February 25, 2024

Մի մասն էլ բերանը փակելու համար է ստացել կոչում. լավ է՝ վաստակավոր, շատ ավելի լուռ մնալու համար՝ ժողովրդական. Բադալյան

«Ով, եթե ոչ ես, պիտի վաստակավոր և ժողովրդական արտիստների մասին խոսի»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Վերջինս, դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նկատեց. «Պարոն Սիմոնյան, հիմնականում ստվար զանգվածը ձեր ասած ճանապարհով է ստացել ժողովրդական և վաստակավոր արտիստներ, բայց մի հատված էլ կա, որ դրա հակառակ ճանապարհով է ստացել: Այսինքն՝ նրանց ձայնը կտրելու, այդ պահին բերանը փակելու համար տրվել է կոչում: Լավ է՝ վաստակավոր, շատ ավելի լուռ մնալու համար՝ ժողովրդական արտիստ, այս երկու տարբերակն է եղել»:

Լուսինե Բադալյանը նշեց, որ արվեստն ընդհանրապես չի սիրում սահմաններ և կաղապարներ:

«Եվ, այո, շատ դժվար է պատկերացնել ԱՄՆ ժողովրդական արտիստ Բեյոնսե, կամ Մայքլ Ջեքսոն, Գերմանիայի ժողովրդական արտիստ Ռայմշտեյն, Մեծ Բրիտանիայի ժողովրդական արտիստ Էդ Շիրոն կամ Ադել և այլն, չի լինում նման բաներ: Կինոյի ասպարեզում կա «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, և տարբեր տեսակի մրցանակներ են հանձնում, երաժշտության ասպարեզում կա «Գրեմմի» մրցանակաբաշխություն, որը համահունչ է մեր պատկերացրած ժողովրդական արտիստին: Իսկ ձեր նշած անունները, որոնք ՀՀ ժողովրդական արտիստ են, արդյո՞ք համաշխարհային արվեստի և մշակույթի մեջ իրենց դերն ունեն, և արդյո՞ք շատ դեպքերում հենց ժողովրդական արտիստ կամ վաստակավոր արտիստ կոչումը չէ, որ նրանց խանգարել է և սահմանափակել համաշխարհային մշակույթի մեջ իրենց տեղն ունենալ»,- նկատեց Բադալյանը:

Այնուհետև նա, դիմելով ընդդիմությանը, ասաց. «Ձեզ դուր չի գալիս, որ մենք փորձում ենք կաղապարները կոտրել և ժամանակին համահունչ քայլել, մարդկանց տալ ազատություններ, մեզ էլ դուր չի գալիս, որ դուք անընդհատ փորձում եք այս զարգացում ցանկացող երկրին գցել այդ հին ճիրանները և թույլ չտալ առաջ գնալ: Այդպես չի լինում, միշտ հիշեք՝ արվեստը կաղապարներ և սահմաններ չի ճանաչում, արվեստը մեռնում է այն ժամանակ, երբ որ քաղաքականությունը փորձում է իրեն դարձնել իր խամաճիկը»:

Verified by MonsterInsights