February 23, 2024

Արմավիրում բնակիչն ահազանգել է արնաշաղախ, աչքերը հանված շան ձագեր գտնելու մասին. ոստիկանությունը մանրամասնել է

Նոյեմբերի 20-ին Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի մի բնակչուհի ահազանգել է ոստիկանություն, որ աղբամանների մոտ շան սատկած ձագեր կան՝ արնաշաղախ, գլուխները՝ վնասված, աչքերը՝ հանած:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է խոշտանգված ձագերին:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը դրսևորել է Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 42-ամյա բնակիչը: Դեկտեմբերի 20-ին նա ներկայացվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

42-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Հանգամանքները պարզվում են:

Verified by MonsterInsights