February 25, 2024

Սառը ջրում կրիմինալ խմբերի կողմից հարձակման ենթարկվող պարեկը պետք է իմանա, որ մենք բոլորս իրեն աջակցում ենք. Իոաննիսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր իրավապահները հատուկ օպերացիա են իրականացրել Գեղարքունիքի մարզում, որի շրջանակներում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու համար բերման է ենթարկվել մի քանի տասնյակ քաղաքացի, որոնց մեծ մասը նորատուսցիներ են:

Տեղի ունեցածին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ գրելով.

«Ջրային պարեկները կարևոր գործ են անում ու պետք է վայելեն հանրության աջակցությունը:

Սևանա լճում առաջին ջրային բախումն է եղել պարեկների ու ձկնագող խմբերի միջև: Կազմակերպված-դիմակավորված խմբեր նախ ցամաքում և ապա ջրում հարձակվել են պարեկների վրա, որ պաշտպանեն ձվադրման շրջանում ձուկ որսալու իրենց «իրավունքը»:

Բանն այն է, որ ի տարբերություն ցամաքի, ջրում, նախքան պարեկային ծառայությունը, իրավապահ մարմին ընդհանրապես չի եղել: Ջրային պարեկայինի վաշտի ներդրումից առաջ ջրային ոստիկանությունը ուներ ընդամենը 3 ծառայող, և լճում համատարած ապօրինություն էր:

Աշխատանքային քննարկումներում «Իրազեկ քաղաքացիների միավորումով» առաջարկեցինք, որ ջրային պարեկայինը ոչ թե լինի «տուրիստիկ դեկորացիա», այլ ծառայի՝

1. ամբողջ լճում,

2. 24 ժամ,

3. տարին 12 ամիս,

4. բավարար քանակով:

Մեր առաջարկներն ընդունվեցին, և բացվեց կրիմինալի դեմ ոստիկանության պայքարի նոր՝ ջրային ճակատ: Բնականաբար, պետությունը կարող էր միջոցներ ձեռնարկել, որ ապօրինի ձկնագողությամբ զբաղվողները հեշտությամբ անցնեին օրինական ճանապարհով փող աշխատելուն:

Բայց էկոցիդի հասնող ապօրինի ձկնագողության վերջը պետք է տրվեր:

Սևանա լճում ֆաունայի պաշտպանությունը կարևոր ծառայություն է, որ ոստիկանությունը սկսել է մատուցել հանրությանը և սառը ջրում մեծաթիվ կրիմինալ խմբերի կողմից հարձակման ենթարկվող պարեկը պետք է իմանա, որ մենք բոլորս իրեն աջակցում ենք»:

Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել:

Հանցավոր արարքներ կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 26 անձ։

Verified by MonsterInsights