February 25, 2024

Բռլյանտ՝ Գագոն էլի հիվանդ է, շտապօգնությունը ներարկում է․ «Ձեր սահմանած խաղի կանոններով խաղում եմ»

Քրեական գործի շրջանակում ես ներկայացել եմ քննիչի առաջին մի զանգից՝ վիրահատությունից հետո․ ամենաշատ հնարավորությունը ես եմ ունեցել՝ չներկայանալու։ Այդ մասին այսօր իր գործով դատական նիստի ընթացքում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ինքը ներկայացել է երկու պատճառով․ նախ, որ ապացուցի իր անմեղությունը, ու հավատալով, որ արդարադատություն կա․ «Ես կարծում էի՝ թույլ կտաք գնալ, վիրահատվել։ 2015-16 թվականներին չորս վիրահատություն եմ տարել, եղել եմ բժիշկների հսկողության տակ։ Հիմա, երբ էլի վիրահատության կարիք կա, թույլ չի տրվում մեկնել, վիրահատվել։ Նայեք, թե քանի անգամ եմ ներկայացել դատարան 39 աստիճան ջերմությունով։ Այնպես չի, որ ես չեմ հասկանում՝ ինչից հետո ինչն է։ Էդ բոլորը պարզ է, դրա համար այսօր ուզում եմ պաշտպանվել։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ եք խախտում ժամկետները, եթե դատաբժշկական փորձաքննություն է նշանակված։ Կամ, որ 9-10 փորձաքննություն եմ անցնում, ապա որևէ որոշում չի ընդունվում, ինչո՞ւ եք դա անում։ Գերմանիայի ու Ֆրանսիայի բժիշկների փորձագիտական վերլուծությունը հաշվի չեք առնում, ո՞րն է իմաստը»։

Գագիկ Խաչատրյանը հիշեցրեց, որ 60-ից ավելի նիստերի է ներկայացել, ու դա անում է, քանի որ իր համար անընդունելի են որակումները, թե ինքը խուսափում է․ «Ես համբերատար սպասում եմ, ձեր սահմանած խաղի կանոններով խաղում եմ։ Նույնիսկ ինձ ուղղված վիրավորանքներն եմ անտեսել»։

«Որևէ մեկին չի հետաքրքրում՝ ինչ վիճակում է Գագիկ Խաչատրյանն այս պահին, անգամ բժշկին չեք հարցնում՝ ինչպես է»,- ասաց Սարգսյանը։ Դրանից հետո դատարանը հարց ուղղեց շտապ օգնության բժշկին, որը ներկայացրեց, որ Գագիկ Խաչատրյանը գանգատվում էր ցավերից։ «Ճնշումը 150-90 էր, տանն ավելի բարձր էր, կատարվել է ներարկում։ Այս պահին կրկին ներարկում ենք իրականացրել»,- ասաց բժշիկը։

Verified by MonsterInsights