»,- նշեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը վատ է տրամադրված, նրան գուցեև խաղաղության պայմանագիրը ձեռք չի տալիս. «Բայց Ադրբեջանը հասկանում է, որ դրանից կարող է ՀՀ-ի տնտեսությունը շատ արագ վերելք ապրել, Հայաստանի զարգացման համար լուրջ հեռանկարներ ապահովվել, ճանապարհների ապաշրջափակում լինել: Այդ ամենը շատ լավ նրանք վերլուծում են և հետևություններ անում, և, բնականաբար, այդքան էլ ոգևորված չեն, որ ՀՀ-ն այդպիսի հեռանկար ունենա»:

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի խաղաղության պայմանագիր կնքելուց, կամ այնպիսի պայմանագիր կնքելուց, որը հստակ երաշխավորված կլինի:

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ ստորագրելու դեպքում գոնե նոյեմբերի 9-ի նման մի փաստաթուղթ ստորագրի, որ հետո բոլոր կետերը հնարավոր լինի խախտել, ինչը մենք արդեն տեսել ենք և ինչը թույլ չենք տալու: Իհարկե, Ադրբեջանի վրա այսօր դիվանագիտական ճնշումը բավականին մեծ է, պետք է բերել կառուցողական և դիվանագիտական դաշտ»,- ասաց պատգամավորը և նկատեց, որ մեկ տարի առաջ Ադրբեջանի հռետորաբանությունը ամբողջապես այլ էր. «Նրանք ամեն օր պատրաստվում էին ինչ-որ պատերազմական գործողությունների, բայց վերջին մեկ տարվա մեջ և՛ հռետորաբանությունն է փոխվել, և՛ ՀՀ-ի նկատմամբ միջազգային վերաբերմունքը: Երբևէ նման բան չէր կարող լինել, որ ՀՀ-ն, լինելով ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի կազմում, կկարողանանք Արևմուտքից զենք ստանալ, բայց այսօր այդ հնարավորությունն ունենք»:

Verified by MonsterInsights