February 25, 2024

Կոնջորյանի ուշագրավ հայտարարությունը. փաստաթուղթ

«ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անընդհատ փնտրում եւ այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որեւէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամենայն հավանականությամբ, այս գրառումը նա արել է այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում ասել էր. «Երեւանը նոր պահանջներ է ներկայացնում, չի ուզում, որ այնտեղ կանգնեն ռուս սահմանապահները։ Դա հակասում է պայմանավորվածություններին»։ Թերեւս հուշենք Հայկ Կոնջորյանին ընթերցել կամ վերընթերցել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը, որի տակ դրված է իր այժմյան կուսակցության ղեկավարի եւ վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը։ Իսկ այդ հայտարարության 9-րդ կետում գրված է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Հետաքրքիր է՝ մի՞թե Կոնջորյանը չի տեսնում այս պարզ նախադասությունը. «Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Գուցե չի ուզում տեսնել։ Այս իշխանություններն անգամ հակադարձելու կամ քննադատելու հարցում են ապաշնորհ ու մանիպուլյատոր, ուր մնաց՝ նրանցից պետության կառավարում ակնկալես»։

 

Verified by MonsterInsights