February 25, 2024

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ. ԲԴԽ պարզաբանումը

Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել այն մասին, թե ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. «Ի պատասխան հանրության շրջանում բազմաթիվ հարցադրումների, թե ինչու է Արմեն Աշոտյանը շարունակոււմ մնալ կալանքի տակ, երբ «գործով վկաներն արդեն իսկ հարցաքննվել են», ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:

Դատարանը գտել է, որ երբ պարոն Աշոտյանի նկատմամբ ընտրված է եղել ՀՀ-ից բացակայելու արգելքը, նա խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչն էլ հիմք է հանդիսացել կալանավորման:

Դատարանն արձանագրել է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105–րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ոչ մի տվյալ նախապես հավաստի ապացույցի ուժ չունի, սակայն, խափանման միջոց կիրառելու հիմքերն ունեն կանխատեսական բնույթ, իսկ գործում առկա փաստական տվյալները բավարար են եղել հանգելու հետևության, որ քանի դեռ որևէ ապացույց չի հետազոտվել, պարոն Աշոտյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում՝ ապօրինի միջամտել ապացուցման գործընթացին»։

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացվել էր 3 ամիս ժամկետով՝ սահմանվելով մինչև 2024 թվականի հունվարի 15-ը:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերեւույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Պարզաբանելով տեղեկությունները, ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հրապարակել Արմեն Աշոտյանի ձերբակալման պատճառի, ինչպես նաև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի հետ կապված գործունեության վերաբերյալ:

Նշվում էր, որ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

Ի հավելում հրապարակած հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեն Աշոտյանի մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել:

Verified by MonsterInsights