February 22, 2024

Կախիչին ձեռք ես տալիս, ընկնում է, էլ չասեմ զուգարանի թափանցիկ ապակու մասին. Փաշինյանը՝ իրականացվող ծրագրերի մասին

Կառավարության կողմից մասնավորապես դպրոցներում իրականացվող ծրագրերում լրջագույն պրոբլեմներ եմ տեսնում:

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ դեպքերում գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ և գույքի որակի հետ կապված խոտանի հետ: Ձեզ մի օրինակ բերեմ, մենք դպրոցների մարզադահլիճների ծրագրեր ենք իրականացնում: Կառուցում ենք մարզադահլիճը ու արձանագրում ենք հետևյալը. այդ մարզադահլիճում կա բասկետբոլի վահանակ:

Բասկետբոլի վահանակը բասկետբոլի վահանակն է, չի կարող այնտեղ նմանեցված ինչ-որ բան կախված լինել, ցանկացած բան, որի վրա օղակ է, դա բասկետբոլի վահանակ չէ: Ընդ որում սեպտեմբերից ուր գնում եմ, նայում եմ ասում եմ այս վահանակը ոնց որ էն չի, բոլորն ասում են՝ չէ նորմալ է, այդպես էլ պետք է լինի, պետք չի շատ խորանալ պարոն վարչապետ: Բայց հիմա արձանագրում ենք, որ մի քանի հազար դրամ այսկողմ այնկողմ անելու համար ինչ ասես բերում կախում են:

Կամ գույք ենք ձեռք բերել , տվել ենք ֆիզկուլտուրայի դահլիճին, օրինակ վոլեյբոլի ցանց, բայց դահլիճում վոլեյբոլի գծանշում չկա: Մենք հիմա տասնյակ դպրոցների տվել ենք վոլեյբոլի ցանց, բայց մտնում ես դահլիճ, ասում ես՝ բա ու՞ր է վոլեյբոլը: Մեր ամբողջ նպատակը տնայնագործությունից դուրս գալն է, ի վերջո պետական հաստատություն է: Էլ չեմ ասում շվեդական պատերը, այցի ժամանակ գնում բռնում ենք, փուշ է մտնում մատներս, բա ենթադրվում է, որ երեխաները այնտեղ պետք է մարզվեն, գնում ենք կախիչին ձեռք ենք տալիս ընկնում է, որտեղ գնում ես, ջուրը կաթում է:

Էլ չեմ ասում , որ ես 5 ամիս չկարողացա բացատրել, որ պետք չէ զուգարանում թափանցիկ ապակի դնել, զուգարանի պատուհանը ինչու է թափանցիկ պատից, դրա համար հատուկ գիտելիքնե՞ր է պետք ունենալ: Ինչու պետք է վարչապետը գնա այդ ամենը տեսնի»,- ասաց վարչապետը:

Վարչապետը խոսելով արձանագրված թերությունների ու բացերի մասին ասաց, որ բոլոր ծրագրերի իրականացման պատասխանատուները մարզպետներն են, հենց նրանք էլ պետք է հետևողական լինեն դրանց իրականացման ընթացքին:

«Ինձ պետք են պրոբլեմների լուծումներ: Խնդրում եմ՝ ինձ չտաք որևէ մեկդ բացատրություն, թե ինչու է այսինչ բանն այսպես, կգաք ու կասեք՝ այս հարցը լուծված է, ու չբացատրեք էլ՝ ինչպես: Ինձ համար կարևոր է, որ հարցը լուծված լինի:

Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, որոնք բարձրացնում են հարցեր, մեզ պետք են պաշտոնյաներ, որոնք լուծում են հարցեր»,- ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր պաշտոններից ազատվել են քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետը:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր մարզում, որտեղ այցելել էր նորակառույց դպրոցներ։ Նրան մարզում ուղեկցում էին Ղուլարյանը, Խաչատրյանն ու այլ պաշտոնյաներ:

Փաշինյանը նորակառույց դպրոցներում գտել էր ու արձանագրել բազմաթիվ խախտումներ, ինչով էլ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է երկու պաշտոնյաների ազատումը:

Verified by MonsterInsights