February 24, 2024

Ում թեկնածությունն է առաջադրել «Քաղաքացիական պայմանագիր»-ը Արմավիրի համայնքապետի պաշտոնում

Նորանշանակ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով մարզպետի պաշտոնում իր նշանակմանը:

Նա նաև հայտնել է, թե Արմավիր համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում ում թեկնածությունն է առաջադրել:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին և Կառավարությանը՝ բարձր վստահության համար:

Սիրելի՛ արմավիրցիներ, շնորհակալ եմ ձե՛զ Արմավիր համայնքի ղեկավարի կարգավիճակով ձեզ ծառայելու երկու հնարավորությունների համար, որը փորձել եմ օգտագործել արդյունավետ:

Այժմ չեմ ուզում անդրադառնալ շուրջ վեց տարվա ընթացքում արված և ընթացքում գտնվող աշխատանքներին. դրա առիթը վստահաբար դեռ կունենամ:

Ուզում եմ ընդամենը ասել, որ Արմավիր համայնքում աշխատանքս արել եմ անմնացորդ նվիրումով, մաքուր սրտով ու մաքուր ձեռքերով:

Շնորհակալ եմ հանրապետության ավագանու ամենամեծ խմբակցությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի թիմին, համայնքապետարանի անձնակազմին, համայնքապետարանի ենթակա կառույցների անձնակազմերին, մարզային և համայնքային գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:

Արմավիր համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարշամ Սարգսյանին, և հունվարի 15-ին համայնքի ղեկավար ընտրելու համար ավագանու արտահերթ նիստ կգումարվի:

Վստահ եմ՝ պարոն Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիր համայնքը կզարգանա, հաջողությամբ կշարունակվեն ընթացքում գտնվող ծրագրերը, բազմաթիվ նոր ծրագրեր կիրականացվեն:

Արմավիրի մարզի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ գործընկերներ, մարզպետի պաշտոնում ևս կշարունակեմ անմնացորդ ծառայել ծննդավայրիս՝ Բագարանից մինչև Փարաքար, Մարգարայից մինչև Քարակերտ: Հեշտ չի լինելու, բայց միասին հաջողելու ենք»,- գրել է Խուդաթյանը:

Verified by MonsterInsights