February 22, 2024

4 մարդ ողջ է. նոր մանրամասներ են հայտնի դարձել Աֆղանստանի լեռներում կործանված ռուսական օդանավից

Աֆղանստանի հյուսիսում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը ողջ են մնացել։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ տեղական պաշտոնյաներին հղումով։

Նախնական տվյալներով՝ Աֆղանստանում կործանված մարդատար ինքնաթիռում եղել է վեց մարդ՝ անձնակազմի չորս անդամ և երկու ուղևոր։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա)։

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական ինքնաթիռների պետական ռեգիստրում գրանցված Falcon 10 ինքնաթիռը շաբաթ օրը՝ հունվարի 20-ի երեկոյան, գտնվելով Աֆղանստանի օդային տարածքում (Տաջիկստանի սահմանի մոտ), դադարեցրել է հաղորդակցությունը և անհետացել ռադարների էկրաններից։

Տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը շտապօգնության չարտերային չվերթ է իրականացրել Գայա (Հնդկաստան) – Տաշքենդ (Ուզբեկստան) – Ժուկովսկի (Ռուսաստան) երթուղով, սակայն ինքնաթիռի սկզբնական մեկնման կետը եղել է Թայիլանդի Ուտապաո օդանավակայանը։

Ինքնաթիռում ծանր վիճակում գտնվող ռուս կնոջը Թայլանդի հիվանդանոցից տարհանել են Ռուսաստանի Դաշնություն։ Նրան ուղեկցել է ամուսինը՝ ռուս գործարար, ով էլ հենց վճարել է տարհանման թռիչքի ծախսերը։

«Ռոսավիացիան կապի մեջ է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայումս օդանավի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ Մոսկվա թռչող մասնավոր ինքնաթիռը կործանվել է Աֆղանստանի Բադախշան նահանգի լեռնային շրջանում։

Verified by MonsterInsights