February 25, 2024

Վլադիմիր Գրիգորյանը այլևս չի կատարում ԼՂ նախագահի խորհրդականի պարտականությունները. նա հայտարարություն է տարածել

Վլադիմիր Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այլևս չի կատարում ԼՂ նախագահի խորհրդականի պարտականությունները:

«Իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների: Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։

Տեղեկացնում եմ նաեւ, որ ես այլեւս չեմ հանդիսանում ԱՀ Նախագահի խորհրդական»,- գրել է նա:

Գրիգորյանը երեկ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ պետական պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության: Ըտս նրա՝ Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Լեռնային Ղարաբաղի անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

Հարցադրմանը՝ արդյո՞ք իրավական տեսանկյունից այս մեկնաբանությունը խնդրահույց չէ, ի վերջո, ԼՂ նախագահի կողմից չկա նոր հրամանագիր իր նախկին հրամանագիրը չեղարկելու մասին, վերջինս պատասխանել է. «Նման որոշումը քանի որ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, և դրանից հետո շարունակել է արդեն հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, և նաև ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024թ., 2025թ. լինելու է, որովհետև Արցախի Հանրապետությունը լուծարվում է միայն ժողովրդի հանրաքվեով, և որևիցե անձ, նույնիսկ՝ նախագահը, նման լիազորություններ և իրավունքներ չունի, որպեսզի լուծարի հանրապետություն»:

Հայաստանի կառավարությունից ևս արձագանքել են Լեռնային Ղարաբաղը լուծարված չլինելու մասին պնդումներին՝ շեշտելով, որ «պետության մեջ պետություն ստեղծելու գաղափարը անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»:

Verified by MonsterInsights