February 25, 2024

Վարդապետյանը հայտնել է՝ ինչ փուլում է Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու գործընթացը

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Միհրան Պողոսյանի արտահանձնման հետ կապված աշխատանքներ են տարվում ՌԴ Գլխավոր դատախազության հետ, որպեսզի անձը կարողանա փոխանցվել Հայաստան, քանի որ վերջինս գտնվում է այնտեղ և ունի փախստականի կարգավիճակ:

Այս մասին մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ փախստականի կարգավիճակը նրան ՌԴ-ում պաշտպանում է, սակայն գործընթացներ են տեղի ունենում:

Ըստ Վարդապետյանի՝ Միհրան Պողոսյանը ոչ միայն մեկ տոննա թմրանյութի մաքսանենգության գործի շրջանակներում է հետապնդվում, այլ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում նրա հետ կապված վարույթ կա հարուցված, նաև կա դրվագ՝ կնոջ հետ կապված:

«Ունենք տվյալներ, որ կինը գույք է ձեռք բերել Իսպանիայում՝ Գրանադայում, այս մասով ևս վարույթ կա հարուցված»,-ասել է նա՝ հավելելով, որ Պողոսյանին վերադարձնելու իրավական գործընթացները հույս են ներշնչում:

Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայում բերման է ենթարկվել Հայաստանի դատական ակտերի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

Ըստ մամուլի՝ պաշտոնյային Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա իր հետ ունեցել է փախստականի վկայական։

Պողոսյանին բերման ենթարկելու մասին տեղեկացվել է Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։

Հիշեցնենք՝ ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու խնդրանքը։

Ռուսաստանում ՄիհրանՊողոսյանը զբաղվում է ապրանքների մեծածախ առևտրով, բեռնափոխադրումներով, մեքենաների վարձույթով և լիզինգով։

Հայաստանում, ի թիվս այլ հարցերի, Պողոսյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում 1,3 մլն դոլարի հարկերից խուսափելու, փողերի լվացման, հափշտակության համար։

Մայիսի 17-ին էլ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի՝ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց։

ՀՀ վարչապետը, երեկ ԱԺ-ում մեկնաբանելով 1 տոննա կոկաինի գործը, հայտնել էր, որ մեկ տոննա կոկոաինի հասցեատերը բանանի՝ հայտնի ներկրմամբ զբաղվող ընկերությունն է, որի սեփականատերը հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր է։

Verified by MonsterInsights