February 24, 2024

ԼՂ-ից տեղահանված 17 հազար երեխա սովորում է ՀՀ դպրոցներում, շուրջ 400 ուսուցիչ աշխատում է կրթական համակարգում. Անդրեասյան

«Հայաստանի դպրոցներում սովորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ, նրանց համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ»:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով, շատ արագ հաստատվել է արցախցի ուսանողների կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել ԼՂ-ի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին կրթությունը շարունակել ՀՀ ուսհաստատություններում:

«Ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են մեր բուհերում և շուրջ 1000 ուսանողներ՝ քոլեջներում: Բացի այդ այն ուսանողները, որ ԼՂ-ից էին, բայց ՀՀ ուսումնական հաստատությունների ուսանող, և նրանց ուսման վարձը վճարվում էր կամ ԼՂ իշխանությունների կողմից, կամ իրենց ընտանիքների, վերջին որոշման համաձայն իրականացվել է այս խմբի ուսման վարձի փոխհատուցում: Այս ծրագրի շահառու է դարձել արդեն իսկ 900 մարդ, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին»,-ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին, նախարարն ասաց. «Շուրջ 400 ուսուցիչներ, որը բռնի տեղահանված ուսուցիչների 1/3–ն է, արդեն աշխատում է ՀՀ կրթական համակարգում։ Նրանցից ավելի քան 200–ը գործուղվել են մարզեր և նրանց աշխավարձի 30 %-ի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում բացի հավելավճարից, գործուղված ուսուցիչները ստանում են նաև ամսական 50.000 դրամ գումար: Ավելի քան 200 ուսուցիչ այս համակարգից օգտվել է»:

Verified by MonsterInsights