February 24, 2024

Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ խուլիգանության և 1 անձի վնասվածք հասցնելու դեպքի նախաքննությամբ ձերբակալվել է հինգ անձ

Ինչպես երեկ հայտնել էինք՝ իրավապահները ձերբակալել էին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին:

ՔԿ-ն տեղեկացնում է, որ Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի նախաքննությամբ ձերբակալվել է հինգ անձ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ:

Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։

Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։

Հաշվի առնելով, որ Ոստիկանությունից ստացված հաղորդման մեջ առկա են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և ակոսափող հրազենի փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու կամ կրելու հանցավոր գործողությունների հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի միջոցով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (Hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, առարկաների ապօրինի շրջանառություն) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հետագայում փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։

Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր:

Հարցաքննվել են անձինք։ Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, միջադեպին մասնակից անձանց, ինչպես նաև՝ գործադրված զենքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, քննությանը հետաքրքրող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին գտնվել և վարույթն իրականցնող մարմնին են ներկայացվել միջադեպի` առերևույթ մասնակիցներից հինգը, որոնց վերաբերյալ կայացվել է վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու որոշում։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Verified by MonsterInsights