February 25, 2024

ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների արդյունքներն ու դրանից բխող հնարավոր հետագա զարգացումները. ՀԺ

2024 թվականը հատկանշական է հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրություններով, որոնց արդյունքներով հնարավոր է տեղի ունենան գլոբալ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և նոր աշխարհակարգերի փոփոխություններ:

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի կունենան այս տարվա նոյեմբերին: Նկատենք, սակայն, որ, հաշվի առնելով դրանց առանձնահատկությունը, հիմնական թեկնածուները՝ գործող նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, արդեն իսկ սկսել են միմյանց թիրախավորումը:

«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է իրավագետ Արտաշես Խալաթյանի դիտարկումները ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների, դրանց արդյունքների և հնարավոր հետագա զարգացումների վերաբերյալ:

Դոնալդ Թրամփի հաղթանակը՝ լուրջ հարված ԱՄՆ ժողովրդավարությանը

Եթե համարենք, որ Թրամփը հաղթի ընտրություններում, ապա շատ լուրջ վնաս կհասցվի ԱՄՆ-ի սահմանադրական, ժողովրդավարական համակարգին, որովհետև նրա ամբողջ քաղաքական խոսույթը, հետագիծը, ընտրական պլատֆորմը կառուցված է ԱՄՆ-ի պետական գործող համակարգի մերժմամբ՝ պոպուլիստական նարատիվների վրա: Թրամփը հրապարակային «հարգանքի տուրք է մատուցել» գործող ամենախոշոր բռնապետություններին, ինչպիսին է Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան՝ խոսելով լիդերի «ուժեղ ձեռք» ունենալու մասին:

Այսօրվա գլոբալ աշխարհում, որտեղ հստակ ճամբարների են բաժանվում ավտոկրատ ու ժողովրդավարական պետությունները, և ավտոկրատ պետությունները հստակ ագրեսիվ վարքագիծ են դրսևորում, այդ թվում՝ նոր տարածքներ նվաճելու, հետպատերազմյա 2 աշխարհամարտից հետո առկա աշխարհաքաղաքական ստատուս քվոն վիճարկելու ուղղությամբ, Թրամփի և ընդհանրապես հանրապետականների դավանած մեկուսացվածության քաղաքականությունը միմիայն վնաս կտա համաշխարհային կայունությանը:

Բայդենի հաղթելու շանսերը

ԱՄՆ-ում ժողովրդի մեջ կան Թրամփի հայացքները կիսող ընտրողներ, բայց ընդհանուր առմամբ հասարակության մեծամասնությունը նրա մոտեցումները չի կիսում: Բայդենի մոտեցումները չկիսելը չի նշանակում թրամփիստ լինել: Հաշվի առնելով, որ Բայդենի մրցակիցը Թրամփն է՝ այդտեղ է, որ մեծանում է նրա հաղթելու հավանականությունը: Այսինքն՝ Թրամփի հակառեյտինգը ավելին է, քան նրա պոզիտիվ ռեյտինգը, դա նաև սրբագրում է այն մտահոգությունները, որոնք կան ամերիկացիների մոտ Բայդենի վարչակազմի նկատմամբ: Եթե լիներ հանրապետականների կողմից ավելի ժողովրդականություն վայելող և ԱՄՆ ժողովրդավարական քաղաքական համակարգի լոյալ թեկնածու, հանրապետականների հաղթանակը ամենևին բացառել չէր լինի:

Թրամփը հակված է համալրել բռնապետների ճամբարը

Թրամփի գործելակերպը և նախընտրական փուլում Պուտինի հետ մտերմության մասին խոսելը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահի թեկնածուն փաստացի հակված է համալրել բռնապետների ճամբարը կամ լոյալ է նման անձանց նկատմամբ: Հատկապես ՌԴ նախագահի անձի մատնանշումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն Թրամփի օրոք վերանայելու է իր մոտեցումները Ուկրաինայի հարցում, և Ուկրաինայի հարցի «կայծակնային» կարգավորումը նշանակում է վերջինիս հակել ընդունել ստատուս քվոն և գրավված տարածքների վերադարձի հարցում նախաձեռնություն չդրսևորել:

Թրամփի ընտրվելու պարագայում՝ անկայուն Մերձավոր Արևելք

Թրամփը միշտ հանդես է եկել հրեական պետության շահերի օգտին: Այդտեղ կտեսնենք Իսրայելին ցուցաբերվող աջակցության մեծացում և անգամ Բայդենի կողմից տարվող՝ ավելի հավասարակշռված քաղաքականության վերանայում՝ ընդհուպ մինչև Պաղեստինի անկախ պետության հնարավորության մերժում Թրամփի կողմից: Չմոռանանք, որ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմ տեղափոխելու գաղափարական հովանավորը Թրամփն էր:

Թրամփի՝ կրկին ընտրվելը՝ Հայաստանի համար լուրջ մտահոգությունների առիթ

Հայաստանի համար ցանկալի է, որ Թրամփը չվերընտրվի ԱՄՆ նախագահ, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս պահին համահունչ է հենց կոնկրետ դեմոկրատների արտաքին քաղաքական պլատֆորմին և վարվող քաղաքականությանը: Մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարության պաշտպանություն ամբողջ աշխարհում, միջազգային իրավակարգի կանոնների վրա հիմնված ժողովրդավարական լիբերալ աշխարհակարգի պահպանում, բռնապետությունների՝ տարածքային ագրեսիվ նկրտումների հակազդում և ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին ցուցաբերվող օգնությունը տեղավորվում է հենց այդ համատեքստում: Թրամփի պաշտոնավարման ժամանակ էր, երբ փաստացի ԱՄՆ-ն իրեն դուրս դրեց միջազգային գործընթացներից և աշխարհը հանձնեց տարածքային հեգեմոն պետություններին, և հատկապես խնդրահարույց ռեգիոններում ռեգիոնալ գերտերությունները իրենց հարցերը լուծեցին միջազգային իրավունքին հակասող ձևով՝ այնպես, ինչպես իրենք են պատկերացնում՝ առանց ԱՄՆ-ի զսպող դերի, և հայկական կողմը արցախյան պատերազմում ունեցավ պարտություն:

ՌԴ-արևմուտք հակամարտության ազդեցությունը՝ անվտանգային և տնտեսական համակարգերի վրա

Թրամփի ընտրվելու պարագայում կառաջանա ԱՄՆ-Եվրամիություն ճեղքվածք, ԱՄՆ-ն իզոլացված քաղաքականությամբ կարող է արևելյան եվրոպական պետություններին միայնակ թողնել՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի: Կարևոր է, որ Եվրամիության հիմնական դերակատարները՝ Ֆրանսիան և Գերմանին, ստանձնեն նաև Եվրամիության ռազմաքաղաքական լոկոմոտիվի դերը և Եվրամիության ինքնաբավությունը ռազմաքաղաքական առումով բարձրացնեն, ինչը թույլ կտա անկախ ԱՄՆ-ում տեղի ունեցող ընտրություններից և դրանց արդյունքներից՝ ապահովել Եվրամիության ամբողջականությունը:

Բայդենի վերընտրվելու դեպքում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կսրվեն: Պատահական չէ գերմանական «Բիլդ» թերթում վերջերս հրապարակված հետազոտությունը, ըստ որի՝ 2025 թվականին եվրոպական հետախուզական կառույցները կանխատեսում են ՌԴ-ի ագրեսիայի փորձ արևելյան Եվրոպայի նկատմամբ:

Հերմինե Կարապետյան; https://armtimes.com/

Verified by MonsterInsights