February 23, 2024

Ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը «վրեժխնդրություն» ասելով

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները, չնայած վայրիվերումներին ու կողմերի հակասական հայտարարություններին, հասել են մի իրավիճակի, երբ Ադրբեջանը Հայաստանից երաշխիքներ է պահանաջում, որ Երևանն ապագայում վրեժխնդրության չի դիմի Բաքվի նկատմամբ։

Բայց հարցն այն է, թե ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը «վրեժխնդրություն» ասելով։

Ադդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության նպատակը,  առաջին հերթին, երաշխիքներ ստանալն է, որպեսզի հայկական կողմը չկարողանա օպերատիվ կերպով (թե հիմա, և թե միջնաժամկետ հեռանկարում) հավակնություն ունենալ վերականգնել Հայաստանի Հանրապետության պետական ու ռազմական կորցրած բաղադրիչները։

Բաքուն գիտի, որ հայերը երբեք չեն հաշտվի Հայաստանի ինքնիշխան տարածքների կորստի, հայերի էթնիկ զտումների, Արցախի բնակիչների բռնագաղթի և Բաքվի կողմից նրա գրավման հետ։

Այս մտահոգությունը փարատելու համար, ըստ երևույթին, Բաքուն մտադիր է խաղաղության հնարավոր փաստաթղթում ներառել հետևյալ դրույթները որպես Հայաստանի կողմից «վրեժխնդրության» անհնարինության երաշխիքներ․

1. Գրավոր և փաստագրված համաձայնություն՝ ամբողջ Արցախը գրավելու և Հայաստանի Հանրապետության ներկայիս ինքնիշխան տարածքները Բաքվի կառավարության տարածքին փոխանցելու վերաբերյալ։

2. Հայաստանը Վրաստանին և Իրանին կապող հիմնական լոգիստիկ ճանապարհների ինքնիշխանության հսկողություն․ Այդ նպատակով օրակարգում է Նախիջեւանի սահմանի մոտ գտնվող Տիգրանաշեն եւ Վրաստանին մոտ գտնվող Տավուշի մարզի գյուղերի օկուպացումը։

3. Հայաստանի զինված ուժերի անձնակազմի կտրուկ կրճատում և Բաքվի իրավունքի երաշխավորում՝ Հայստանի զինված ուժերի քանակի, ինչպես նաև սպառազինության քանակի ու որակի վերահսկման նկատմամբ։

4. Ալիևի կառավարության կողմից հարյուր հազարավոր և ավելի մարդկանց թվով Բաքվի քաղաքացիների վերաբնակեցումը Հայաստանի առանցքային շրջաններում ու քաղաքներում ։

5. Թուրքիայի և Բաքվի երկկողմ վերահսկողության դյուրացումը Հայաստանի հարավային հատվածի նկատմամբ կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ չնայած Հայաստանի տարածքային ամբողջականության անվանական ճանաչմանը, այնպես որ Հայաստանի կառավարությունն իրավունք չունենա իր ինքնիշխանությունն իրացնել այս միջանցքի նկատմամբ, որպեսզի, ի վերջո Հայաստանի հարավային հատվածը անջատվի այս երկրից.

6. Հայաստանի Սահմանադրության և Անկախության Հռչակագրի փոփոխում՝ հանելով Արցախի Հանրապետությանը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը և Արևմտյան Հայաստան բառակապակցությանը վերաբերող հատվածները, Հայաստանի զինանշանի փոփոխում՝ հանելով հայկական ինքնության խորհրդանիշը՝ Արարատ լեռի պատկերը.

Այս դրույթները իրականում այն խաղաղության գինն են, որոնք Բաքուն պահանջում է Հայաստանից։

Հնարավոր է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համակողմանի ճնշումների կիրառմամբ Երևանի և Բաքվի միջև հնարավոր խաղաղության պայմանագրում վերը նշված դրույթները ներառվեն ստորագրվող գաղտնի արձանագրություններում և կհրապարակվի միայն համաձայնագրի մշուշոտ և թերի տարբերակը, որտեղ չի նշում, թե Հայաստանի իշխանությունները ինչ երաշխիքներ են տվել Բաքվին, կամ առնվազն խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ գաղտնի կպահվեն։

Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է առավելագույնի հասցնի իր զգոնությունը այս, այսպես կոչված, խաղաղ բանակցությունների նկատմամբ, ստանա և ուսումնասիրի հնարավոր համաձայնագրի դրույթները, որպեսզի կանխի ոչ պատշաճ դրույթների, հատկապես վերը նշված  2-րդ և 5-րդ կետերի պարտադրումը Երևանին:

Հեղինակ՝ քաղաքական հարցերի իրանցի վերլուծաբան Էհսան Մոհդյան,

Աղբյուր՝ «Դիփլոմասի Իրանի» (Իրանական դիվանագիտություն) վերլուծական կայք

Verified by MonsterInsights