February 22, 2024

Զինվորները քաղաքացիական կյանքից ունեցած մշակույթը փոխանցում են բանակ՝ ավելի խտացված գույներով. Խաչատրյան

Այսօր՝ հունվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Արմեն Խաչատրյանն ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ երեկվա դեպքերով պայմանավորված՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հնարավոր պաշտոնանկության մասին հարցին:

«Եթե բանակի քաղաքական պատասխանատուի հարցն անմիջականորեն կապենք դժբախտ պատահարների հետ կամ բանակում տեղի ունեցող միջին վիճակագրական հանցագործությունների հետ, ուրեմն բանակում պաշտպանության նախարար պետք է փոխվի երևի շաբաթը մեկ կամ ամիսը մեկ-երկու անգամ»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի, ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը, այսինքն՝ պաշտոնատար անձ, որի գործողության կամ անգործության հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ, նա պետք է անմիջապես պատասխանատվություն կրի:

«Դա կլինի պաշտպանության նախարարը, փոխվարչապետը, ով ուզում է լինի»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ երեկ՝ հունվարի 9-ին, հայտնի էր դարձել, որ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Նույն օրը ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի՝ հրազենային վնասվածքով դին:

Այսօր բանակում շատ լուրջ, աննախադեպ բարեփոխումներ են կատարվում, որոնք չեն երևում, և պետք էլ չէ, որ տեսանելի լինեն:

«Հավատացեք, որ դրանք շատ ակտիվ ընթանում են, աննախադեպ բարեփոխումներ են: Երբևէ մեր բանակում նման փոփոխություններ չեն եղել: Անգամ տասնամյակների կտրվածքով չենք կարող համեմատել այն, ինչը կատարվել է 1-1,5 տարվա ընթացքում: Պետք էլ չի խոսել այդ մասին, բանակն այն ոլորտն է, որտեղ ինչքան փակ ու գաղտնի, այնքան լավ»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի, 2015-2016 թվականներից սպայական կազմի համալրման պրոցեսը բավականին խեղաթյուրված է եղել: Հիմա ամեն ինչից զատ, բանակին պետք են բազային կրթությամբ որակյալ սպաներ:

«Այսօր բանակում մշակույթ մտցնողը հենց սպաներն են, որոնք պետք է այդ խնդիրները լուծեն: Եթե մենք չունենք լավ սպայական կազմ, բավականին դժվար է լինելու այդ խնդիրները լուծելը: Այսօր մեր ռազմական համալսարանը պատրաստում է բավականին բարձրորակ սպաներ, բայց դա առնվազն 4 տարի է պահանջում: Երբ այդ սերունդը մտնի բանակ, իրավիճակը բավականին կփոխվի»,- ասաց Խաչատրյանը:

Ինչքան էլ արդյունավետ բարեփոխումներ իրականացվեն բանակում, հանցագործություններ ու դժբախտ պատահարներ եղել և լինելու են:

Հանցագործություններն ու դժբախտ պատահարներն ամբողջովին բացառել, ըստ պատգամավորի, հնարավոր չէ, ուղղակի պետք է հասցվեն նվազագույնի:

«Ցանկացած նման դեպքից հետո, խնդիրները պարզելուց հետո պետական կառավարման մարմինը միջոցառումներ է ձեռնարկում, որ նպաստող պայմաններն ու պատճառները վերացվեն:

Ոչ կանոնադրական հարաբերությունները զինված ուժերում բավականին նվազել են, տարեցտարի նվազում է, բայց դա մեր ցանկալի արդյունքը չէ: Պետք է հաշվի առնել, որ այդ նույն զինվորները գալիս են քաղաքացիական կյանքից, նրանք դաստիարակություն են ստանում իրենց ընտանիքներում, դպրոցում, փողոցում և հանրության մեջ եղած մշակույթի փոխանցվում է բանակ՝ ավելի խտացված գույներով: Բանակը ստանում է մի սուբյեկտ, որն արդեն ունի իր արժեհամակարգը:

Մեր խնդիրն է, որ բանակից հետո այդ մարդիկ այլ արժեհամակարգով, այլ դաստիարակվածությամբ, անգամ այլ ֆիզիկական տվյալներով հետ վերադառնան տուն: Բայց դա անելը բավականին դժվար է, իսկ պատերազմից հետո մեր բանակում շատ լուրջ խնդիրներ կան»,- ասաց Խաչատրյանը:

Verified by MonsterInsights