February 25, 2024

Շտապօգնության բժշկին այսօր մարմնական վնասվածքներ պատճառած 23 և 24-ամյա եղբայրները ձերբակալվել են

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունվարի 13-ին, Երևանում բռնության հերթական դեպքն էր տեղի ունեցել մասնագիտական պարտքը կատարող շտապօգնության բժշկի նկատմամբ:

Բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած եղբայրները ձերբակալվել են:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Հունվարի 13-ին՝ ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ 10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։

Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ բռնության դեպքի վերաբերյալ գրառում էր արել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու դատապարտել տեղի ունեցածը:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ էր հայտնել այսօր Երանում շտապօգնության բժշկին ծեծելու դեպքի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ:

Verified by MonsterInsights