February 25, 2024

ԽՍՀՄ խնայբանկերում ավանդ ներդրած որ տարիքային խմբի անձինք կարող են ստանալ փոխհատուցում և ինչ պայմաններով

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։

Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Կառավարության որոշմամբ՝ այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն գումարն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

Ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն՝ ներկայացնելով՝

. անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

. ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ՝ հանրային ծառայությունների համարանիշ),

. ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),

. տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,

. ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

Նշենք, որ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն նաև՝

• ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

• սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)՝ բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

• ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Verified by MonsterInsights