February 25, 2024

Ինչու հանկարծ փոխվեց ԱՆԻՖ-ի ողջ ղեկավար կազմը

Հունվարի 7-ին կառավարությունն ամբողջությամբ փոխեց ԱՆԻՖ-ի՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար կազմը։ Տնօրենների խորհրդի նախագահ՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենին փոխարինեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

«Հրապարակ» թերթը գրում է. Մյուս տնօրեններին փոխարինեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը եւ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։ Իսկ հիմնադրամի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին, նրա փոխարեն տնօրենի ԺՊ է նշանակվել ԱՆԻՖ-ի աշխատակիցներից մեկը՝ Տիգրան Ղազարյանը, ով նաեւ պետական կառավարման ակադեմիայի դասախոս է։

Փափազյանի ազատումը տեղի է ունեցել էկոնոմիկայի նախարարությունից եկած խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ, ինչից հետո մեկը մյուսի հետեւից հեռանալու որոշումներ են կայացրել ֆոնդի արտասահմանցի անդամները՝ խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը, Իսիդորո Լուչիոլան, ով մի շարք միջազգային բանկերի, ֆինանսական կառույցի հիմնադիր է, Իտալիայի ֆինանսական շուկայի խորհրդատու, այլք։ Թե ինչն է այսչափ կտրուկ փոփոխության պատճառը, էկոնոմիկայի նախարարությունը չի հայտնում։ Կարելի է գուշակել, որ պատճառը ծանրակշիռ է, քանի որ այս հիմնադրամն ահռելի ֆինանսներ էր ստանում պետական բյուջեից, նաեւ՝ վարկային միջոցներից, այլ աղբյուրներից, իրավունք ուներ առանց մրցույթի խոշոր պետական պատվերներ տեղաբաշխելու՝ դիցուք, «Էյր Արաբիա» ընկերությանն ազգային ավիափոխադրող դարձնելու գործարքն իրականացրեց։ Հիմնադրամի աշխատակիցները միլիոնավոր դրամների աշխատավարձեր էին ստանում։ Ի դեպ, ֆոնդն առանձնահատուկ սեր ուներ հատկապես արաբական ընկերությունների հանդեպ։ Արաբական «Մասդար» ընկերության հետ «Այգ-1» ֆոտովոլտային կայանի կառուցման երկարատեւ աշխատանքներն էին ձեռնարկել՝ մոտ 200 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։

2019-20 թվականներից, սակայն, ԱՆԻՖ-ում ուժեղ կադրային հոսք է եղել։ Մարդիկ եկել են, մի քանի ամիս աշխատել ու հեռացել կամ հեռացվել։ Մեր տեղեկություններով, ներկայիս տնօրեն Տիգրան Ղազարյանը եւս հիմնադրամից ազատված կադրերից է՝ 2020-ից աշխատել է ԱՆԻՖ-ում, հետագայում խնդիրներ է ունեցել հիմնադրամի ղեկավարության, ավելի կոնկրետ՝ Դավիթ Փափազյանի հետ եւ ազատվել է աշխատանքից։ Տեղեկացված աղբյուրները պատմում են, որ նա, լավատեղյակ լինելով Պետական հետաքրքրությունների ֆոնդի գործերից, էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների համար «բացել» է այս հիմնարկի ներքին խոհանոցը եւ այնպես մանրամասն ու գունավոր, որ, ի վերջո, վերեւներում կայացվել է ԱՆԻՖ-ի ղեկավարներին հիմնովին փոխելու որոշում։

Մենք զանգահարեցինք Տիգրան Ղազարյանին, հարցրինք, թե ինչու հանկարծ փոխվեց ԱՆԻՖ-ի ողջ ղեկավար կազմը, որն էր պատճառը, գուցե որոշվել է ֆոնդն ամբողջությամբ պետակա՞ն դարձնել, այն «բնակեցնելով» էկոնոմիկայի նախարարության կադրերով։ Տիգրան Ղազարյանը քաղաքավարի «ցրեց» մեզ՝ ասելով, որ նոր է նշանակվել եւ այս պահին դեռ չի կարող հարցերին պատասխանել։ Ճի՞շտ է, որ Ձեզ ազատել էին աշխատանքից եւ ինչ-որ շրջան չեք աշխատել ԱՆԻՖ-ում։ Տիգրան Ղազարյանը պատասխանեց․ «Կարող եմ ասել, որ ես եղել եմ ԱՆԻՖ-ի աշխատակից եւ ներկայում կրկին աշխատակից եմ։ Այլ բան հիմա չեմ կարող ավելացնել»։

Այսպիսով, կառավարությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցրեց Պետական հետաքրքրությունների ֆոնդի կառավարումը, ինչը տրամաբանական է՝ ֆոնդը ֆինանսավորվում է հիմնականում ՀՀ բյուջեից, սակայն անհասկանալի՝ կիսամասնավոր, կիսապետական կառույց էր։ Հիմնադրամի արտասահմանցի տնօրեններն առանձնապես չեն մասնակցել դրա գործունեությանը, զուտ հաշվետվություն ստորագրող են եղել։ Ֆոնդին տրված գումարների մեծ մասը վճարվել է որպես աշխատավարձ, որոնք անտրամաբանական բարձր են եղել։ Կառավարությանը ներկայացված հաշվետվություններից դա ակնհայտ է։ Ի դեպ, տնօրեն Դավիթ Փափազյանը, ասում են, ավելի շատ արտերկրում է լինում, նա, այսպես կոչված, օնլայն էր աշխատում։ Ֆոնդի ղեկավար կազմում են եղել նաեւ նրա մանկության ընկերը՝ Սերգեյ Գրիգորյանը, կուրսեցին՝ Սոֆյա Կաֆիեւան։ Երիտասարդ, անփորձ, բայց շատ լավ վարձատրվող կադրերից է նաեւ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրը՝ Բելլա Մանուկյանը։ Հիշեցնենք, որ տարեվերջին խնդիրներ ծագեցին ազգային ավիափոխադրող Fly Arna-ի հետ կապված։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ հայկական ազգային ավիափոխադրողը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի։

Հիշեցնենք, որ այս հիմնադրամը լրատվամիջոցներին դատի տալու մեծ սեր ուներ, սակայն «Հրապարակի» դեմ ներկայացված երեք հայցից երկուսն արդեն պարտվել է։

Verified by MonsterInsights