February 25, 2024

Ռուսաստանի՝ Հայաստանի դեմ «հաղթանակը»․ Ըստ պրոպագանդոնի՝ Հայաստանը թշնամի է

Փայլուն, ներկայանալի դիվանագետից շարքային պրոպագանդոն․ Լավրովի կարիերային նման «էվոլյուցիան» անխուսափելի էր այն բանից հետո, երբ ընդունվեց եւ Հայաստանի դեմ կիրառվում է նրա անունով ցեղասպան պլանը եռակողմ կրկեսի նողկալի տեսարաններով։ Պլանն արտահայտում է Կովկասից հեռանալու մասին 2014-2015 թվականներին ՌԴ վերնախավի որոշումը:

Կովկասից Ռուսաստանի հեռանալուց առաջ Հայաստան չպետք է մնա։ Ռուսաստանի ետքաշման տեմպը որոշվում է Հայաստանի ոչնչացման արագությամբ։ Հայաստանը էքզիստենցիալ՝ գոյութենական սպառնալիք է Ռուսաստանի համար, որը ենթակա է ոչնչացման՝ սա է լավրովյան պլանի իմաստը։ Հայաստանում ռուսական ռազմական, տնտեսական եւ այլ ներկայության իմաստը նույնպես՝ թույլ չտալ Հայաստանի ապաշրջափակումը, անվտանգության, տնտեսության եւ այլ ոլորտների դիվերսիֆիկացիան, երկրի բնականոն զարգացումը, ինչպես նաեւ պահել դրածո ռեժիմների կայունությունը։

Հայաստանյան լայնածավալ ագենտուրան՝ նիկոլ-ռոբասերժ տանդեմը, մեդիա-քաղաքագիտության 99 տոկոսը, տարբեր մաստի «վերկուսակցական» միավորումները սպասարկում են ռուսական այս ծրագրերը՝ Կրեմլի կոյուղատարներից նետված թեզերով ապակողմնորոշելով հանրությանը եւ ներքին պայքարի նողկալի տեսարաններ բեմադրելով։

Սրանց մասնակցությամբ բեմադրության վերջին արարը «դեպի Արեւմուտք Հայաստանի թեքվելու» իմիտացիան էր, որը Մոսկվային պետք է Հայաստանի ոչնչացման ծրագրերի ավարտական փուլի «թողության» համար։ Այն ամբողջացավ պրոռուսական բլոկների տարեվերջյան սխոդկային իրենց ագենտի մասնակցության շուրջ «հաղթական» բեմադրությամբ։

Մեռնող Ռուսաստանը նշում է իր «հաղթանակը» Հայաստանի հանդեպ․ ամենակարեւորը, միակն ու վերջինը։ Հանուն դրա Մոսկվան պատրաստ է ամեն ինչի։ Դա ռուսական պետության գոյության, ավելի ճիշտ գոյությունը հորդայում ձգելու խնդիր է։

Զարմանալի չէ, որ Լավրովը տարեվերջյան բացառիկ հարցազրույց է տալիս հենց Հայաստանի թեմայով։ Մի քանի մեջբերումներ ենք ներկայացնում կեղծիքի, մառազմի, ստորության, սպառնալիքների ու ծակ-գողական ատմազկաների այդ ամբողջությունից․

«Հայաստանն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ։ Ավելին, դրանք հնարավոր չի լինի կանգնեցնել արեւմտյան խաղացողների օգնությամբ։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ձգտում խաղաղություն և կայունություն հաստատել հանրապետությունում և ամբողջ Հարավային Կովկասում»։

«Հայաստանի համար ծանր իրավիճակից ելքը ակնհայտ է՝ ամենաբարձր մակարդակով իրականացնել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»։

«Հուսով եմ, որ Երևանը գիտակցում է, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացումը հանգեցնում է ինքնիշխանության կորստի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում»։

«Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ մասնակցել է մի քանի տասնյակ միջոցառումների։ Հանրապետությունը շարունակում է արդիականացնել իր զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, իսկ նրա զինվորական անձնակազմը վերապատրաստում է անցնում Հյուսիսատլանտյան բլոկի որոշ նահանգներում։ Սա չի կարող մեզ չանհանգստացնել։ Մենք բազմիցս հրավիրել ենք մեր հայ գործընկերների ուշադրությունը, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելն է և «բաժանիր, որ տիրես» սխեմայի համաձայն մանիպուլյացիաների համար պայմաններ ստեղծելը»։

«Ցավոք, պաշտոնական Երեւանը Մոսկվայի հետ ժամանակի փորձարկված դաշինքը փոխանակում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ միայն անորոշ խոստումների հետ»։

«Ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար»։

«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները մենք վնասակար ենք համարում։ Այնտեղ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով, առաջին հերթին, ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր նպատակի վրա։ Ռուս զինվորականները առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»։

«Հենց ռուս-հայկական կապերի կայուն և համակարգված զարգացումն է, որը համապատասխանում է երկու պետությունների ժողովուրդների հիմնարար շահերին, որոնք ունեն ընդհանուր արժեքներ և միասնական մշակութային օրենսգիրք»։

Որն է ռուսական քարոզչության էությունը՝ այլոց վերագրվում է այն, ինչ անում է ինքը Ռուսաստանը։ Այդ քարոզչությունը պարզապես ինքնախոստովանություն է։ Լավրովն ու իր խոսնակը դրա առաջամարտիկներն են։ Լավրովի այս բացառիկ հարցազրույցից սակայն էականը հետեւյալ մասն է, որը Հայաստանի վերացման ռուսական ծրագրերի համար Նիկոլի ընծայած ատմազկան է․

«Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները ժամանակավոր են և կլուծվեն, եթե լինի կամք»:

Կամք չկար, դրա համար էլ Հայաստանը, ենթարկվելով Արեւմուտքի սուտ հորդորներին, կործանվեց՝ հայ-ռուսական հարաբերությունների եւ Կովկասից հեռանալու «ամփոփիչ» այս նախադասության համար է Ռուսաստանը նախաձեռնել 2020-ի ռազմական արշավը եւ «կարգավորման» եռակողմ ձեւաչափը, ձեւավորել նիկոլ-ռոբասերժ խորհրդարանը, իր ագենտ Նիկոլի «խաղաղության խաչմերուկը»։

Հայ ժողովուրդը դեռ հնարավորություն ունի ճանապարհել Ռուսաստանին եւ նրա ագենտուրային՝ խորտակելով արյունոտ խաղը։

Verified by MonsterInsights