February 25, 2024

«Բալասանյան դաշինք»-ը և ՀՀԿ-ն վերամիավորվել են, շնորհավորում եմ». Գյումրու 2024 թվականի բյուջեն չի ընդունվել

Գյումրու ավագանու այսօրվա նիստն ավարտվել է անսպասելի իրադարձությամբ. քաղաքի 2024 թվականի բյուջեն չի ընդունվել:

Նախագծին կողմ են քվեարկել միայն «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» խմբակցությունը: Ունեցած երկուական ձայնով ձեռնպահ են մնացել «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցությունները: Իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 11 անդամով դեմ է քվեարկել:

«2023-ի համեմատ 2024-ի բյուջեն դոտացիայի հաշվին աճել է 931 միլիոն դրամով, իսկ ինչ է արել համայնքը քաղաքի համար օրհասական խնդիրներից որևէ մեկը լուծելու համար: Ըստ էության՝ ոչինչ, քանի որ բյուջեի մեջ չկա նման արտացոլում»,- ասել է ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

Այնուհետև՝ ամենատարբեր խնդիրների մասին բարձրաձայնելուց հետո, Հարությունյանը նկատել է՝ Գյումրու 2024 թվականի բյուջեի մասին նախագիծը համայնքի խնդիրները չի լուծելու, ավելին՝ կոծկելու է:

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին վրդովվեցրել է բյուջեի նախագծի չընդունումը: Վերջինս ասել է, թե տեղի ունեցածը թողնում է գործընկերների խղճին:

«Որոշումն ընդունված չէ, խիղճը թողնում եմ ձեզ վրա: Մենք պարզճակատ կնայենք մեր համաքաղաքացիներին, իրենք ամեն բան կհասկանան: Մենք ուզում էինք շատ ծրագրեր անել, որոնք չենք անի՝ որոշ ամբիցիաներից ելնելով»,- մեղադրել է Սամսոնյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը խնդրել է չմանիպուլացնել քվեարկության արդյունքները:

«Այստեղ խղճի հարց չկա: Մենք ուզում ենք, որ բյուջեն ընդունվի օրենքի բոլոր նորմերին համապատասխան: Բյուջեում շատ խնդրահարույց կետեր կան, խնդրում եմ լրամշակեք և ներկայացրեք պատշաճ տեսքով»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով. «Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» կուսակցությունը տարիներ անց, ինչպես նախկինում էր, վերամիավորվել են: Շնորհավորում եմ ձեր միությունը»:
Verified by MonsterInsights