February 22, 2024

Տատիկ-պապիկներին անակնկալներ մատուցող սրճարան կբացվի՝ նրանց տեղափոխելով երիտասարդություն. ՀԺ

Բակուր Մելքոնյանը ցանկանում է սոցիալական ռեստորան հիմնել, որտեղ, սակայն, միջավայրը չի լինելու սովորական: Նա նոր գաղափար է առաջ քաշում, որը դեռ չի իրագործվել Հայաստանում:

Դեպի Եվրոպա հերթական ճամփորդության ժամանակ Մելքոնյանը Գերմանիայի սրճարաններից մեկում հանդիպել է հետաքրքիր ճաշացանկի, որտեղ, օրինակ, նույն սուրճը վաճառվել է տարբեր գներով: Նա հետաքրքրվել է՝ ինչո՞ւ այդպես: Մատուցողը պարզաբանել է, որ բարձր գին ունեցող սուրճը գնելու դեպքում մեկ գավաթ էլ հյուրասիրում ես սրճարան մտնող որևէ տատիկի կամ պապիկի:

«Գաղափարն ինձ շատ դուր եկավ։ Մտածեցի՝ ինչո՞ւ մենք մեր երկրում նման ռեստորան կամ սրճարան չունենք: Մարդը, որը հնարավորություն ունի իր կողմից ինչ-որ նվեր թողնել մեծահասակ անձի, ունենա դա իրագործելու հնարավորություն։ Այսինքն՝ նպատակը լինի այն, որ մեծահասակները, մտնելով սրճարան, օգտվեն թե՛ զեղչերից, թե՛ համեղ հյուրասիրություն ստանան քաղցրավենիքի կամ ըմպելիքի տեսքով, որն իրենց համար պատրաստել է բոլորովին անծանոթ մարդ՝ իր սրտում մտածելով, որ իր հարազատ տատիկ-պապիկին է անակնկալ անում, կամ պարզապես ցանկանում է ուրախացնել այդ մարդկանց»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա։

Վերջինիս խոսքով՝ գաղափարը 2023 թվականին դեռ խմորում անցած մտահղացում էր, որն այս տարի հաջողվել է իրականացնել: Սկզբում փնտրել են տարածքը, և ահա այս տարի ՊՆ-ի «Զինառ» ՓԲԸ-ն Երևանում գտնվող 500 քմ-ից ավելի տարածք է տրամադրել։

Ըստ Բակուր Մելքոնյանի՝ այդտեղ չի գործելու բարեգործական ճաշարանի սկզբունքը, այլ գեղեցիկ ու հարմարավետ անկյուն է լինելու՝ մեծահասակներին իրենց երիտասարդությունը հիշեցնող:

«Մենք նոր լուծում ենք առաջարկում. եղանակներից մեկը, օրինակ, տալ զեղչ թոշակառուներին իրենց տարիքի չափով։ Ենթադրենք՝ գալիս է 70 տարեկան թոշակառու, ապա կստանա 70% զեղչ, 80-ը՝ 80% զեղչ…։ Սա, որ ներկայացնում էի, ծանոթներիցս մեկը ասաց՝ բա որ 100 տարեկան գա՞, պատասխանեցի՝ արդեն միանշանակ անվճար կլինի։ Սննդի համար վճարը մեր թոշակառուների համար մատչելի կլինի. ենթադրենք տարբեր ուտելիքով մեկ ափսեն կազմում է 2000 դրամ, ապա 70 տարեկանը, ստանալով 70 տոկոս զեղչ, այն կգնի 600 դրամով»,- ասում է նա։

Անմխիթար վիճակում գտնվող շենքի շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Սրճարան-ռեստորանը ապահովված է լինելու ամեն ինչով․ վերանորոգումից հետո հասանելի է լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Տարիքով մեծ, բայց հոգով երիտասարդ թոշակառուներին առաջարկվելու են տարբեր ծրագրեր՝ հոգեբանական խորհրդատվություն, խաղեր, խաղային երեկոներ, դասընթացներ, հետ չեն մնալու նաև ժամանակակից տեխնոլոգիաների հետ կապված որևէ դասընթացներից։

Զրուցակցի խոսքով՝ ինչ տեղեկացրել է գաղափարը իրականություն դարձնելու մասին, կամավորների և գործարարների արձագանքներն օր օրի շատանում են, որոնք պատրաստ են ապահովել մեծահասակների ամբողջ զբաղվածությունը սրճարանում։

Այժմ թիմ է ձևավորվել, որն աշխատում է դիզայներական մոտեցումների վրա: Սկզբում մտածել են ռեստորանը ներկայացնել նոստալջիկ մոտեցումներով, հնաոճ ձևավորմամբ, հետո մտափոխվել են. այն պետք է լինի մոդեռն ձևով, ինչպես Եվրոպայում է, որ մեծահասակն իրեն հարմարավետ զգա։ 3-4 ամսում այն արդեն պատրաստ կլինի:

«Ես կարծում եմ, որ սրճարանը շատերին կհետաքրքրի, որովհետև մեր թոշակառուները հաճախ ռեստորաններից ու սրճարաններից չեն օգտվում, նախընտրում են տանը ժամանակ անցկացնել։ Եվրոպայում շատ հաճելի է. գալիս են զույգերով, տատիկներն ու պապիկներն էլ ուրախանում են այդ հյուրասիրությունից։ Գուցե այդ կերպ վերադառնան իրենց երիտասարդ ժամանակներ ու հոգեպես լավ զգան»,- կարծում է գործարարը։

Հետաքրքիր մատուցում ունեցող սրճարան-ռեստորանը դեռ անուն չունի: Մելքոնյանն ասում է՝ պետք է փնտրեն ու ճիշտ գտնեն այդ անվանումը, որը իսկապես համապատասխան կլինի ռեստորանի գաղափարի կոնցեպտին։

Մելքոնյանի գրառմանը արձագանքել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կառավարության անդամներ: Օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստացել է բացման օրն անվճար աշխատել ռեստորանում:

Verified by MonsterInsights