February 25, 2024

Ադրբեջանի հանրությունն «առհասարակ Հայաստանի հետ հաշտության ցանկություն չունի»

Ալիեւը դիվանագիտական փակ խողովակներով «տարակուսանքի» արձագանքներ է ստացել:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության երկարամյա ղեկավար Սեիդովը հոդված է հեղինակել, որի հիմնական դրույթն է՝ անկախությունից ի վեր Ադրբեջանը մշտապես պատերազմական իրավիճակում է գտնվել, հանգամանքները ձեւավորել են ոչ միայն պետական-քաղաքական, այլեւ անհատական «համարժեք վարք»:

Նա փաստացի ընդունում եւ հրապարակայնացնում է, որ երեք տասնամյակ Ադրբեջանը ձեւավորել է քաղաքացու հայատյաց, վրեժխնդրությամբ տոգորված կերպար եւ այդ ժամանակահատվածում իշխանության եւ հանրության միջեւ խզում կամ հակասություն չի եղել: Քառասունչորսօրյա պատերազմից եւ մանավանդ Արցախի հայաթափումից հետո, որքան հասկացվում է ադրբեջանցի խորհրդարանականի մանվածապատ դատողություններից, իրավիճակը միանշանակ չէ:

Հրապարակային խոսույթում Ալիեւը համարում է, որ «ազգային պատվիրանը կատարված է»- բայց իրականում ի՞նչ նպատակադրվածություն ունի՝ բարդ է ասել: Նա փորձում է «ազգային նոր գաղափարի» շուրջ դիսկուրս բացել: Բացառված չէ, ավելին՝ շատ հավանական է, որ ամեն ինչ ուղղորդված է եւ արվում է արտաքին քաղաքական նկատառումներով: Այն է՝ միջազգային դերակատարներին ներկայացնել, որ Ադրբեջանի հանրությունն «առհասարակ Հայաստանի հետ հաշտության ցանկություն չունի»: Իշխանությունն, ըստ այդմ, կարող է համոզել, եթե «ընդունվեն խաղաղության ադրբեջանական պայմանները»:

Սա մեկ անգամ խաղարկված պարտիա է. երբ Քիուեսթից հետո Հեյդար Ալիեւին հարցրել են, թե ինչու՞ չստորագրեց գրեթե համաձայնեցված փաստաթուղթը, պատասխանել է, որ գերագնահատել է ժողովրդին համոզելու իր կարողությունը, նույնիսկ ընտանիքի անդամներն են դեմ եղել, ի՞նչ կարող էր անել: Փաստացի իրավիճակն, իհարկե, արմատապես տարբերվում է քիուեսթյանից, բայց Ալիեւի կեցվածքը, կարծես, նույնն է հուշում. «Ես պատրաստ եմ խաղաղության, բայց իմ ժողովուրդը չի ընդունում կամ կընդունի, եթե բավարավեն նրա օրինական պահանջները»:

Սեիդովն, իհարկե, տպավորություն է ստեղծում, թե իշխանությունը եւ անձամբ Իլհամ Ալիեւը «նոր ադրբեջանցու կերպարի ձեւավորման» նախանձախնդիր են, բայց եթե անգամ այդպես է, ապա հակահայկականությամբ, տարածաշրջանային հեգեմոնիայի հեռանկարով պետականորեն բուծված տեսակից քաղաքակիրթ հանրություն ձեւավորելու համար տասնամյակներ են պետք, սերնդափոխություն: Իսկ դա ենթադրում է Ադրբեջանի պետական, քաղաքական, կրթական, մշակութային, գիտական համակարգի, անգամ կենցաղավարության արմատական բարեփոխում:

Նախագահական արտահերթ ընտրություններում Ալիեւի «մրցակիցներից» մեկը «Միասնական Ադրբեջան» կուսակցության, մյուսը՝ «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատի» առաջնորդն է: Քարոզարշավից, հավանաբար, հնարավոր կլինի կանխատեսել՝ Ալիեւը հանրայնորեն գեներացնու՞մ է «միասնական Ադրբեջան» կամ «միացյալ Ադրբեջան» քարոզչությունը՝ որպես արտաքին քաղաքական մանեւրի ռեսուրս, թե, իրոք, խնդիր է դրել «ադրբեջանական ջինը փակել շշում»՝ միջազգային որոշակի աջակցության եւ Հայաստանի «կառուցողականության» դիմաց:

Ադրբեջանական «ջինը շշում փակելու» պահանջվածություն, կարծես, արտաքին դերակատարներից կա: Բայց ինչպե՞ս են նրանք դրանում համոզելու կամ փորձելու են համոզել Ալիեւին: Հայաստանի «կառուցողականության» հաշվի՞ն: Իսկ ո՞վ է ադրբեջանական «ջինը շշից բաց թողել»: Եւ ինչու՞ պիտի այն «շշում փակելու» համար Հայաստանը վճարի:

Verified by MonsterInsights