February 25, 2024

Սուֆիստական առակներ և պատմություններ

Մեր կյանքի մասին

Մի անգամ մի իմաստուն, իր աշակերտների առաջ կանգնած, հետևյալ բանն արեց: Նա վերցրեց մի մեծ ապակե աման և պռնկեպռունկ այն մեծ քարերով լցրեց: Այդ անելով` նա աշակերտներին հարցրեց` արդյո՞ք ամանը լիքն է: Բոլորը հաստատեցին, որ լիքն է: Այնժամ իմաստունը վերցրեց փոքրիկ քարերով տուփը, լցրեց այն ամանի մեջ և մի քանի անգամ թեթևակի թափահարեց այն: Քարերը լցվեցին մեծ քարերի արանքները և գրավեցին բաց տեղերը: Այնուհետև նա նորից հարցրեց աշակերտներին, թե արդյո՞ք հիմա ամանը լիքն է: Նրանք դարձյալ հաստատեցին` փաստ է, որ լիքն է: Եվ, ի վերջո, իմաստունը սեղանի վրայից վերցրեց ավազով տուփը և այն շաղ տվեց ամանի մեջ: Ավազն իհարկե լցրեց վերջին ծակուծուկերն ամանի մեջ: «Հիմա,- դիմեց իմաստունն աշակերտներին,- ես կկամենայի, որպեսզի դուք կարողանայիք ճանաչել այս ամանի մեջ ձեր կյանքը: Խոշոր քարերն արտացոլում են կարևոր բաները կյանքում` ձեր ընտանիքը, ձեր սիրելի մարդկանց, ձեր առողջությունը, ձեր երեխաները` այն բաները, որոնք, եթե նույնիսկ մնացյալը չլիներ, դեռևս կարող են լցնել ձեր կյանքը:

Փոքրիկ քարերը ներկայացնում են պակաս կարևոր բաները, այնպիսիք, ինչպիսին, օրինակ, ձեր աշխատանքն է, ձեր բնակարանը, ձեր տունը կամ ձեր կառքը: Ավազը խորհրդանշում է կենաց մանրուքները, առտնին վազվզուքը:

Իսկ եթե դուք ձեր ամանը սկզբում ավազով լցնեք, ապա առավել մեծ քարերի համար այլևս տեղ չի մնա: Այդպես է և կյանքում` եթե դուք ձեր ողջ էներգիան ծախսեք մանր բաների վրա, ապա մեծ բաների համար ոչինչ չի մնա:

Ուստի ամենից առաջ ուշադրություն դարձրեք կարևոր բաներին, ժամանակ գտեք ձեր երեխաների և սիրելիների համար, հետևեք ձեր առողջությանը: Ձեզ մոտ դեռ բավական ժամանակ կմնա աշխատանքի, տան, տոների և մնացյալ բոլոր բաների համար: Հետևեք ձեր մեծ քարերին` միայն դրանք գին ունեն, ողջ մնացյալը` լոկ ավազ է:

Հայելային աշխարհը

Николай Носов. Бобик в гостях у БарԱշակերտը դերվիշին հարցրեց.

– Ուսուցիչ, արդյո՞ք աշխարհը մարդու համար թշնամական է: Թե՞ այն մարդուն բարիք է բերում:

– Ես քեզ կպատմեմ մի առակ այն մասին, թե ինչպես է աշխարհը վերաբերվում մարդուն,- ասաց ուսուցիչը:

«Վաղուց, շատ վաղուց ապրում էր մի մեծ շահ: Նա հրամայեց մի հիանալի պալատ կառուցել: Այնտեղ բազում հիասքանչ բաներ կային: Բոլոր մյուս տարաշխարհիկ բաներից զատ, այնտեղ կար մի դահլիճ, ուր բոլոր պատերը, առաստաղը և նույնիսկ հատակը հայելային էին: Հայելիներն արտասովոր պարզ էին, և այցելուն միանգամից չէր հասկանում, որ իր առջև հայելի է, այնքան որ ճշգրիտ էին դրանք արտացոլում առարկաները: Բացի այդ, այդ դահլիճի պատերն այնպես էին սարքված, որպեսզի արձագանք ստեղծեն: Հարցնում ես` «Ո՞վ ես դու», և լսում ես ի պատասխան տարբեր կողմերից` «Ո՞վ ես դու, ո՞վ ես դու, ո՞վ ես դու»:

Մի անգամ դահլիճ ներս վազեց մի շուն և զարմացած կենտրոնում քարացավ` շների մի ամբողջ ոհմակ բոլոր կողմերից շրջապատել էր նրան, վերից ու վարից:
Շունը, համենայնդեպս, ատամները կրճտացրեց, և բոլոր արտացոլանքները նրան նույնկերպ պատասխանեցին: Լրջորեն վախեցած` շունը հուսահատ հաչեց:
Արձագանքը կրկնեց նրա հաչոցը:

Շունն ավելի ու ավելի բարձր էր հաչում: Արձագանքը հանգիստ չէր թողնում: Շունը դեսուդեն էր ցատկում` կծելով օդը, նրա արտացոլանքները նույնպես դես ու դեն էին թռչում` ատամները կրճտացնելով: Առավոտյան ծառաները գտան դժբախտ շանն անշնչացած, սատկած շների միլիոն արտացոլանքներով շրջապատված:

Դահլիճում չկար մեկը, ով կարող էր նրան դե թեկուզ ինչ-որ վնաս տալ:

Շունը զոհվեց` մարտնչելով իր սեփական արտացոլանքների դեմ»:

– Հիմա դու տեսնում ես,- ավարտեց դերվիշը,- աշխարհն ինքնին ոչ բարիք և ոչ էլ չարիք է բերում: Այն անտարբեր է մարդու հանդեպ: Մեր շրջապատում տեղի ունեցող ամեն բան ընդամենը մեր իսկ մտքերի, զգացողությունների, ցանկությունների, արարքների արտացոլքն է: Աշխարհը` դա մեծ հայելի է:

Ձուկն ու օվկիանոսը

Arakner (1)Օվկիանոսում կար-չկար մի ձուկ: Սովորական մի ձուկ: Միայն թե մի անգամ նա չափազանց շատ լսեց Օվկիանոսի մասին և որոշեց, որ պիտի իր կյանքի բոլոր ուժերը վատնի, բայց ընկնի այնտեղ:

Ձուկը սկսեց դիմել տարբեր իմաստունների, և թեպետ նրանցից շատերը բան չունեին ասելու, նրանք զանազան տափակ բաներ էին ասում, որպեսզի պահպանեին իրենց «գուրու» լինելու հեղինակությունը:

Այսպես, մի իմաստուն ձուկ ասաց, որ Օվկիանոս հասնելը շատ ու շատ դժվար է: Դրա համար սկզբում պիտի կիրառես ութանիստ ուղու, որ անխտիր ներազդում են ձկների լողաթևերի վրա, որոշակի դիրքերն ու շարժումները:

Մի այլ ձուկ-գուրու ուսուցանում էր, որ ուղին առ Օվկիանոս հնարավոր է լոկ պայծառատես ձկների աշխարհի հիմքերը հետազոտելու միջոցով: Երրորդը սովորեցնում էր, որ Օվկիանոսի ըմբռնումը շատ ու շատ բարդ է, և միայն շատ քիչ ձկներ են երբևէ հասել դրան: Միակ ճանապարհը` դա անընդհատ «Ռամ-ռամ-ռամ» մանթրան կրկնելն էգ», և միայն այդժամ կբացվի Օվկիանոս տանող ճանապարհը: Եվ մի անգամ տարակերպ խրատներից պարտասած ձուկը լողաց դեպի ջրիմուռների մացառները: Եվ այնտեղ նա հանդիպեց միանգամայն աննկատ սովորական մի ձկան: Լսելով դժվարին փնտրտուքների մասին, նա այսպես էր ուսուցանում ձուկ-որոնողին` Օվկիանոսը, որ դու փնտրում ես, միշտ եղել է, կա և կլինի քո կողքին: Այն միշտ կերակրում, պահպանում, շրջապատում է իր բնակիչներին: Եվ դու էլ Օվկիանոսի մի մասն ես, և դու` նրա սիրելի մասն ես:

Իսկ բոլոր ձկները` դա այդ մեծ Օվկիանոսի ալիքներն են:

Երջանկության գաղտնիքը

Arakner (4)Մի առևտրական իր որդուն ուղարկեց իմանալու Երջանկության Գաղտնիքը բոլոր մարդկանցից ամենաիմաստունից: Պատանին քառասուն օր գնում էր անապատով և, վերջապես, մոտեցավ լեռան կատարին կեցած հիասքանչ պալատին: Այնտեղ էլ հենց ապրում էր իմաստունը, ում նա փնտրում էր: Սակայն իմաստուն մարդուն տեսնելու ակնկալելի հանդիպման փոխարեն` մեր հերոսն ընկավ մի դահլիճ, ուր ամեն ինչ եռեփվում էր` առևտրականները ելումուտ էին անում, անկյունում մարդիկ էի խոսում, փոքրիկ նվագախումբը քաղցր մեղեդիներ էր նվագում, և այդ դահլիճում կերակուրներով մի սեղան էր դրված: Իմաստունը զրուցում էր զանազան մարդկանց հետ, և պատանին ստիպված եղավ մոտ երկու ժամ սպասել իր հերթին: Իմաստունն ուշադիր լսեց պատանու բացատրություններն իր այցի նպատակի մասին, բայց ի պատասխան` ասաց, որ ինքը ժամանակ չունի, որպեսզի նրա համար բացահայտի Երջանկության Գաղտնիքը: Եվ առաջարկեց շրջել պալատով և մի երկու ժամից նորից գա:

– Սակայն ես ուզում եմ խնդրել մի սիրալիրության մասին,- հավելեց իմաստունը` պատանուն երկարելով մի փոքրիկ գդալ, որի մեջ նա երկու կաթիլ յուղ էր կաթեցրել:

– Զբոսանքի ժամանակ այդ գդալը ձեռքիդ մեջ պահիր այնպես, որպեսզի յուղը չթափվի:
Պատանին սկսեց պալատի աստիճաններով վերուվար անել` աչքը գդալից չկտրելով: Երկու ժամից նա վերադարձավ իմաստունի մոտ:

– Դե ի՞նչ,- հարցրեց նա,- դու տեսա՞ր պարսկական գորգերը, որ գտնվում են իմ հյուրասենյակում: Դու տեսա՞ր զբոսայգին, որ գլխավոր պարտիզպանը ստեղծել է տասը տարում: Դու նկատեցի՞ր հիասքանչ մագաղաթներն իմ գրադարանում:
Պատանին շփոթահար պիտի խոստովաներ, որ ինքը ոչինչ չի տեսել: Նրա միակ հոգսը յուղի կաթիլները չթափելն էր, որը նրան վստահել էր իմաստունը:

– Դե ինչ, վերադարձիր և ծանոթացիր իմ տիեզերքի հրաշքներին,- ասաց նրան իմաստունը:

– Չի կարելի վստահել մարդուն, եթե ծանոթ չես տանը, որում նա ապրում է:
Հանգստացած` պատանին վերցրեց գդալը և դարձյալ գնաց պալատով մեկ շրջելու, այս անգամ ուշադրություն դարձնելով պալատի պատերի և առաստաղի վրայի արվեստի ստեղծագործություններին: Նա տեսավ լեռներով շրջապատված այգիները, նրբագույն ծաղիկները, նրբաճաշակությունը, որով յուրաքանչյուր արվեստի ստեղծագործություն զետեղված էր հենց այնտեղ, ուր որ հարկն էր: Վերադառնալով իմաստունի մոտ` նա մանրամասն նկարագրեց այն ամենը. ինչ տեսել էր:

– Իսկ ո՞ւր է այն երկու կաթիլ յուղը, որ ես վստահել էի քեզ,- հարցրեց Իմաստունը:
Եվ պատանին, նայելով գդալին, հայտնաբերեց, որ ողջ յուղը թափվել էր:

– Ահա սա այն միակ խորհուրդը, որ ես կարող եմ տալ` Երջանկության Գաղտնիքն այն է, որ նայես աշխարհի բոլոր հրաշքներին, ընդ որում, երբեք չմոռանալով քո գդալի միջի երկու կաթիլ յուղի մասին:

Ընկերները

Կար-չկար, երկու հարևան կար: Եկավ ձմեռը, ձյուն տեղաց: Առաջին հարևանը բահը ձեռքին ելավ տան առաջ լցված ձյունը մաքրելու: Քանի դեռ ճանապարհի ձյունն էր մաքրում, նայեց, թե ինչն ինչոց է հարևանի մոտ: Իսկ հարևանի մոտ` մաս-մաքուր ճանապարհ է:

Հաջորդ առավոտ դարձյալ ձյուն տեղաց: Առաջին հարևանը կես ժամ շուտ ելավ, անցավ աշխատանքի, նայում է` իսկ հարևանի ճանապարհն արդեն մաքրված է:

Երրորդ օրը մինչև ծունկը ձյուն մաղեց: Հարևանն էլ ավելի վաղ զարթնեց, ելավ կարգի բերելուգ Իսկ հարևանի ճանապարհն ուղիղ է, ուղիղ` պարզապես հրաշք:

Այդ օրը նրանք հանդիպեցին փողոցում, դեսից-դենից խոսեցին, և ահա առաջին հարևանը հենց էնպես հարցնում է.

– Լսիր, հարևան, իսկ դու ե՞րբ ես հասցնում տան առաջ եղած ձյունը մաքրել:
Երկրորդ հարևանը սկզբում զարմացավ, իսկ հետո ծիծաղեց.

– Դե ես այն երբեք չեմ մաքրում, պարզապես ինձ մոտ միշտ ընկերներ են գալիս:

Աղոթք անձրևի համար

Պատմում են, որ այն վայրում, որ կոչվում էր Կասր ալ-Արիֆին, մի անգամ երաշտ եղավ: Եվ մարդիկ եկան Վարպետ Բահադդին Նաքշբանդի մոտ` խնդրելով նրան աղոթել անձրևի համար:

Եվ նա դուրս բերեց նրանց փողոց և տարավ նրանց փողոցով, և քարշ էր տալիս նրանց փողոցներով, մինչև որ գտավ մի կնոջ, որ իր ձեռքերի վրա մի երեխայի դայակություն էր անում:

«Ես քեզ խնդրում եմ, կերակրիր քո երեխային» – ասաց Վարպետը:
«Ես ինքս գիտեմ` ե՞րբ կերակրեմ և ե՞րբ չկերակրեմ նրան,- ասաց կինը,- որովհետև դա իմ երեխան է: Ինչո՞ւ ես դու քիթդ խոթում այն գործի մեջ, որից բան չես հասկանում»:
Բահադդինը կարգադրեց գրի առնել կնոջ խոսքերը և հրապարակավ դրանք կարդալ:

Մովսեսի անհպատակությունը

Ինչպես գրում է Աբու-Թալիբ Մակին, Մովսեսը, մեծ մարգարեն, պատմում էր, թե ինչպես կարողացավ ընդլայնել իր ըմբռնողության աստիճանն առանձին կռահումներից և ենթադրություններից` մինչև ճիշտ և հստակ հեռանկարը:

Մովսեսը գամված էր անկողնուն, և թեպետ զանազան բժիշկներ նրան միջոցներ էին առաջարկում նրա հիվանդությունից, նա բոլորին մերժեց` ապավինելով Աստծուն: Սակայն Տերն` ինքը, ինչպես ասում են, հրամայել էր Մովսեսին դեղից օգտվել, ընդ որում, ասելով. «Հրաժարվելով դեղերից, դու կասկածի տակ ես դնում նրա իմաստությունը, ով դրանք բուժիչ հատկություններով է օժտել»:

Ահա թե ինչու է ասվում` «Հավատա Աստծուն, և ուղիդ գիշերով կապիր»:

Եթե դու դա չես անում, ապա ընդհանրապես ինչի՞ն է պետք այնպիսի մի բան, ինչպիսին ուղտի թոկն է»:

Հազրատ Բահաադդին Նաքշբանդը մի անգամ այդ առթիվ ասաց. «Եթե թառամող տերևն իր երևույթով քեզ ասում է այն մասին, որ բույսը ջրվելու կարիք ունի, ապա, քանի որ դու կարող ես դա անել, դա էլ հենց քո պարտքն է, և տերևի այդ «խոսքերն» այլ բան չեն, քան Տիրոջ հրամանքն անձամբ քեզ: Եվ եթե դու էլի ինչ-որ բան ես սպասում, ինքդ քեզ հարցրու, եթե քո և Տիրոջ միջև կա շփման միջոց, արդյո՞ք դա այն բանի համար է, որ քամահրես»:

Թույնի վերածումը դեղի

Arakner (1)Բիստամ քաղաքում մի ժամանակ երկու մեծատոհմիկ էին ապրում, որ հին թշնամության պատճառով միմյանց ատում էին: Սակայն այնպես պատահեց, որ նրանք երկուսն էլ կամեցան ուսանել մարդկային բնության ու ճակատագրի գաղտնիքները միևնույն մարդու` հայտնի իմաստուն Ալի Բեգի ղեկավարությամբ: Սակայն Բեգը, մինչ նրանց ընդունելը, նրանց ուղարկեց մեկ այլ իմաստունի` Իբն Խամզայի մոտ, ով ապրում էր ոչ շատ հեռու, և դիմեց երկու մեծատոհմիկներին ընդունելու խնդրանքով և ասաց, որ իր անունից նրանց հետ խոսի: Բայց նրանցից յուրաքանչյուրը հրաժարվում էր Իբն Խամզայի հետ հանդիպել:
«Ես ուզում եմ արմատի առաջ չոքել, այլ ոչ թե ճյուղի»,- ասաց առաջինը: Երկրորդն ասաց. «Իբն Խամզան ինձ համար ոչինչ է»:

Եվ ահա Իբն Խամզան սկսեց վատ լուրեր տարածել երկու «առ պայծառատեսություն հակված թեկնածուների» մասին: Մի քանի ամիս անց, բոլոր կողմերից գեշ լուրերով պատված, որոնց հետքն անկասկած տանում էր Իբն Խամզայի մոտ, երկու ազնվականներն իրենց վիրավորված զգացին, և մոռանալով հին վիրավորանքները` ներխուժեցին Իբն Խամզայի տուն, զայրույթով ու ցասումով լի, լիովին մոռացած մարդկային բնույթի և ճակատագրի իրենց որոնումների մասին:

«Արդյո՞ք քեզ հայտնի է, օ ողորմելի որդ, թե ինչու ենք մենք եկել քո տուն»,- գոչեցին նրանք` Իբն Խամզային տեսնելով:

«Անշուշտ գիտեմ,- պատասխանեց Իբն Խամզան,- դուք եկել եք` առաջին հերթին, որովհետև Ալի Բեգն ուզում էր ձեզ ցույց տալ, թե որքան մանրապճեղ և անպետք է միմյանց հանդեպ ձեր «խորունկ» հակակրանքը:

Երկրորդ, որովհետև դուք պիտի ցուցադրեիք, թե ինչ հեշտ է մակերեսային զգացմունքները ղեկավարելը, ստիպելով ձեզ գալու այստեղ, թեև ձեզնից յուրաքանչյուրը հաստատ որոշել էր դա չանել:

Երրորդ, թեպետ և դուք չենթարկվեցիք Ալի Բեգի հրահանգներին, արժե, որ դուք իմանաք, որ որոշ ցանկություններ պիտի մինչև վերջ հասնեն:
Չորրորդ, դուք այստեղ այն բանի համար եք, որպեսզի դառնաք, թեպետ և ակամա, բայց ուսուցիչներն այն մարդկանց, որ ներկա են այստեղ:
Հինգերորդ, Ալի Բեգին և ինձ պետք էր տեղաբնակներին, որ սիրում են կասկածել և լուրեր տարածել, համանման այն լուրերին, որ ես տարածել էի ձեր մասին, ցույց տալ, որ սրտի մարդիկ` սովորական ավար չէ նրանց համար, որ իրենց կործանարար սովորույթները կարող են ուղղվել հենց իրենց դեմ:

Եվ, ի վերջո, վեցերորդ, դուք այստեղ եք, որովհետև գալիք իրադարձությունների, փաստերի և մեկնաբանությունների հաջորդականության մեջ ես տեսնում եմ թույնի վերածումը դեղի, և զենքի վերածումն անգին գործիքի»:

Փղի միսը

Իբրահիմ Խավասը, ըստ քրիստոնեական թվագրության` 10-րդ դարի սուֆիստը, պատմում էր այս պատմությունը, որպեսզի ստուգի սուֆիզմ ուսումնասիրողների ըմբռնման աստիճանը:
«Մի քանի սուֆիստների ընկերակցությամբ ես նավարկում էի ծովով, մեկ էլ հանկարծ նավաբեկություն եղավ, և ես մի քանի ընկերներով հազիվ կարողացան հասնել հեռավոր ափ: Մենք չգիտեինք, թե որտեղ ենք մենք հայտնվել, բացի այդ, մենք անգամ փշուր հաց չունեինք:
Երևի թե մենք բոլորս կործանվեինք, որովհետև օրերն անցնում էին, և մենք ոչ մի տեղից օգնություն չէինք ստանում: Մենք քննարկեցինք մեր վիճակը և որոշեցինք, որ մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ բարի բան անելու կամ չար բանից ետ կենալու որոշում կընդունի:

Այսպիսով, մտածում էինք մենք, մեր անկեղծությունը կարող է մեր փրկության միջոցը լինել:
Եվ ահա ամեն մեկն արտաբերեց իր երդումը` մեկը երդվում էր, որ այսօրվանից ինքը սկսում է պահքը, մյուսը խոստանում էր ամեն օր ավելի շատ աղոթել, քան այլ մեկը, երրորդը խոստանում էր ոտքով ուխտագնացություն կատարել: Յուրաքանչյուրը խոստացավ հրաժարվել ինչ-որ ցանկություններից կամ ինչ-որ բան անել, ինչը որ պահանջում է կրոնը:
Եվ ահա հերթը հասավ ինձ, և բոլորն ինձ հարցրին, թե ե՞ս ինչ կասեմ իմ հերթին: Ես արդեն պատրաստվում էի արտաբերել իմ երդումը, մեկ էլ հանկարծ գլխումս մի միտք ծագեց, և ես, առանց խորհրդածելու, ասացի. «Ես փղի միս չեմ ուտի»: Բոլորը սկսեցին գոռգոռալ իմ վրա. «Հիմա կատակի ու թեթևսոլիկության ժամանակը չէ: Մենք կենաց ու մահվան սահմանագծին ենք»:

Ես պատասխանեցի. «Երդվում եմ Աստծով, ես ոչ դա նկատի ունեի, և ոչ էլ մյուսը: Քանի դեռ դուք խոսում էիք, ես մտածեցի բոլոր այն լավ բաների մասին, որ ես կարող եմ անել, և նաև վատերի, որոնցից ես կարող եմ հրաժարվել, բայց ինչ-որ բան ինձ ետ պահեց այն բանից, որպեսզի ընտրեմ դրանցից մեկը: Այն, ինչ ես ասացի, եկավ ինքնաբերաբար, առանց խորհրդածելու, և ես հավատում եմ, որ դա աստվածային իմաստությունն էր խոսում իմ շուրթերով»:

Մենք որոշեցինք խորանալ ափի խորքերը, և, պայմանավորվելով, որ այն ամենը, ինչ գտնվի` հավասար կբաժանվի, մենք` նշանակելով հանդիպման վայրը, ճամփա ընկանք: Եվ շուտով իմ ընկերները նկատեցին մի փղի ձագի և որոշեցին, որ նրա միսը մեզ լիովին բավական է, որպեսզի սովից չմահանանք:

pixՓղին սպանեցին և նրա միսը խարույկի վրա սարքեցին: Թեև ինձ շատ անգամներ առաջարկեցին կիսել իրենց հետ սնունդը, ես հրաժարվեցի` ասելով. «Դուք բոլորդ վկան ենք այն բանի, թե ինչպես ես երդվեցի հենց դրանից ետ կենալ: Հնարավոր է, որ Աստված այդ երդումն իմ շուրթերին դրեց այն բանի համար, որ ես մեռնեմ, բայց ես ամեն դեպքում չեմ կարող այն խախտել»:
Եվ ահա, երբ բոլորը կերան և պառկեցին քնելու, մենք արթնացանք կատաղած փղի փողի ձայն հիշեցնող ձայնից: Վիթխարի կենդանին խուժում էր մեր վրա, և նրա դոփյունից հողը տարուբերվում էր: Սարսափած մենք փռվեցինք գետնին, լիովին համոզված, որ բոլորս էլ կործանվելու ենք:

Մեզանից յուրաքանչյուրը սկսեց կրկնել աղոթքի խոսքերը, ինչպես անում է ցանկացած մարդ մահվան հանդիման: Եվ ահա փիղը, վազելով մեզ մոտ, ձգեց իր կնճիթը, և սկսեց մեզ հերթով հոտոտել, և, զգալով խորոված մսի հոտը` զայրացած տրորում էր այդ մարդուն:
Ես պառկած էի գետնին` կրկնելով իմ շախադը (հավատի սիմվոլը) մահու սարսափի մեջ:
Փիղը հոտոտեց ինձ, հետո նորից ու նորից, առավել մանրակրկիտ, քան իմ ուղեկիցներին: Հետո նա ինձ կնճիթով գրկեց, և ես մտածեցի, որ նա ինձ պատրաստվում է սպանել ինչ-որ յուրահատուկ ձևով: Բայց նա ինձ նստեցրեց մեջքին և շարժվեց, մեկ` դանդաղ քայլքով, մեկ` վազքի անցնելով: Փղի մեջքի վրա շատ կոշտ էր, բայց այդուհանդերձ իմ մեջ հույս ծագեց, որ ես շուտով կկարողանամ փախչել:
Լուսաբացին փիղն ինձ հանեց մեջքի վրայից և դրեց գետնին, որից հետո շրջվեց և կորավ այնտեղ, որտեղից հայտնվել էր: Ես այդպես էլ չհասկացա նրա արարքի պատճառը, բացի այդ, ես անընդհատ սարսափի մեջ էի: Երկրպագելով փրկությանս համար` ես գովաբանություններ և աղոթքներ հղեցի Աստծուն: Եվ երբ ես զգացի, որ արևը ելել է, ես գիտակցեցի, որ գտնվում եմ ընդարձակ ճամփեզրին: Ես քայլեցի այդ ճամփով և շուտով մի բնակելի քաղաք հասա, որտեղ էլ և պատմեցի իմ պատմությունը, և մարդիկ շատ զարմացած էին, քանի որ այն տեղը, ուր նավաբեկությունն էր եղել, այդ քաղաքից մի քանի օր հեռավորության վրա էր:

Դրանից հետո ես մի քանի օր անցկացրի այդ քաղաքում` ուժերս վերականգնելով, որից հետո ողջ և առողջ վերադարձա տուն:

Բույրը և իրականությունը

Ուսուցիչ Բահադդինը նստած էր մի անգամ, ընթրիքից հետո, նոր այցելուներով շրջապատված, ծերերի և երիտասարդների մեջ, որոնցից յուրաքանչյուրը կամենում էր նրանից մի բան սովորել: Եվ երբ ահա, վերջապես, լռություն հաստատվեց, Վարպետը թույլատրեց հարցեր տալ: «Ի՞նչն է ամենամեծ դժվարությունները հարուցում Ճանապարհին հասու լինելիս»,- հարցրին նրան:

«Մարդիկ ղեկավարվում են մակերեսային բաներով: Նրանց գրավում են քարոզները, լուրերը, պատմությունները, այն, ինչ գրավում է նրանց, ինչպես մեղուներին գրավում է ծաղկի բույրը»:
«Բայց ինչպե՞ս մեղուն գտնի ծաղիկը, եթե ոչ` բույրով, և ինչպե՞ս մարդը ճանաչի ճշմարտությունը, եթե ոչ` պատմություններով նրա մասին»:

Վարպետը պատասխանեց. «Մարդը մոտենում է իմաստությանը` հենվելով լուրերի, պատմությունների, քարոզների, գրքերի, զգացողությունների վրա: Սակայն, մոտենալով` նա սկսում է ավելի ու ավելի պահանջել նույն բանը, բայց ոչ այն, ինչը որ կարող է իմաստություն պարգևել: Մեղուները ծաղիկը գտնում են բույրով, բայց, գտնելով այն, նրանք ավելի ու ավելի բույր չեն պահանջում, նրանք հպվում են նեկտարին, որը պիտի ժողովեն: Դա իրական իմաստության համարժեքն է, բոլոր պատմություններն ու պատկերացումները նրա մասին, դա նրա բույրն է: Այսպես, մարդկանց մեջ շատ քիչ են «իսկական մեղուները»: Այնինչ բոլոր մեղուները մեղու են այն իմաստով, որ նրանք ունակ են նեկտար հավաքելու, բոլոր մարդիկ չէ, որ մարդ են` այն բանի կատարման և ընկալման առումով, որի համար նրանք ստեղծվել են:

Այնուհետև Վարպետն ասաց. «Թող որ նրանք, ովքեր եկել են այստեղ` Կասր ալ-Արիֆին. այն բանի համար, որ ինչ-որ բան են կարդացել, ոտքի կանգնեն»: Շատերը ոտքի կանգնեցին:

«Այժմ` նրանք, ովքեր եկել են այստեղ, որովհետև ինչ-որ բան են լսել մեր մասին»: Եվս մի քանի հոգի ոտքի կանգնեցին:

«Նրանք, ովքեր դեռ նստած են,- շարունակում էր Ուսուցիչը,- զգացին մեր ներկայությունը և մեր յուրահատկությունը ինչ-որ յուրատեսակ, անորսալի կերպով»:

Նրանց մեջ, ով կանգնած է, ահել թե ջահել, շատ են նրանք, ում անհրաժեշտ է, որպեսզի իրենց զգացողությունները նորիցնոր հուզեն իրենց, նրանք, ովքեր ծարավի են զվարճանքների կամ հանգստի: Որպեսզի նրանք հասկանան, թե ինչ է նրանց պետք հատկապես այստեղ, նրանք պիտի զգան գիտելիքի պահանջը, այլ ոչ թե զվարճանքների»:

Այնուհետև նա ասաց. «Այստեղ կան նաև նրանք, որոնց գրավում է առ ուսուցիչը նրա փառքն ու հեղինակությունը, և նրանք գալիս են հեռվից, որպեսզի այցելեն նրան, և կգան այցելելու նրա գերեզմանին այն բանից հետո, երբ նա մահանա, միևնույն բաներից դրդված: Մինչև որ նրանց ձգտումները չվերաձուլվեն, ինչպես ալքիմիական թորանոթում, նրանք ճշմարտությունը չեն գտնի:

Եվ վերջապես, այստեղ երևի թե կան նրանք, ովքեր եկել են ուսուցչի մոտ ոչ այն բանի համար, որ նա մեծագույն կենդանի դաստիարակներից մեկն է, և ոչ այն բանի համար, որ նրանք ուզում են այցելել նրա գերեզմանը, այլ այն բանի համար, որ զգում են ուսուցչի իսկական բնույթը: Երբևէ բոլորը կտիրապետեն այդ շնորհին»:

Զարդանախշի Վարպետը շարունակեց. «Սակայն մեր դեպքում, մարդկանց մի ամբողջ սերնդի գործը պիտի անի մի մարդ: Որպեսզի Մովսես դառնաք, դուք պիտի ստիպված լինեք հաղթահարելու ձեր Փարավոնին:

Մարդը, ում գրավում է իր ուսուցչի հեղինակությունը, պիտի փոխվի, ուրիշը դառնա: պիտի դառնա նա, ով մնում է ուսուցչի կողքին այն պատճառով, որ զգում է նրա ճշմարիտ բնույթը:

Դա է նրա Աշխատանքի ճշմարիտ իմաստը, մինչ այն պահը, երբ նա կարող է սովորել: Մինչև նա դա չհասկանա, նա ավելի շուտ դերվիշ է, քան սուֆի: Դերվիշը ծարավի է, սուֆին ընկալում է:

Հերետիկոսները

Պատմում են, որ Իմամ ալ-Գազալին մի անգամ հրավիրվել էր դատավորների ժողովի, և նրանցից ավագը նրան ասաց. «Դու գիտուն մարդ ես, ինչպես և մենք բոլորսգ շատերն են գալիս քեզ մոտ, որպեսզի դու նրանց բացատրես շարիաթի սրբազան օրենքը:
Մեզ հայտնի է դարձել, որ դու առաջարկում ես Ռամադանի սրբազան ամսին պահք չպահել: Մեզ նաև հայտնի է, որ դու մարդկանց համոզում էիր Մեքքա ուխտագնացության չգնալ: Քո մասին ասում են նաև, որ դու մարդկանց արգելում ես ասել. «Չկա Աստված` Ալլահից բացի»: Այս ամենը քո անհավատության անժխտելի ապացույցն է: Քո հեղինակությունը` ահա այն միակ բանը, ինչը որ պաշտպանում էր քեզ մինչև այսօր անհպատակության համար մահվան դատապարտվելուց:

Մարդկանց քո նմաններից հարկ է պաշտպանել»:

Գազալին հոգոց հանելով պատասխանեց. «Իսլամի սրբազան Օրենքում գրված է, որ մարդիկ, որ չեն հասկանում Օրենքը և այն, ինչ այն նշանակում է, հանցագործներ չեն և նրա դատաստանին ենթակա չեն: Դրա մեջ են մտնում երեխաներն ու թերամիտները, բայց սրանց դասին է պետք վերագրել և նրանց, ում չի բավում ըմբռնումը: Եթե մարդը պահք է պահում` չգիտակցելով, թե ինչու է դա անում, կամ ուղևորվում է ուխտագնացության, միայն այն բանի համար, որպեսզի տառապի, կամ արտաբերում է Հավատի Սիմվոլը, իսկ հավատ չունի` այդ մարդուն չի բավում ըմբռնումը, և կարիք չկա նրան քաջալերելու` շարունակելու համար այն, ինչ նա անում է, այլ հարկ է ճիշտ ուղին ցուցանել: Ձեր խոսքերով ասած, մարդկանց հարկ է պաշտպանել ձեր նմաններից, քանզի դուք նրանց քաջալերում եք ոչ առաքինությունների համար և պատժում եք ոչ հանցագործությունների համար:

Եթե մարդը ունակ չէ քայլելու, եթե նա կաղ է, արդյո՞ք դուք նրան կարգադրում եք քայլել, ինչ էլ որ լինի, թե՞ այդուհանդերձ նրան հենակներ կտաք և միջոցներ` նրա հիվանդությունը բուժելու համար:

Այդ ձեր մասին է Մարգարեն ասել, գուշակելով ձեր հայտնությունը. «Իսլամը եկավ` որպես օտար, որպես օտար էլ կգնա»: Իրաց իմաստի ընկալումը ձեր մտադրություններից, պատրաստվածությունից և ընդունակություններից անդին է: Ահա թե ինչու ձեզ այլևս ոչինչ չի մնում, քան անհպատակության համար վախեցնելը, բայց այդուհանդերձ անհպատակը ես չեմ, այլ դուք»:

Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Verified by MonsterInsights