February 24, 2024

Փնտրում և չեմ գտնում՝ որտեղ է գրած, որ ՀՀ-ում որևէ այլ պետություն պիտի ապահովի կոմունիկացիայի անվտանգություն. Կոնջորյան

Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել:

«Կրկնակի տարօրինակ է, որ դա ասում են կողմերը, որոնք ուղղակիորեն խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարության համարյա բոլոր կետերը: Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ գտնվում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- գրել է Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ 2023 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ծավալուն մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր երթուղիների ապաշրջափակման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը իրենց տարածքներում պահպանում են այդ երթուղիների իրավասությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի հիմնական տարածքների ու Նախիջևանի միջև կապի անվտանգությունը, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը»:

Verified by MonsterInsights