February 23, 2024

Քննությունը ցույց կտա՝ տաղանդավոր բիզնեսմե՞ն է, թե՞ գործ ունենք ապօրինի գույքի հետ․ Վարդապետյանը՝ Սեդրակ Քոչարյանի մասին

Ընդհանուր առմամբ ապօրինի գույքի բռնագանձման վարույթի շրջանակում 90-ից ավելի հայցեր են ներկայացված, հայցագինը գերազանցում է 510 միլիարդը, սակայն սա դեռ վերջնական գումարը չէ։ Հայցերի քանակն ու թիվը աճելու է, քանի որ ուսումնասիրությունը տևում է առավելագույնը երեք տարի։

Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Ուսումնասիրությունը սկսվում է, եթե առկա են երկու հիմքերը, դրանք են՝ կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրանքը կամ օպերատիվ մարմնի հայտնած տեղեկությունը։ Եթե այս երկու հիմքերը առկա են, վարչությունը սկսում է ուսումնասիրությունը և ունի առավելագույնը երեք տարի կա՛մ հայց ներկայացնելու, կա՛մ կարճելու։ Առաջիկա տարիների ընթացքում հայցերի քանակը կաճի, քանի որ, օրինակ, 2021 թվականի ուսումնասիրությունների վերջնաժամկետը 2024 թիվն է։ Կարծում եմ՝ հայցագրերի թիվն այնպիսին է, որ կարելի է աղմկահարույց մեկնաբանել»։

Ըստ դատախազի՝ դրանց թվում են Քոչարյան և Խաչատրյան ընտանիքի գույքի վերաբերյալ գործերը, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով։

«Հիմնական գործառություները իրականացվել են Սեդրակ Քոչարյանի միջոցով, քանի որ, ըստ իրենց պնդման, նա այն անձն է, որ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Հիմնական անհանգստությունն  ու անվստահությունը, որ մեզ մոտ ձևավորվել է, այն է, որ 19 տարեկանում անձը սկսել է զբաղվել և մեծ ծավալի գույքերի սեփականության նկատմամբ իրավունք է ունեցել»,- ասել է Վարդապետյանը։

Հաղորդավարի դիտարկմանը, թե Սեդրակ Քոչարյանը տաղանդավոր բիզնեսմեն է, Աննա Վարդապետյանը նկատել է․ «Դռնբաց դատական քննությունը ցույց կտա՝ անձը տաղանդավոր բիզնեսմեն է, թե՞ մենք գործ ունենք ապօրինի գույքի հետ։ Թվերը մեծ են, բայց մի քանի խոշոր անշարժ գույքեր են, և չհիմնավորված ֆինանսական հոսքեր, որոնք կա՛մ ծախսերի տեսքով են, կա՛մ բանկային հաշիվների ձևով»։

Verified by MonsterInsights