February 25, 2024

Խորապես մտահոգված եմ, մեծագույն վտանգների ենք դատապարտում ինքներս մեզ. Վարդապետյան

Խորապես մտահոգված եմ․

Հասարակության գիտակից ու արժանապատիվ, անկախ պետականության և ինքնիշխանության արժեքները ամեն ինչից գերադասող, բնականաբար, նաև ռուս-ադրբեջանական դաշինքից եկող կործանարար վտանգներում ՌԴ դոմինանտ դերը գիտակցող հատվածը, որ, բարեբախտաբար, ստվար մեծամասնություն է կազմում (հարցումների համաձայն՝ անհերքելի իրողություն է դա), ամեն անգամ տագնապով է սպասում մեր իշխանությունների այցելություններին ՌԴ և նրա հետ կապակցված մեռելածին ու ավտորիտար կառույցների միջոցառումներին։ Թեթևացած շունչ քաշում դրանց չմասնակցելու և մերժող հայտարարություններ անելու դեպքում։ Շահեկանորեն աճում է այդ միջոցառումները առավել մերժող ու չմասնակցող բարձրագույն պաշտոնյաների վարկանիշը։ Սա է իրականությունը, ընդունենք, թե՝ ոչ։

Որքան անընդունելի է ինձ համար 5-րդ շարասյան և մերձ շրջանակների դատապարտող վայրահաչոցները ՌԴ-ի և ավտորիտար կառույցների հավաք-միջոցառումներին չմասնակցելու առթիվ, նույնքան անընդունելի է իշխանության մոլեռանդ «հավատավորների» մշտական արդարացումներն ու բացատրությունը, թե ինչ անում են, ճիշտ են անում, ավելի շատ գիտեն, տեղեկացված են, ընդհուպ «իմաստուն են»… (Տար Աստված, չուզողն էլ`մենք…)։

Վարչապետի Պետերբուրգ այցելության նախօրեին մեծ տագնապ ու անհանգստություն էր տիրում։ Ոչ միայն այն պատճառով, որ ավտորիտար բռնակալների շրջապատում ժողովրդավարական Հայաստանի ղեկավարի այցը ժողովրդավարական աշխարհի կողմից անընդունելի, նաև նսեմացուցիչ կհամարվի, այլև մեծագույն վտանգ առողջության վրա տարբեր ներգործություններ կիրառելու (առհասարակ, անձնական անվտանգության հարցում բացթողումներ և անզգուշություններ թույլ տալու իրավունք չունենք, պետության ևս մեկ անգամ գլխատման շռայլություն՝ առավել ևս)։ Վերջապես, ակնհայտ իրողություն է (ինչում համոզված է մեր հասարակությունը), որ լուկաշենկոների և մյուսների հետ հայանպաստ օրակարգերի քննարկումը բացառված է։

Սակայն ամենամեծ վտանգը, որից ես սարսափում եմ (ինչի կապակցությամբ էլ գրում եմ նյութս), դա Արևմտյան աշխարհի, քաղաքակիրթ ու ժողովրդավարական պետությունների կողմից մեր հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը կարող է լինել` մեր անկայուն, փոփոխական վարքագծի, ոչ վստահելի գործընկերոջ ու դաշնակցի պահվածքի նկատառումով։

Ռուս-թուրք-ադրբեջանական դաշինքի կործանարար հարվածներից մեզ պաշտպանած, Ադրբեջանի մեծածավալ հարձակումները զսպած, մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանած գործընկերների ու գրեթե դաշնակիցների վերածված պետություններին հիասթափության ու անվստահության հասցնելը ամենավտանգավորն է։

ՌԴ վարքագծի վրա մեր կողմից հնարավոր չէ ազդել անգամ սիրաշահելով ու ստորանալով, քանի որ վաղուց ի վեր նա նախանշել է մեր տեղն ու կարգավիճակը որպես ծայրագավառ, տարածքային նոր կորուստներով։

Մինչդեռ ձգձգել, մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ անելով, հակաարևմտյան 2+3 ձևաչափին մասնակցելով, Ադրբեջանի, Թուրքիայի, ՌԴ, Հս Կորեայի հետ դիվանագիտական հայտարարության տակ ստորագրելով (որին դեմ են քվեարկել մեր աջակից գործընկերները), հույս տածելով, որ ըմբռնումով կմոտենան մեր վայրիվերումներին, ծայրահեղ վտանգավոր անլրջություն ու անպատասխանատվություն է։

Այս այցի միակ «արդարացումն» ու վտանգների չափավորումը կարող է դառնալ հաջորդող օրերին անմիջապես ՀԱՊԿ֊ից դուրս գալու հայտարարությունը, ռուսական հատուկ ծառայողների հեռացումը Սյունիքից ու օդանավակայանից։

Այլապես մեծագույն վտանգների ենք դատապարտում ինքներս մեզ։

Վահան Վարդապետյան; Բժիշկ, հասարակական գործիչ

Verified by MonsterInsights