February 25, 2024

Պրիգոժինի սպանությունը կազմակերպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը․ The Wall Street Journal

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժնի սպանությունը կազմակերպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պարուշևը։

Այս մասին պնդում է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների անանուն աղբյուրներին։

Պատրուշևը, ինչպես գրում է հրատարակությունը, դեռ 2022 թվականի ամռանն է սկսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զգուշացնել Պրիգոժինի ազդեցության աճի սպառնալիքի մասին։ Սակայն նախագահը չի լսել նրան, քանի որ «Վագներ»-ի վարձկանները, ինչպես կարծում էին Կրեմլում, հաջողության էին հասնում Ուկրաինայում մարտի դաշտում։ Ըստ հրատարակության զրուցակցի՝ ռուսական հետախուզության նախկին աշխատակցի՝ իրավիճակը փոխվել է 2022 թվականի հոկտեմբերին։

Այն ժամանակ Պրիգոժինը, իբր, զանգահարել է Պուտինին և կոպիտ կերպով բողոքել զինամթերքի պակասից, ինչը հանգեցրել է վարձկանների շրջանում մեծ կորուստների։ Պատրուշևն այդ պահին եղել է Պուտինի աշխատասենյակում, պնդում է WSJ-ի աղբյուրը։ Պուտինն անտեսել է Պրիգոժինի հետագա բողոքները «Վագներ»-ին մատակարարումների վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ հանրային կոնֆլիկտների մասին, գրում է հրատարակությունը։

2023 թվականի հունիսին, երբ Պրիգոժինը սկսել է իր ապստամբությունը, Պատրուշևը դա տեսել է որպես «Վագներ»-ի ղեկավարից վերջնականապես ազատվելու հնարավորություն, ասվում է հոդվածում։

Հրատարակությունը պնդում է, որ այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ հնարավոր է եղել պայմանավորվել Բելառուսի տարածք վարձկանների տեղափոխման մասին, իսկ ՌԴ նախագահը խոստացել է դադարեցնել ապստամբների հետապնդումները, Պատրուշևը սկսել է մշակել Պրիգոժինին սպանելու ծրագիր։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ Պուտինին ավելի ուշ ցույց են տվել այդ պլանները, և նա չի առարկել։ Ըստ WSJ-ի արևմտյան հետախուզական ծառայությունների զրուցակիցների՝ օգոստոսի 23-ին «Շերեմետևո» օդանավակայանում փոքր ռումբ է տեղադրվել մասնավոր Embraer-135 ինքնաթիռի թևի տակ, որն օգտագործել է «Վագներ»-ի հիմնադիրը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել The Wall Street Journal-ի վերջին հրապարակումը՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժնի սպանության հետ կապի մասին:

Պեսկովը հոդվածն անվանել է «բուլվարային հերյուրանք»։ «Մենք տեսել ենք այս նյութը, բայց չենք ցանկանա մեկնաբանել այն։ Որովհետև դժվար թե հնարավոր լինի մեկնաբանել նման նյութերը։ Վերջերս, ցավոք, The Wall Street Journal-ը շատ էր սիրում ֆանտաստիկայի չանրի արտադրությունը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն մեկնաբանելու խնդրանքին:

Ավելի վաղ գրել էինք, որ ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների անանուն աղբյուրներին պնդել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժնի սպանությունը կազմակերպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Verified by MonsterInsights