February 25, 2024

Հայը մնում է հա՞յ․ Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Հայը մնում է հա՞յ» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Մեզ թվում է՝ երբ այլոց մասին մենք ասում ենք «թուրքը մնում է թուրք», «ռուսը մնում է ռուս», այլոք էլ մեր մասին նույնը չեն մտածում։

Առաջին հերթին կարող են նկատի ունենալ մեր պատմական պրիմիտիվիզմը, պետական մտածողության և պետականության ընկալման պատմական դեֆիցիտը, մեր նեղ անձնական մերկանտիլիզմը, իշխանությունը և պետական ռեսուրսները որպես անձնական հարստացման միջոց տեսնելու՝ էլիտաների մտածողության դեֆեկտը և այլ նման հատկանիշներ։

Մինչև մեր հավաքական միտքը չգիտակցի, որ մեր պատմական ողբերգությունների և սխալների հիմքում մենք ենք, և որ հայը պետք է սկսի փոխվել, ու չծնվեն նոր քաղաքական հոսանքներ, որոնք այդ գաղափարների կրողներն են և տարածողները, մեզ մշտապես ուղեկցելու են պարտությունները։

Միայն նոր տարվա առաջին օրերին Հայաստանում և Ադրբեջանում հանրային դիսկուսիայի որակը ցույց է տալիս այս պահին երկուսիս պետական լրջության տարբերությունը։ Մեր հանրային օրակարգը պոկված ցնցուղն է, իսկ ադրբեջանականում քննարկում են, որ հունվարի 1-ից ԲՐԻԿՍ-ը դառնում է Ադրբեջանին սահմանակից (հաշվի առնելով, որ այս տարվանից կազմակերպության նոր անդամ է Իրանը)։ Ընդ որում, այս տարի ԲՐԻԿՍ-ում նախագահում է Ռուսաստանը։

ԲՐԻԿՍ-ը համաշխարհային տնտեսության հեռանկարն է, ու հետևաբար նաև՝ կարևորագույն քաղաքական-ուժային կենտրոն։

Հայաստանում ո´չ իշխանությունը, ո´չ ընդդիմությունը չեն խոսում այն մասին, որ ԲՐԻԿՍ-ը, որտեղ մենք կարող ենք ունենալ ստրատեգիական դաշնակիցներ, հասել է հենց մեր սահմանին, ավելի պարզ՝ հասել է Սյունիք։ Սյունիքի թեման փակելու, Հայաստանի՝ գետնին ընկած կշիռը բարձրացնելու ամենագրագետ հեռանկարը ԲՐԻԿՍ-ի հետ խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելն է, ԲՐԻԿՍ-ի փողերով, հենց հիմա, հենց Սյունիքում և Հայաստանով մեկ։ Ընդ որում, ԵԱՏՄ-ում էլ այս տարի նախագահում է Հայաստանը։
Մենք ազգովի «ցնցուղ-ցնցուղ» ենք խաղում, անծրագիր ու առանց ստրատեգիական մտածողության էլիտաների առաջնորդությամբ մսխում պետականությունը։

Մենք սարքել ենք ՄԵԿ հոգու սպասարկող պետություն՝ իր բոլոր համակարգերով, ու զարմանում ենք թե ինչու է փլվում պետությունը։ Նիկոլն իր «դուշը» մեծ հաշվով տվել է պետական և հանրային բոլոր ինստիտուտներին՝ կիրարկման սեփական հայեցողությամբ։ Բաքվում ընթացող՝ Վագիֆ Խաչատրյանի դատը ոչնչով չի տարբերվում Երևանում ընթացող՝ Արմեն Աշոտյանի դատավարությունից. արդարադատության, իրավաբանության, ցինիզմի զրո տարբերություն։
Մենք հայերս ենք ձևավորել ստի, ստորաքարշության, լռելու, մանր շահի, իբր պայքարի մեր համակարգերը։ Իբր պետության մեր մոդելը ու հիմա զարմանում ենք, թե հակառակորդն ինչո՞ւ է ջարդում այն։

Մինչև չփոխենք հարցադրումները, մինչև չփոխենք մեր և աշխարհի հարցերին նայելու տեսանկյունը, մինչև չփոխվենք մենք, կորուստները լինելու են շարունակական։ Ոչ մի նոր տարի ոչ մի բան չի փոխելու. այսպես հաձնված նստած՝ տարեցտարի քարշ ենք տալու մեր ծանր, չլուծված հարցերն ու մեր իներցիոն, միայն դեպի փակուղի տանող պատկերացումները։ Հայը պիտի փոխվի, ուրիշ ճանապարհ չկա։ Սկզբում պետք է փոխվեն որոշումներ կայացնողները, մթնոլորտ ձևավորողները, հանրային օրակարգը, բարքերը, հետո՝ լայն հասարակությունը։

Verified by MonsterInsights