February 24, 2024

Տրանսպորտից օգտվելու մեկանգամյա հնարավորություն չի լինելու, կանգառներում լուսացույցները կտեղադրվեն․ Ավինյան

Դեկտեմբերի 29-ի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիս էր հրավիրել Երևանին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որտեղ ի մասնավորի ներկայացրեց ավարտվող այս տարում կատարված աշխատանքները ու պատասխանեց լրագրողներիս հարցերին։

Հաջորդ տարի ևս 200 ավտոբուս կներմուծվի Երևան և կամբողջականացվի տրանսպորտային համակարգի բարեփոխումը։ Մենք ճանապարհ պետք է ընտրենք՝ տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին, թե մեքենաներին։ Մենք պետք է այնպես անենք, որ մարդիկ, որոնք երթևեկում են հանրային տրանսպրոտով, ունենան հարմարավետություն ու մատչելիություն․ «Տրանսպորտից միանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու: Լինելու է, այսպես ասած, «մի քանի տեղ փոխող» տոմս, լինելու է մեկ օրվա տոմս, լինելու է մեկ շաբաթվա տոմս, մեկ ամսվա տոմս, տարեկան տոմս, նաև՝ 1-2 այլ տոմսի տեսակներ: Այսինքն՝ տոմսի տեսակն է փոխվում, այլևս մեկանգամյա հնարավորություն չի լինելու: Նույնիսկ այդ մեկանգամյան մի քանի անգամյա է լինելու, այսինքն՝ հաճախակի օգտվողը տրանսպորտից մեկանգամյա տոմս երբևէ չի գնելու, բազմանգամյա օգտագործման տոմսեր է գնելու։ «Երկարաժամկետ տոմսային պրոդուկտի դեպքում մարդը տարբերություն չի տեսնելու օգտագործման առումով, այսինքն՝ մարդիկ, որոնք հաճախակի են օգտվում տրանսպորտից, էական չի լինելու տարբերությունն իրենց համար»:

Տիգրան Ավինյանի խոսքով՝ «քաղաքը ռեզինից չէ», ուստի հստակ քայլեր են մեկնարկել․ «Զարգացնում ենք հանրային տրանսպորտը, ավելացնում ենք գծերը՝ նաև ի հաշիվ կարմիր կամ դեղին գծերի։ Տրանսպորտից մեկանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու։ Լինելու են տարբեր տեսակի տոմսեր, այդ թվում՝ մի քանի անգամյա, մեկօրյա և այլն»։ Դեռևս սակագնային փաթեթները ամբողջացված չեն։

Պարոն Ավինյանը համաձայն չէր այն մոտեցման հետ, որ պետք է սկզբից կառուցել ավտոկայանատեղիներ, նոր ավտոբուսներ բերել, որից հետո միայն թանկացնել «կարմիր գծերը»․ «Տրանսպորտի գրագետ աշխատանքը կազմակերպելու համար մենք այլընտրանք չունենք, քան որոշակի սահմանափակումներ մտցնել անհատական մեքենաների համար։ Եթե քաղաքային իշխանությունը հինգը տարի առաջ կատարեր այս փոփոխությունները, միգուցե քաղաքը նման գերբեռնված վիճակում չլիներ»։

ՄԻՏՔ․am-ի հարցերին, թե Տրանսպորտի հնարավոր թանկացման փաթեթներին զուգահեռ, առաջ կամ հետո արդյոք պատրաստվում եք Երևանի կանգառներում լուսացույցներ տեղադրել, որտեղից քաղաքացիները կտեղեկանան ավտոբուսների ժամանման րոպեների մասին, թե մնալու ենք Յանդեքս քարտեզզի հույսին, ի դեպ, այն որքանով է անվտանգ, Տիգրան Ավինյանը խոստացավ, որ այո, տեղադրելու են էլեկտրոնային ցուցատախտակներ, որոնց վրա հստակ գրվելու են, թե քանի րոպեից է կոնկրետ համարի տրանսպորտը գալու։ Եկող տարվա հենց սկզից մեր քաղաքացիները կտեսնեն դրանք, որը իրականացվելու է քաղաքապետարանի ծրագրով, երկար – բարակ բանակցեցինք, փորձեցինք հասկանալ, հնարավոր է մասնավորին ներգրավել, թե՝ ոչ ու հասկացանք, որ ճիշտը Երևանի քաղաքապետարանի միջոցներով իրականացնելն է։

Իսկ մեր այն հարցին, թե Ակադեմիական քաղաքը Երևանի վարչական տարածքում է արդյոք կառուցվելու, և եթե այո, ապա հնարավոր է մայրաքաղքը իր մեջ ներառի նաև Քասախ համայնքը, պարոն Ավինյանն ասաց, որ այո, մասամբ Երևանի վարչական տարածքում է կառուցվելու, որտեղ լինելու են և ավտոճանապարհներ, և մետրոպոլիտենի կայարան են նախատեսում։ Այդտեղ բավական ինտենսիվ աշխատում ենք և ՀՀ կառավարության, և այն թիմի հետ, որը հենց նախագծման գործընթացով է զբաղվում։

Շինարարության թույլտվության երկարաձգման մասին խոսելիս Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ բավականին մեծ տուրքեր են սահմանել, որոնք նախատեսվում են հենց այդ դեպքերի համար․ «Կառուցապատողների տեսանկյունից բավականին ծանր որոշումներ ենք կայացրել։ Վերջին նիստում կայացված որոշումները շատ են խստացնում կառուցապատման վերահսկողությունը, իրենք ստիպված են լինելու բոլոր նորմերին համապատասխան իրականացնել կառուցապատումն ու իրենց ժամկետների մեջ մնալ։ Հուսով եմ, որ այս նոր տուրքերը որոշ չափով կզսպեն Երևանում կառուցապատման ծավալներն ու կառուցապատումը որոշակիորեն կտեղափոխեն Երևանից դուրս»։

Երևանի մանկապարտեզներում «Տեր Թոդիկի» մեթոդներով ուսուցումը, ըստ Երևանի քաղաքապետի, պետք է բացառվի։ Նա ասաց, որ եկող տարի վերանայելու են մանկապարտեզների անձնակազմների աշխատավարձերը՝ խրախուսելով, որ նրանք ատեստավորվեն։ Քննարկվում է նաև մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման հարցը, որը հնարավոր է՝ իրականացվի։

Աջափնյակի մետրոյի ու հարակից կայարանների վերաբերյալ Երևանի քաղաքապետը հայտարարեց, որ արդեն ունեն ամբողջական նախագիծը, որը գտնվում է համալիր փորձաքննության փուլում․ «Արդեն իսկ իրական նախագիծ ունենք նոր մետրոյի կայարանի, որի շինարարությունը 2024-ից պետք է մեկնարկի»։

Երևանում օդի աղտոտվածության մասին խոսելիս քաղաքապետը նշեց, թե վերջին շրջանում 35 հեկտար նոր անտառ են տնկել՝ Եռաբլուրի լանջին և այլուր, պատրաստվում են խիտ անտառ ձևավորել նաև Մոնթե Մելքոնյան փողոցի հարակից հատվածում, Երևան Պարկի մոտ։

Տիգրան Ավինյանը մասնավորեց, որ մի քանի օրից սկսվող եկող տարի կակռուցվեն Նորք Մարաշը Կենտրոնին կապող ճանապարհը և այլք, հետաձգումները կապված են կոմունիկացիաների հետ․ «Սարալանջը կապված է խողովակաշարերի հետ, կոմունիկացիաներն ամբողջապես իրենց հետագծերը փոխում են, ուստի չենք հասցրել ավարտին հասցնել Սարալանջի ճանապարհը։ Ենթադրում ենք, որ գարնանը ճանապարն ամբողջապես պատրաստ կլինի։ Այդտեղ ունեցել ենք որոշակի թերություններ նախագծում։ Հիմա այն վերանախագծվել է։ Ունեինք խնդիրներ որոշակի գույքերի օտարման հետ կապված, այսինքն՝ որոշակի գույքեր պետք է օտարվեն, որ ճանապարհի համապատասխան լայնությունը կարողանանք ապահովել»։

Verified by MonsterInsights