February 25, 2024

Դուք անբարոյական եք, բայց հուսով եմ՝ դա գենետիկ չէ․ Խաչատրյանը՝ Սևադա Խոջաբաղյանին քննադատողներին

ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում քննադատության արժանացած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի ունեցած ելույթին ու հագուկապին։

«Սերունդներ կրթած, իր ողջ կյանքը մանկավարժությանը, դպրոցին, ուսմանը, կրթությանը նվիրած, մանկավարժական բացառիկ կարողություններ ունեցող 72-ամյա Սևադա Խոջաբաղյանի հասցեին հնչեցրած անմարդկային ձևակերպումներ անողներին պետք է ասեմ հետևյալը.

«Պարոնայ՜ք (Տիկնա՜յք) դուք անբարոյական եք, բայց հուսով եմ, որ դա գենետիկ չէ, այլ՝ ձեռքբերովի»»,- գրել է Խաչատրյանը։

Ավելի վաղ Սևադա Խոջաբաղյանին ուղղված քննադատություններին անդրադարձել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Դուք նրան էլ եք ժեխ անվանում, որովհետև հենց պարոն Խոջաբաղյանի պես մարդիկ են կրթություն տալիս, խելացի սերունդ դաստիարակում, որը ձեր տգետ տեսակը կթողնի մեր պատմության անցյալի էջերում: Չվախենա՛ք»,- գրել էր նա։

Սևադա Խոջաբաղյանն այս տարի արժանացել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին։

Verified by MonsterInsights