February 25, 2024

Մի խորհուրդ տային Շահրամանյանին, որ ինքնալուծարվելուց հետո հրամանագրեր ստորագրելու համար պետք էր իրեն հորինել. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից արված հայտարարություններին, թե իբր վերջինս չեղարկում է իր կողմից ստորագրված փաստաթուղթը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը դադարում է գոյություն ունենալ 2024 թվականի հունվարի մեկից։

«Երբ Արցախի Չնախագահ Սամվել Շահրամանյանը ապօրինաբար լուծարում է Արցախի Հանրապետությունը, ըստ որում, էդ “լուծարման” տակ դնում նաև Ալիևի ու Պուտինի ստորագրությունը՝ ի դեմս նրանց կամակատարների, այդպիսով՝ եռակողմ /անգամ միանձնյա չէր կարող լուծարել, ինչ մնաց եռակողմ լուծարեր, այն էլ՝ ուժի սպառնալիքի տակ, որը իսպառ ապալեգիտիմացնում է ցանկացած փաստաթուղթ/ լուծարում է նաև իր պաշտոնը, հետո ինքնալուծարված վիճակում փոշմանում է ու չեղարկում է իրեն լուծարելու մասին հրամանագիրը, ու այս ամբողջ իրավաՏգիտական զառանցանքին հավանություն են տալիս փաստաբաններ, հասկանում ես, թե որքան է մեր երկրում տապալվել ամեն ինչ․․․

Փաստաբանները գոնե մի խորհուրդ էլ տային, որ ինքնալուծարվելուց հետո մի հատ պետք էր իրեն ստեղծել կամ հորինել, որ նորից հրամանագիր ստորագրեր․․․»:

Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Հայաստանի կառավարությունից ևս արձագանքել են Լեռնային Ղարաբաղը լուծարված չլինելու մասին պնդումներին՝ շեշտելով, որ «պետության մեջ պետություն ստեղծելու գաղափարը անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»:

Ավելի վաղ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային բռնագաղթման ժամանակ, հայտնի էր դարձել, որ ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Verified by MonsterInsights