February 25, 2024

Զգուշանալ է պետք գրիպից․ հոսպիտալացվել է 723 հիվանդ, որից 87 տոկոսը՝ 0-18 տարեկան երեխաներ

Հայաստանը վերջին շրջանում շարունակում է գտնվել սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ H3N2 ենթատեսակի ակտիվ փուլում։ Ավելացել են ամբուլատոր պոլիկլինիկաներ դիմելիության և ստացիոնար հոսպիտալացման դեպքերը:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն»-ի տվյալների համաձայն՝ հունվարի 16-ի դրությամբ սուր շնչառական վարակով պայմանավորված՝ հոսպիտալացվել է 723 հիվանդ, որից 87 տոկոսը՝ 0-18 տարեկան երեխաներ, թոքաբորբով 340 հիվանդ կա, որից 60 տոկոսը 0-18 տարեկաններն են։ Հիվանդացության աճ է արձանագրվել թե՛ մարզերում, թե՛ Երևանում: Ընդ որում՝ տարածաշրջանում ևս ակտիվության նույն պատկերն է։

«Դեպքերի ամենաբարձր ակտիվությունը հատկապես Արարատի մարզում և Երևանում են։ Հիվանդության ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 2 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույն մակարդակի վրա է։ Հիվանդացության 65 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են կազմում։ Շաբաթական կտրվածքով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1․3 անգամ, նախորդ տարվա համեմատ՝ 1․1 անգամ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին: Սա շարունակվելու է մինչև մայիս ամիսը, հիվանդությունը ընթանալու է բարձրացումներով և նվազումներով։

«Վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացումների աճ նույնպես ունենք։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվում են գրիպի ենթատեսակները, գրիպ Ա-ն և գրիպ Բ-ն, կան նաև շնչառական այլ վարակներ։ Կորոնավիրուսային հիվանդության դեպքեր ևս կան, սակայն դրանք կայուն վիճակում են։ Սուր շնչառական վարակները բազմազան են, ուստի դրանց ախտանշանները տարբեր են․ կարող են լինել միայն բարձր ջերմություն, քթահոսություն կամ առանց ջերմության։ Այսինքն՝ սուր հանկարծակի ընթացքն է բնորոշ այդ հիվանդություններին»,- տեղեկացնում է Խաչատրյանը։

Հիվանդությունների բարդ ընթացքը շատ հաճախ, ըստ մասնագետի, պատճառ է դառնում նրան, թե որքան ուշ է հիվանդը դիմում առողջապահական հաստատություն։ 0-4 տարեկան երեխաների մոտ հիվանդությունը ավելի ծանր է լինում՝ պայմանավորված նրանց շնչառական առանձնահատկություններով։ Ընդհանրապես՝ հիվանդության ախտանշանները յուրաքանչյուրի մոտ այլ է, ինչպես նաև դրա դեմ բուժման մեթոդները․ «Ինքնաբուժությամբ զբաղվել կտրականապես չի կարելի․ հարևանը խորհուրդ է տալիս մի դեղ, որն իրեն նշանակել է բժիշկը, բայց դա արվել է՝ ըստ տվյալ անձի մոտ առկա հիվանդության ախտանշանների, ընթացքի համաձայն։ Կան մարդիկ, որոնք էլ համարում են, որ սա ուղղակի սովորական մրսածություն է և չեն դիմում բժշկի, հետագայում հիվանդությունը բարդանում է։ Յուրաքանչյուր նշանակում դեղամիջոցի հետ կապված բժիշկն է անում։ Ինքնաբուժությունը խանգարում և երկարացնում է հետագա բուժումը»։

Ինչ վերաբերում է գրիպի դեմ առկա պատվաստանյութերին, համաճարակաբանի խոսքով, դրանք առկա են բոլոր բուժհաստատություններում։ Վերջինս վստահեցնում է՝ պատվաստումը բոլոր դեպքերում նվազեցնում է հիվանդությամբ վարակվելու դեպքերն ու պաշտպանում հետագա բարդություններից։

Խաչատրյանը շեշտում է՝ տարածվածությունը կանխարգելելու համար վարակված մարդը չպետք է տնից դուրս գա, եթե այնպիսի վիճակ է, որ անհրաժեշտ է, նախընտրելի է դիմակ դնել, սուր շնչառական հիվանդությամբ երեխային չուղարկել դպրոց, անհապաղ դիմել բժշկի։

Մնացած բոլոր դեպքերում ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է․

Հիվանդներն առավել վարակիչ են առաջին 2-4 օրերին: Վիրուսները կարող են մնալ ձեռքերին՝ դառնալով վարակի աղբյուր առնվազն մոտակա 2 ժամվա ընթացքում, որոշ վիրուսներ մակերեսների վրա կենսունակությունը պահում են առնվազն 1 օր: Այս մասնիկները վարակիչ են նաև օդում՝ արտազատվելով հազի, փռշտոցի, շնչառության ժամանակ:

Սենյակի խոնավացումը կարող է բարելավել դժվարացած շնչառությունը:

Հեղուկների բավարար քանակությունը օգնում է կանխարգելել ջրազրկումը:

Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում, քանի որ վերջիններս անարդյունավետ են: Սակայն հակաբիոտիկները կարող են նշանակվել բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի՝ երեխայի զննումից հետո:

Խորհուրդ չի տրվում օգտագործել հակավիտամինային, հակահազային, խորխաբեր դեղեր երեխաների շրջանում:

Վիտամին Ց-ի, Էխինացեայի, ցինկի օգտագործումը չունի ապացուցված արդյունավետություն սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժման հարցերում:

Ձեռքերի լվացումը, մակերեսների թաց սրբումը և սենյակի օդափոխումն ունեն արդյունավետ կանխարգելիչ նշանակություն:

Verified by MonsterInsights