February 25, 2024

Փողի դիմաց օրինական բանակից ազատվելն էշություն է․ ազատամարտիկ, նկարիչ Աշոտ Ավագյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից` մեծ գումարներ վճարելով։

Հրապարակ թերթը գրել է․ Նախագծին կողմ քվեարկեց 61 պատգամավոր, դեմ՝ 27-ը, ձեռնպահ՝ 6-ը։ Նախագծով առաջարկվում է, որ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից․ 1. երկու տարի ծառայելով, 2. մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, 3. վեց ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, 4. մեկ ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, 5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Նախագծով առաջարկվում է նաեւ, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։ Ընդ որում, նրանք կարող են կա՛մ 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնել զինված ուժերում, կա՛մ պետական բյուջե վճարել 2,5 միլիոն դրամ։

Ազատամարտիկ, նկարիչ Աշոտ Ավագյանը կարծում է, որ սրանով հայկական բանակը վերածվում է, իր բնութագրմամբ, «քյասիբի բանակի», որտեղ իրենց պարտքը պետք է կատարեն միայն ընչազուրկ ընտանիքի զավակները, իսկ հարուստների որդիները, ինչպես միշտ, արանքից կպլստան ու փողի դիմաց կազատվեն զինծառայությունից: Ազատամարտիկի պնդմամբ` բանակն այսօր առավել, քան երբեւէ, վատ վիճակում է հայտնվել։ «Փողի դիմաց օրինական բանակից ազատվելն էշություն է: Այդ էշությունը կարող է բացասաբար ազդել: Սա էլ ատելության նոր դրսեւորում է` դասակարգային ատելություն: Հիմա գուցե չհասկացվի ասածս, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա: Սա նշանակում է, որ քյասիբի երեխեն նորից ծառայելու է, իսկ հարուստինը պլստալու է արանքից: Կարող է այնպես լինել, որ հարուստ էլ չլինեն, բայց նոքյարություն անելով` հավաքեն էդ փողը, մենակ թե բանակ չգնան: Ահագին էլ փող է, կարող են դրանով տուն առնել, բարեկեցիկ կյանք ստեղծել, բայց` ոչ: Այնպես որ, ինձ ներող եղեք, բայց ես կարծում եմ, որ այդ որոշումը հերթական էշությունն է: Ի՞նչ է նշանակում` փող տամ, չծառայեմ, հերս հարուստ է, չծառայեմ, վարկ վերցնեմ` չծառայեմ, գնամ բանվոր աշխատեմ` փող հավաքեմ, չծառայեմ: Մեկը կարողանալու է, մեկը` ոչ, ու այդ չկարողացողը հոգեբանորեն ճնշվելու է, անկախ ամեն բանից: Հետագայում էլ, որ մի տեղ նստեն հաց ուտելու, առաջվա նման ոչ թե ծառայածն է հպարտանալու, այլ` փողով բանակից ազատվածը: Իմիջիայլոց, Սովետի ժամանակ բանակում չծառայած տղերքին աղջիկ չէին տալիս: Հետո այս երեւույթը 90-ականներին արմատացավ մեր մեջ, ու հարուստի լակոտները սկսեցին ծառայությունից ճողոպրել` փողի դիմաց: Դրանից հետո էլ փոխվեցին մեր գաղափարները, բանակում չծառայելը դարձավ ճարպկության նշան, ստացվեց այնպես, որ լավ տղերքը չեն ծառայում եւ այլն: Հիմա այս նոր օրինագիծն այդ լկտիության օրինական տարբերակն է», – ասում է ազատամարտիկը:

Բայց մոտ 40 հազար դոլար ամեն մեկն ունի՞, կարո՞ղ է վճարել ու զինգրքույկ «գնել»։ «Իմ ասածն էլ դա է` մեկը գտնելու է, տասը` ոչ: Այսինքն` դառնում ենք «քյասիբի բանակ»: Սա առաջացնելու է դասակարգային ատելություն: Մարդիկ ավելի շատ են սկսելու ատել միմյանց: Անարդարությունն ավելի խոր արմատներ է գցելու, ես չունեմ` կծառայեմ, դու ունես` չես ծառայի: Բայց չէ՞ որ հայրենիքը բոլորինս է, եւ դու այդ ահռելի գումարները, որ պետք է մուծվես պետությանը, ի վերջո վաստակել ես հենց այդ հայրենիքում, այնպես որ՝ չի կարելի»,- ասում է նա: Ի՞նչ վիճակում է, ըստ Ձեզ, բանակն այսօր, Ձեր ծննդավայր Սիսիանում օրերս զինվոր մահացավ` ցրտահարությունից։ «Հիմքեր կան, որ վիճակը սա է: 6 տարի է՝ հասարակությունն անհասկանալի վիճակում է, բայց էդպես պետք է լիներ, ի՞նչ էիք ուզում: Բանակը դուրս է գալիս` հեղափոխություն է անում, բա դա քի՞չ է: Բանակում սպաները չեն ցանկանում ծառայել այսօր, ու դա կրում է մասսայական բնույթ, եւ պատճառը ոչ թե այն է, որ վախենում են մահանալուց, այլ ուղղակի շատ քիչ են վարձատրվում, իրավիճակը կոտրում է նաեւ նրանց: Վերաբերմունքի խնդիր կա: Ի՞նչ է նշանակում՝ պարեկին այդքան փող ես տալիս, զինվորականին, որ քո սահմանն է պահում, անտեսում ես: Այսինքն` զինվորականի մեջ հոգեբանություն են փոխում: Էլ չեմ ասում, որ էսքան մահերից մարդկանց մոտ սարսափ ու ատելություն է առաջանում բանակի հանդեպ, որ տանում եք մեր երեխեքին, սպանած հետ եք բերում, այն էլ՝ խաղաղ պայմաններում: Արդեն 6 տարի է՝ այս վիճակն է: Այն ժամանակ էլ հրաշալի չէր ամեն ինչ, բայց առաջ ես նման բան չեմ հիշում: Ի՞նչ է նշանակում՝ 2 օրվա մեջ երկու սպա ինքնասպան լինի, մեկ զինվոր էլ ձյան տակ մնա: Ես նման բան չեմ տեսել, չեմ հիշում: Միակ լավ բանն այն է, որ տղերքը պոստին կանգնած են էս ցրտին, բքին: Հանդիպումներ ունեցել եմ` տղերքը դուխով կանգնած են, բայց ոչ էս իշխանության դուխովի նման, այլ իսկապե՛ս դուխով: Ամեն վատ բան ազդում է բանակի վրա, լավը սկսում է քիչ-քիչ պակասել: Անգամ հենց հիմա հացը չեն կարողանում հասցնել տղերքին` մեզ մոտ, ձյան պատճառով, բայց տղերքը դժգոհ չեն, հաղթահարում են, դիմանում են, բայց եթե այսպես շարունակվեց, ամեն ինչ փոխվելու է լավից նեգատիվի: Ամեն ինչ գումարվում է իրար ու բերում է բանակի քայքայմանը, բայց ես հույս ունեմ, որ սա վերջը չէ, մեր բանակը դեռ չի կորցրել իր կարեւորությունը: Տղերքը լավ էլ կարողանում են բոյ տալ, բայց ջրբաժանը մեզ քայքայում է»,- եզրափակեց ազատամարտիկը:

Verified by MonsterInsights