February 22, 2024

«Կարող են սկսել վարկերի մարումից». Սամվել Շահրամանյանը աղմկահարույց հայտարարություն է արել

Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, անդրադառնալով Շահրամանյանի այս հայտարարությանը, նկատել է՝ Լեռնային Ղարաբաղը լուծարեցին, զենքերը հանձնեցին, ժողովրդին տեղահանեցին, հիմա Երևանում «փրկիչ» են խաղում։

Ըստ Չախոյանի՝ ԼՂ իրավական դաշտում գոյություն չուներ նաև փաստաթուղթ, որով նախատեսվում էր զենքերը հանձնել։

«Եթե ոմանք գտնում են, որ ԼՂ պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել Հայաստանում, ապա պետք է հաշվի առնեն, որ այդ պետական ինստիտուտները պետք է լուծեն ԼՂ հայերի սոցիալական, կրթական, առողջական, կենցաղային ու կեցավայրի խնդիրները, այդ թվում՝ նաև ԼՂ հայերի՝ բանկերից վերցրած վարկերի հարցը։

Կարո՞ղ են լուծել, իհարկե՝ ոչ։ Ցանկության դեպքում կարող են սկսել վարկերի մարումից»,- ընդգծել է Կառավարության անդամը:

Իսկ եթե ոմանք, ըստ Չախոյանի, պարապությունից ցանկանում են պետական պաշտոնյայի կարգավիճակով ապրել Հայաստանում ու ՀՀ քաղաքացիների հաշվին աշխատավարձ ստանալ, դա չի լինելու. «Քանի որ ԼՂ-ն լուծարելուց հետո դրա պետական ինստիտուտների գոյությունը Հայաստանում անհնարին է՝ պետության մեջ պետություն չի կարող լինել, առավել ևս, որ դա անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Verified by MonsterInsights