February 25, 2024

Փողոցային բարքեր, բանդիտիզմ ու սենսացիոն վարկանիշ. ինչ աղմուկ է «Слово пацана» ֆիլմի շուրջ և ինչ կապ ունի Պուտինը

«Wink» և «Start» օնլայն կինոթատրոնները թողարկել են «Слово пацана. Кровь на асфальте» սերիալը՝ ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովի շարքը՝ տարիներ առաջ Կազանի ավազակային խմբերի մասին (հիմնված Ռոբերտ Գարաևի համանուն գրքի վրա):

Ֆիլմը իրական իրարանցում է ստեղծել ոչ միայն Թաթարստանում, ամբողջ Ռուսաստանում, այլ ԱՊՀ տարածքում և դրանից դուրս գտնվող գրեթե բոլոր երկրներում, որտեղ հասանելիություն կա ֆիլմին:

Հայտնի է, որ «գողական» կյանքի անցուդարձին, արյունալի իրադարձություներին, ծեծկռտուքներին ու փողոցային բարքերին առնչվող ֆիլմերը գրեթե մշտապես բարձր դիտողականություն են ապահովում՝ հատկապես գրավելով դեռահաս, պատանի ու երիտասարդ տարիքի հեռուստադիտողներին: Նույնն է նաև այս ֆիլմի դեպքում, սակայն այս պարագայում «աղմուկը» ներառում է նաև քաղաքական աստառ, շոշափվում է ընդհուպ մինչև ՌԴ նախագահի անունը:

Ուշագրավ է, որ ֆիլմի եզրափակիչ մասին նախորդել է մի ամբողջ արշավ՝ մինչև անգամ չմոնտաժված դրվագների առեղծվածային արտահոսք համացանց։ Սերիալը դարձել է 2023 թվականի ամենաքննարկվող մշակութային իրադարձություններից մեկը Ռուսաստանում։ Ֆիլմի շուրջ ամենասենսացիոն քննարկումներն ու բացահայտումները՝ մեր ստորև անդրադարձում:

Ինչի մասին է սյուժեն

Ովքեր չեն դիտել ֆիլմը, նշենք, որ այն իրական փաստերի հիման վրա է նկարահանված, Թաթարստանի 1980-ականների պատմությունն է, երբ մինչ ծնողները աշխատում են ապրուստի համար, բոլորի կողմից իրենց լքված զգացող դեռահասները հավաքվում են փողոցային խմբերով և ավազակությամբ պայքարում կյանքի ու գոյատևման համար՝ «տղայական հասկացությունների» համաձայն: Բառացիորեն նրանք փորձում են վերահսկել այն ամենը, ինչ կա «իրենց» հողի վրա ու շարժվում է այնտեղ։ Ընդհանուր աղքատության մեջ կան կյանքի հստակ կանոններ, աջակցություն իրար և տղայական խոսք (слово пацана), որն ավելի ուժեղ է, քան երդումը:

Անցյալ դարի երկրորդ կեսին փողոցային հանցագործությունը տարածվել էր ԽՍՀՄ շատ քաղաքներում, սակայն հենց Կազանում խնդիրն այնպիսի չափեր է ստացել, որ ի վերջո պատմության մեջ մտել է որպես «Կազանի ֆենոմեն»։

1980-ականների վերջին քաղաքը բաժանված էր տասնյակ փողոցային ավազակախմբերի միջև։ Այն ժամանակվա ավազակախմբերին բնորոշ էին կանոնավոր զանգվածային կռիվները տարածքի համար, այսպես կոչված՝ «ասֆալտի համար մարտեր»։ Դրանց մասնակիցներից մի քանիսին ծեծելով սպանել են։ 1990-ականներին կռիվները հետին պլան մնացին. չափահաս «տղաները» սկզբում հայտնաբերեցին բիզնեսը, իսկ հետո՝ թմրանյութերը: Դանակների և հերոինի գործադրմամբ խմբակային բռնությունը դարձել էր այն ժամանակվա Կազանում երիտասարդների մահվան սովորական պատճառ։

«Տղայի խոսքը» ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 1989 թվականին և հիմնականում կենտրոնանում դպրոցականների շրջանում փողոցային հանցագործության խնդիրների վրա, ինչը սերիալը դարձնում է եզակի՝ համեմատած անցյալ տարիների ռուսական այլ քրեական հեռուստատեսային նախագծերի հետ։

Աղմուկ ու թեժ քննարկումներ

Էկրանային «արյունը ասֆալտի վրա» վերածվել է մահացու կռիվների սոցիալական ցանցերում և էկրանների առջև հավաքված խմբերի շրջանում. «Տղայի խոսքը» հուզել է բոլորին, այդ թվում՝ նաև նրանց, ովքեր չեն դիտել այն, ֆիլմը տասնյակ հարցեր է առաջացրել:

Արդյո՞ք «Слово пацана»-ն («Տղայի խոսքը») պահպանում է պատմական ճշգրտությունը և հավաստիորեն փոխանցում հանցագործ Կազանի կյանքը 1989 թվականին: Այս հարցի պատասխանում ավելի ուշագրավ է այն, որ հեռուստադիտողը, որն այն ժամանակ այնտեղ չի ապրել, հավատքով է ընդունում ու ընկալում այն, ինչ տեսնում է ֆիլմի դրվագներում։ Իսկ նրանք, ովքեր եղել են իրադարձությունների ժամանակակիցը, նշում են, որ հիշողությունը սուբյեկտիվ է, գեղարվեստական ստեղծագործությունը՝ առավել ևս։ Բավական է միայն այն, որ նախկին կազանյան ավազակները (բանդիտները) գնահատել են սերիալը և գովեստի խոսքեր շռայլել:

Ի դեպ, ֆիլմը նկարահանվել է պետական ֆինանսավորմամբ՝ Համացանցի զարգացման պետական ինստիտուտի (IRI) կողմից, որը ներդրումներ է կատարում նաև ռազմահայրենասիրական քարոզչական նախագծերում, գրել է Meduza-ն որոշ ժամանակ առաջ:

Հենց այս հանգամանքն է պատճառ դարձել այն թեժ քննարկումների, համաձայն որոնց՝ «Տղայի խոսքի» հեղինակները «գնվել են Կրեմլի կողմից, ֆիլմը վերահսկվել, ու պատվիրվել է Կրեմլից, և նրանում քաղաքական բոյկոտ կա»: Անգամ շոշափվում է անձամբ ՌԴ նախագահից «դոբրո» ստանալու մասին կարծիքը: Որոշ մտքերում նշվում է, որ ՌԴ տարածքում նման ֆիլմի թողարկումը «իրական տղաների» կյանքի ցուցադրումն է և ԼԳԲՏ համայնքի դեմ ստվերված գործողություն, որի կոշտ քննադատներից մեկն էլ, ինչպես հայտնի է, ՌԴ նախագահն է:

Այսօր Ռուսաստանում պետական ֆինանսավորման նման անուղղակի նշանները քիչ նշանակություն ունեն, գրեթե ցանկացած ֆիլմ կամ հեռուստասերիալ հովանավորվում է պետության կողմից: Բայց Ռուսաստանում «Տղայի խոսքը» արգելելու մասին հնչում են տասնյակ կոչեր, անգամ՝ պատգամավորների կողմից ու հանրային տարատեսակ հարթակներում: Սերիալի քննադատները այն համարում են բանդիտիզմի քարոզ ու գտնում, որ կադրերը բացասական ազդեցություն են թողնում դեռահասների վրա: Արգելքին, սակայն, դեմ են արտահայտվել մինչև անգամ ՌԴ ներքին գործերի նախարարությունը, Ռոսկոմնադզորը, ազդեցիկ անհատներ ու գործիչներ:

Ֆիլմը քննադատությունների տարափի տակ է հայտնվել դեռ քասթինգային փուլում, սկսել հալածվել Թաթարստանի մշակութային հասարակության ու կազմակերպությունների, իշխանությունների պատճառով: Տեղական իշխանությունների դիրքորոշման պատճառով սերիալի նկարահանումները, որ պետք է տեղի ունենային Կազանում, տեղափոխվել են Յարոսլավլ։

Ռեյտինգային բում, աննախադեպ հաջողություն ու «բողոքի գրոհ»

«Слово пацана» սերիալը դարձել է 2023 թվականի ամենասպասված սերիալը և թողարկվելուց հետո հինգերորդ շաբաթն է՝ առաջին տեղն է զբաղեցնում Ռուսաստանում։ Ըստ Kinopoisk Pro ծառայության՝ հանդիսատեսի հետաքրքրությամբ այն երեք անգամ առաջ է անցել «The Squid Game-»ից։

«Слово пацана»-ի հանրաճանաչության ֆոնին իշխանությունները սկսեցին կոչեր անել արգելել սերիալը։ Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովն անընդունելի է անվանել հեռուստասերիալները, որոնցում, ըստ նրա, ռոմանտիզացվում է Ռուսաստանի պատմության «դեռահասների խմբավորումների առաջացման հետ կապված» շրջանը։ Իսկ նոյեմբերի վերջին սերիալի թողարկումից հետո հանրապետության մանկական օմբուդսմեն Իրինա Վոլինեցը դիմել է Ռոսկոմնադզորին՝ խնդրանքով արգելափակել այն կայքերը, որոնցում այն ցուցադրվել է։ Գերատեսչությունը, սակայն, շարքում խախտումներ չի հայտնաբերել։

Նույնիսկ ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, որը հայտնի է իր պահպանողական հայացքներով, հանդես է եկել ի պաշտպանություն «Տղայի խոսքի»՝ սերիալն արգելելու կոչերը անվանելով «ահռելի հիմարություն», իսկ ֆիլմը՝ «իրականության հզոր պատկերավորում»:

«Եթե ձեր երեխաները սա նայեն ու այսպիսին դառնան, ուրեմն դուք տխմար ծնողներ եք»,- ասել է նա։

Սերիալում ճշգրիտ կերպով վերարտադրված է փողոցային երիտասարդների սարսափելի կյանքը, բռնություն, մահ, ժարգոնային շփում, բռնություն աղջիկների նկատմամբ և այլն:

Ինչպես ցույց է տալիս Google Trends ծառայությունը, նոյեմբերի երկրորդ կեսին «Слово пацана»-ի թողարկումից հետո RuNet-ի օգտատերերին աներևակայելիորեն հետաքրքրել է սերիալում օգտագործվող «չուշպան» բառը։ Տարածաշրջանային ռուսական լրատվամիջոցները գրել են, որ դեռահասները սկսել են նմանակել սերիալի հերոսներին և օգտագործել դրանից արտահայտություններ, այդ թվում՝ կռիվների ժամանակ։

Չնայած աննախադեպ վարկանիշին՝ կինոքննադատները կարծում են, որ Ռուսաստանում այժմ էլ կան անբարենպաստ բնակավայրեր, անապահով շրջաններ՝ անապահով երիտասարդներով, որոնք հակված են հանցագործ խմբավորումներին, բայց հանցավոր միջավայրում ընդհանուր աճ չկա, թեպետ փողոցային բանդաները անցյալում չեն: Դրանք շարունակում են գոյություն ունենալ Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Կազանում։ Մեր օրերում այդ խմբերը զբաղված են ռեկետով՝ տաքսու վարորդներից կամ շուկայի վաճառողներից փող վերցնելով և այլն։ Այդ խմբերում կան դեռահասներ ու պատանիներ ևս:

Ըստ քննադատների՝ այս առումով «Տղայի խոսքը» կարող է «վատ նվեր» դառնալ Թաթարստանի իշխանությունների համար, որովհետև առկա հիշյալ խմբավորումները կարող են «ոգեշնչվել» ֆիլմի դրվագներով:

Կստացվի՞ կանխել դեռահասների՝ ֆիլմի ընդօրինակումը

Համանուն գրքի հեղինակ Ռոբերտ Գարաևը, որի պատմության հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը, ի պատասխան մտավախությունների՝ հիշեցրել է, որ սերիալը կրում է «18+» պիտակը և հորդորել է դեռահասներին չդիտել այն (Գարաևը նաև ակտիվ մասնակցել է նկարահանումներին՝ որպես պատմության հեղինակ և տվյալ ժամանակահատվածի ականատես ու մասնակից, մինչև անգամ խորհուրդներ է տվել հագուստի հարցում):

Ֆիլմի թողարկմանը զուգահեռ, սերիալի ստեղծողները սկսել են նոր սոցիալական և կրթական նախագիծ՝ «Տղաները փոխվում են» («Пацаны меняются»)խորագրով՝ օգնելու դեռահասներին և նրանց ծնողներին հաղթահարել դեռահասության բարդ շրջանը: Որպես օրինակ օգտագործելով «Տղայի խոսքի» տեսարանները՝ նախագիծը դպրոցականներին ասում է, թե ինչ հետևանքներ կարող են առաջանալ չմտածված գործողությունների հետևանքով, ինչպես նաև մեծահասակներին պատմում է, թե ինչպես արձագանքել դժվար իրավիճակներում, որոնք կապված են աճող երեխաների վարքագծի հետ:

«Ցանկացած տղա ու խուլիգան առաջին հերթին որդի է, թոռ, եղբայր, եղբորորդի։ «Տղայի խոսքը. Արյուն ասֆալտի վրա» ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, եթե աչքաթող անեք երեխային: Մեր շարքը հզոր պատվաստանյութ է բռնության և հանցագործության դեմ։ Այն անկեղծորեն ցույց է տալիս, որ նման բանդիտական խմբերում ոչ մի ռոմանտիզմ չկա»,-ասել է Wink.ru վիդեո ծառայության գործադիր տնօրեն Անտոն Վոլոդկինը:

Նշենք՝ Ռոսկոմնադզորը ստուգում է անցկացրել, որի ընթացքում ֆիլմում օրենքի խախտում չի հայտնաբերել. սերիալն արգելված չէ և չի արգելվի ՌԴ-ում։ Գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ ժապավենն ունի տարիքային նշում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «Слово пацана»-ն երկարաձգվել է, կլինի երկրորդ եթերաշրջան։ Սպասվում է, որ այն կթողարկվի 2024 թվականի գարնանը։

Verified by MonsterInsights