February 25, 2024

Ինչ պայմանավորվածության են եկել ձկնորսները իրավապահների հետ․ մարզպետ

Նորատուսցի ձկնորսների իրականացրած բողոքի ակցիան այս պահին ավարտվել է։ Նրանց և իրավապահ մարմնի ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը. «Բողոքի ակցիան արդեն ավարտվել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրանք երկու օրվա ըթնացքում պետք է իրենց լողամիջոցներն ու ցանցերը դուրս բերեն լճից և չզբաղվեն ապօրինի ձկնորսությամբ մինչև արգելիք ավարտը»։

Դիտարկմանը, թե արդյոք կպահպանվի ձեռք բերված պայմանավորվածությունը, հաշվի առնելով այսօր ձկնորսների ցուցաբերած ագրեսիվ վարքը ջրային պարեկների ուղղությամբ, մարզպետը նկատեց․ «Ամեն դեպքում իրենք խոստացել են, իրենց ներկայացուցիչները, որոնց նրանք լիազորել էին այսօրվա հանդիպմանը և հարցի քննարկմանը, վստահեցրել են, որ պահպանելու են այդ պայմանավորվածությունը»։ Սարգսյանի խոսքով՝ երբ ձկնորսության արգելքը հանվի, ձկնորսները նորից կարող են քվոտա ստանալ և զբաղվել ձկնորսությամբ։

Հիշեցնենք՝ ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս ամենից հետո դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիա է իրականացվել: 30-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանության Սևանի և Գավառի բաժիններ:

Verified by MonsterInsights