February 25, 2024

Պարգեւավճարը դարձնում են օրենքի պահանջ. նոր նախագիծն ընդունվեց

«Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քննարկվող նախագծերի շարքում է թաքնված՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն ենթադրում է հետեւյալը. ՀՀ պետական եկամուտների կոմիտեում ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ՝ հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ, ըստ նշված նախագծի, պարգեւավճարներ ստանալը դառնում է օրենքով սահմանված կարգ, ինչը պարգեւավճարների որոշումներ ստորագրողին ազատում է պատասխանատվությունից։

Նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման կարգով պետք է սահմանվի, որ դրա ձեւավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Ընդ որում՝ եթե աշխատողն ունենա Կառավարության կողմից սահմանված որակավորում եւ հարկային/մաքսային ոլորտի այլ հավաստագիր, ապա այդ աշխատողի համար պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելը հավելավճար ստանալու համար պարտադիր չի լինի, եւ նա արդեն իսկ կունենա հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Եթե կարճ ձեւակերպենք, ապա նախագծը «պարգեւավճար» եզրույթը դարձնում է «հավելավճար», իսկ պարտավորությունը դնում է պետության ուսերին՝ ասելով, որ դա օրենքն է ենթադրում, այլ ոչ թե որեւէ պաշտոնյա է կամայական որոշում»:

Verified by MonsterInsights