February 24, 2024

«Երաժշտությունն իմ կյանքն է»,- կասի Առնո Բաբաջանյանը

…«Երաժշտությունն իմ կյանքն է», կասի Առնո Բաբաջանյանը:

Բայց կյանքը միայն երաժշտությունը չէ: Բացատրում էր, թե երգերը յուրատեսակ թռիչքահարթակ էին մեծ գործերի դիմելու համար: Ու երբ այդպիսի մի ընդմիջումից հետո ասպարեզ եկավ ջութակի և դաշնամուրի սոնատը, պարզվեց, որ նա այնքան էլ չի «անլրջացել»: Եվ իր երկար տարիների ընկեր Ալեքսանդր Հարությունյանը շտապեց նկատել. «Իր դրամատիկական ծավալով, բազմապլանությամբ ու փիլիսոփայական մտորումներով այն համարձակորեն կարելի է սիմֆոնիա համարել»:

Այդպիսի թռիչքներից մեկի ժամանակ ծնվեց «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման, ապա՝ կինոնկարի համար գրած երաժշտությունը: Երևի Սարոյանի նման մեծ պիտի լինել այդպիսի երաժշտություն գրելու համար: Հիշեցեք շեփորանվագը, որ «կատարում» էր սիրտը հեռավոր շոտլանդական լեռներում թողած, կյանքին հրաժեշտ տվող Մեք-Գրեգորը:

Տարիներ առաջ ժողովուրդը հրաժեշտ էր տալիս իր նշանավոր ողբերգակին՝ Վահրամ Փափազյանին: Սունդուկյանի անվան թատրոնի այգում ոտք դնելու տեղ չկար. այնքան մարդ էր հավաքվել: Բարձրախոսից «Իմ սիրտը լեռներում է» պիեսի գլխավոր հերոս Մեք-Գրեգորի վերջին մենախոսությունն էր լսվում՝ Վահրամ Փափազյանի կատարմամբ և Բաբաջանյանի գրած թախծոտ շեփորանվագը: Այգում մարդ չկար, որ չլար: Եթե գտնվեին մեկը կամ երկուսը, ապա նրանց սիրտը երևի քար պիտի լիներ:
Այն լսելուց հետո Վիլյամ Սարոյանը կասի Վահագն Դավթյանին.

«Զարմանալի երաժշտություն է: Կթվա, թե սկովտական (շոտլանդական) է, բայց խորքին մեջ հայկական է… Որքան թախիծ կա մեջը… Հայու թախիծ… Զարմանալի, շատ զարմանալի երաժշտություն է»:
Արդյոք, կանցնե՞ր Վիլյամ Սարոյանի մտքով, որ այդ երաժշտության սգո մեղեդիների ներքո է հեռավոր Ֆրեզնոյից բերված իր աճյունասափորը ի պահ տրվելու մայր հողին Երևանի Պանթեոնում:

Եվ եթե ոչ (Վիլյամ Սարոյանն այն համոզմանն էր, որ մահն իր կողքով պիտի անցնի), կանցնե՞ր Վիլյամ Սարոյանի մտքով, որ իր գնալուց շատ չանցած այդ շեփորանվագն է հուղարկավորելու իրեն իսկ՝ հեղինակին՝ այնքան կենսասեր, այնքան կենսախինդ Առնո Բաբաջանյանին:

Առնոյի կենսախնդության մասին Վիլյամ Սարոյանը կասի.

«Ես երկար կհիշեմ երաժշտության, ծիծաղի, պարի, երգի ոգեշնչող զգացմունքների հրաշալի գիշերը Առնո Բաբաջանյանի մոսկովյան տանը»:

Կասեն նաև մյուսները՝ Իգումնովը, Խաչատրյանը, Շոստակովիչը, մյուս ուսուցիչները, ընկերները: Պատկերացրեք, թե ինչ երեկո պիտի անցկացրած լիներ Սարոյանը, երբ կատակասեր Առնոյին այդ օրը միացել էր հումորի անսպառ վարպետ, վաղամեռիկ կինոռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանը, որն այժմ անցյալ դարձած, մեր հիշողության մեջ պատկերանում է միայն իր «Երեք գումարած երկու» կինոնկարով:

Ու այս քեֆերի, ուրախությունների ընդմիջումներին՝ երգեր, երգերի թռիչքահարթակից՝ «Երրորդ կվարտետ» ու «Էլեգիա», դաշնամուրային երրորդ կոնցերտ, որ պիտի գրվեր ու չգրվեց, թավջութակի սոնատ, որ անկատար մնաց, ուրիշ մտքեր, մտահղացումներ, երազանքներ, որ դարձյալ անկատար մնացին…

Нет описания фото.

Առնոն կասեր. «Մարդ թերևս չպետք է անընդհատ կրկնի. «Ես սիրում եմ քեզ, կյանք». ավելի շատ նա իր ստեղծագործություններով պետք է հարուցի այդ միտքը: Ես սիրում եմ կյանքը և կարող եմ նրան դիմել երգի խոսքերով. «Ամեն ինչի համար շնորհակալ եմ քեզ»:

Ոչ մի դժգոհություն կյանքից, ոչ մի դժգոհություն նաև այն բանի համար, որ կյանքը նրան նեղություններ էր բերել ծանր հիվանդության պատճառով, բերել ոչ թե օր ու ամիսներով, այլ՝ տարի-տարիներով:
…Դիլիջան: ԽՍՀՄ կոմպոզիտորների միության ստեղծագործական տուն: Առանձնատուն թիվ 21:

Պատշգամբը նայում է անտառին՝ խիտ կանաչով, նայում է ձորին՝ ամառ թե ձմեռ վշշացող գետակով, սարյակն է երգում, կտցարը չորացած մի հաստ ճյուղ է գտել, սկյուռը և կարմրապոչ կզաքիսը «լարում» են ճնճղուկներին:

Առնոն պատշգամբում է ու ասում է.

_Լավ չեմ, բաներս բուրդ են:

Իսկ հինգ տարի առաջ լավատեսորեն էր տրամադրված.
«Իմ ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանը կարծում եմ նոր է գալու, իմ ամենահաջողված գործը ամենավերջին գործն է, իսկ ամենալավն այն է, որ նոր պիտի գրեմ»:

Հիմա հինգ տարի անց.

_Գործերս լավ չեն, հիվանդ եմ:

Քիչ ապրեց նա հողի վրա:

Վաթսուներկու տարի ինն ամիս տասնինը օր:

Չգիտես՝ ուր էր շտապում, ինչու էր շտապում: Եթե փառքի ու անմահության, շտապելու հարկ չկար, որովհետև կենդանության ժամանակ փառքն ու անմահությունը հասել էին իրեն: Նա արդեն վայելում էր:
Շտապում էր: Իզուր, անիմաստ:

Բայց և չէր ուզում շտապել. հիվանդությունն էր դաժանորեն շտապեցնում:

Ռոդիոն Շչեդրինը գրել է. «Նրա կյանքում շատ էին դժվարությունները: Երկար տարիներ նա տառապագին պայքարում էր հիվանդության դեմ, բայց զարմանալի լավատեսությունը, ստեղծագործական իմպուլսով մշտական վարակվածությունը, հազվագյուտ կենսասիրությունը օգնում էին նրան ամեն օր»:
Երևանում, Մոսկվայում, Փարիզում և ուրիշ տեղերում դեղ ու բժիշկ չմնաց:

Ու «Երևանցի տղան», որ ասում էր, թե՝ «Մոսկվայում բնակվում եմ, Երևանում՝ ապրում», երբ զգաց, որ ժամանակն անողոք ստիպում է սպառվել, եկավ իր քաղաքը, եկավ հանգչելու իր քաղաքում: Չլսեց ոչ մի հորդոր՝ մեկնել վիրահատվելու. «Վիրաբույժին այստեղ բերեք»: Վիրաբույժին այստեղ բերեցին: Ուշ էր: Բժշկությունն անզոր էր, վիրահատությունն անզոր էր:

Ու հանգավ իր քաղաքում:

1983 թվականի նոյեմբերի 11-ին:

Մի քանի օր անց ամբողջ Թումանյան փողոցով, Լենինի պողոտայից սկսած մինչև Խանջյան փողոցն ընկած հատվածով, ժողովուրդը՝ հուղարկավորելու եկած նրան այնքան սիրող ժողովուրդը, ծաղիկներ էր շաղ տալիս…

Ամբողջ փողոցով մեկ:

Տողերիս հեղինակին գործի բերումով տխուր պարտականություն էր վիճակվել. ներկա լինել նրա հուղարկավորությանը և ի պաշտոնե մամուլի համար գրել այն հաղորդումը, որը վերնագրված էր. «Առնո Հարությունի Բաբաջանյանի թաղումը»:

Դա 1983 թվականի նոյեմբերի 15-ին էր…

Այդ օրը, երբ թափորի հետ դուրս եկանք Երևանի օպերային թատրոնի հրապարակ, արևն էլ ամպերի ետևից դուրս եկավ:

Սա ի՞նչ է, զարմանալի զուգադիպությո՞ւն:

…1972 թվականի մայիսի 5-ին աշխարհին հրաժեշտ տվեց Մարտիրոս Սարյանը: Այդ օրը մեր վշտին իր տխրությունն էր խառնել երկինքը. անձրև էր տեղացել ու չէր դադարել մինչև մայիսի 11-ը՝ Սարյանի թաղման օրը: Այդ օրն էր արև արել:

…1983 թվականի նոյեմբերի 11-ին Առնոն հեռացավ: Մնացածը նույնն էր, անձրև եկավ այդ օրը, ու արևը ամպերի ետևում պահ մտավ մինչև նոյեմբերի 15-ը…

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

Verified by MonsterInsights