February 25, 2024

Իշխան Սաղաթելյանի գանգատն ու 2021 թ. ԱԺ ընտրությունների արդյունքների մասին մանիպուլյատիվ տվյալները

Հանգստյան օրերին իր մի քանի գործընկերների հետ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը, հավանաբար ոգևորված լինելով իրենց հետ հանդիպմանը եկած վարդենիսցիների թվից (հանդիպումը դահլիճային ֆորմատով էր), արել է կեղծիք պարունակող, մանիպուլյատիվ մի շարք հայտարարություններ։

https://civic.am/ Սաղաթելյանը մասնավորապես նշել է, որ 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ ձևավորել են «Հայաստան» դաշինքը, դարձել «ընդդիմադիր դաշտի գլխավոր ուժը» (Սերժ Սարգսյանի ու Արթուր Վանեցյանի ականջը կանչի), ապա հավելել՝ «իմիջիայլոց, էս տարածաշրջանից մենք ամենաբարձր վստահության քվեն ենք ստացել, որի համար մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեզ բոլորիդ»։

Սաղաթելյանի այս հայտարարությունը ակնհայտ մանիպուլյատիվ է, քանի որ եթե նա որպես «ամենաբարձր վստահության քվե» ստացած քաղաքական ուժ նկատի ունի «Հայաստան» դաշինքին, ապա սխալվում է՝ ամենաբարձր վստահության քվեն Գեղարքունիքի մարզում ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. քվեարկությանը մասնակցած 86 հազար 212 ընտրողից 56 հազար 698-ը կամ ձայների 65,93%-ը ստացել էր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը, իսկ «Հայաստան» դաշինքը Գեղարքունիքում ստացել էր շեշտակի պակաս՝ 12 հազար 535 քվե կամ ձայների 14,42%-ը։ Իսկ կոնկրետ, ինչպես Սաղաթելյանն է ասում՝ «Վարդենիսի տարածաշրջանում» ՔՊ-ն նույնպես առաջատարն էր՝ ստացել էր 3 հազար 264 քվե, «Հայաստան» դաշինքն էլ ընդամենը 727 քվե։

Ավելին ասենք, Իշխան Սաղաթելյանի ծննդավայր, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում նույնպես ՔՊ-ն առաջատարն էր՝ ստացել էր 399 քվե, իսկ «Հայաստան» դաշինքը՝ ավելի քան 100 ձայնով պակաս՝ 294 քվե։ Սևանում նույնպես, որտեղ Սաղաթելյանը հյուրանոցային բիզնես ունի, ՔՊ-ն ստացել էր 5 հազար 743 քվե, իսկ Քոչարյանի շուրջ համախմբված դաշինքը՝ 2 հազար 175 քվե։

Թե Իշխան Սաղաթելյանը ինչու է որոշել ոտքի վրա մանիպուլյացիաներ անել ու ապակողմնորոշել վարդենիսցիներին՝ կարելի է ենթադրել. չէ՞ որ եկել էր համոզելու, որ պետք է ամեն մարզում մի քանի հազար մարդ ոտքի կանգնի, որ իշխանափոխության հարցը լուծվի։ Ի դեպ, Սաղաթելյանը, դիմելով վարդենիսցիներին, հետին թվով որոշեց նաև գանգատվել նրանց վարքագծից, թե՝ «պատերազմից հետո երկու անգամ եկել ենք Վարդենիս, մեզ լավ ընդունելության չեն արժանացրել»։

«Ասում էին՝ ինչ եղավ, եղավ, թողեք մեզի հանգիստ, մեզ մի հրահրեք, որ պատերազմ չըլի։ Երբ որ բացատրում էինք՝ հեսա ձունը փռավ, կտեսնեք՝ թուրքը ուր ա հասնելու, ձեր արոտավայրերը, ձեր կենսական նշանակության տարածքները արդեն թշնամու հսկողության տակ ա, չէին հասկանում»,- մասնավորապես բողոքել է ընկեր Իշխանն ու սրտի մղկուտով արձանագրել՝ «ինքը գալիս էր, գառ էին մորթում»։ «Ինքը» ասելով ընկեր Իշխանը նկատի ունի Նիկոլ Փաշինյանին։ Արձանագրենք՝ Սաղաթելյանը կա՛մ «բաժակ նայողի» կարողություններով է օժտված ու գիտեր, որ «ձունը փռավ՝ թուրքը ուր ա հասնելու», կամ էլ ուղիղ կապի մեջ է եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի աշխատակազմի հետ և առաջին ձեռքից իմացել է պլանավորվող գործողությունների մասին։

Ի դեպ, Վարդենիսում հայաստանականների հավաքին էր միացել և նրանց կողքին՝ բեմահարթակին էր տեղավորվել ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանը, որը, ինչպես հայտնի է, Արցախում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած իրադարձություններից մի քանի օր անց կեղծ լուր էր տարածել, թե Վարդենիսի համայնքապետը միացել է ընդդիմության կողմից հայտարարված գործադուլների և դասադուլների կոչին։

Verified by MonsterInsights