February 25, 2024

Փաշինյանը հուսախաբ է արել Սամվել Բաբայանին

Նիկոլ Փաշինյանը հուսախաբ է արել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հավակնում էր Հայաստանում մի կառույց ձեւավորել, որն Արցախից եկածների խնդիրներով պետք է զբաղվեր, ինչպես նաեւ` բանակցություններ վարեր Ադրբեջանի հետ՝ արցախցիների վերադառնալու հարցով։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սկզբում Փաշինյանը հակված է եղել դրան, սակայն վերջերս հրաժարվել է այդ մտքից: Բաբայանի շրջապատից հայտնում են, որ «կամանդույուշչին» ծանր է տարել այս մերժումը եւ համարել է, որ իրեն «քցել» են:

Մինչդեռ հարցն այն է, որ Փաշինյանը որոշել է Արցախի հետ կապված ցանկացած բան պատմության գիրկն ուղարկել, իսկ ակտիվություն դրսեւորողներին՝ վարկաբեկել, թե սպառնում են Հայաստանի անվտանգությանը, եւ նոր կառույց ստեղծելու մտքից հրաժարվելն էլ սրանով է պայմանավորված: Այդուհանդերձ, Արցախի որոշ շրջանակներ հնարավոր է առաջիկայում ակտիվանան` հատկապես արցախցիների չլուծվող խնդիրների հարցով: Եվ խոսքը ոչ թե քաղաքական դաշտի, այլ հանրային սեկտորի մասին է, մասնավորապես` Տիգրան Պետրոսյանի եւ գործընկերների, որոնց ստվերային աջակցում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս շրջանակը կառավարվում է Մասիս Մայիլյանի միջոցով։ Սակայն այս շերտի ակտիվացումը բոլորովին այլ ենթատեքստ ունի. կան տեղեկություններ, որ Արեւմուտքը Փաշինյանի իրավահաջորդի դերում տեսնում է Արմեն Գրիգորյանին: Եթե Փաշինյանը շարունակի ռուսական դաշտում մնալ, չի բացառվում, որ Գրիգորյանի «բախտը բացվի»։

Verified by MonsterInsights