February 24, 2024

ՔՊ-ն ևս կողմ է քվեարկել. ընդունվեց Գյումրու 2024 թ․ բյուջեն

Այսօր Գյումրու ավագանու արտահերթ նիստում հաստատվեց համայնքի 2024թ-ի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանը։ Այս երկու նախագծերը 2023 թվականի տարեվերջյան նիստում րչէին ընդունվել, քանի որ ավագանու խմբակցությունները որոշակի խնդիրներ ու բացթողումներ էին նկատել:

Տարեկան աշխատանքային պլանը ներկայացնելիս քաղաքապետի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանն ասաց՝ առաջարկները, որոնք ներկայացվել են խմբակցությունների կողմից, բոլորն առանց բացառության ընդունվել, ներառնվել են տարեկան աշխատանքային պլանում:

Սրանով պայմանավորված էլ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցությունները կողմ քվեարկեցին նախագծերին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու աշխատանքային պլանին և բյուջեի նախագծին, բայց սա չի նշանակում, որ մենք ամեն տողի հետ համաձայն ենք: Մենք սա անում ենք՝ հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը և՛ սուբվենցիոն ծրագիր է իրականացնում, և՛ դոտացիայի այս տարվա չափն է ավելացրել, և՛ ամեն կերպ նպաստում է Գյումրու զարգացմանը:

Մենք բնականաբար լինելով այդ ամենի կրողն ու շարուակողը, մեր տեղում նպաստելու ենք, որպեսզի այդ բոլոր ծրագրերը իրականանան: Մեր մղումները քաղաքի և գյումրեցու շահի հետ օրգանիկ կապ ունեն:

Սա է պատճառը, որ մենք համագործակցային տարբերակով փորձելու ենք հնարավորություն տալ «Բալասանյան դաշինք»-ին, որպեսզի գյումրեցիները չտուժեն և կարողանանք քաղաքը ոտքի կանգնեցնել հնարավոր բոլոր ջանքերով»,- ելույթի իր խոսքում ասաց խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին տեղեկացրեց, որ ավագանու լիազորությունների շրջանակներում խիստ վերահսկողություն են իրականցնելու համայնքի բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի կատարման նկատմամբ, ինչին ի պատասխան քաղաքապետան ասաց.

«Մենք ուրախ կլինենք»:

Ելույթ ունեցավ նաև «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը: Ասաց՝ իրենք էլ են հետևողական աշխատելու:

«Բոլորս էլ Գյումրիից ենք ու դա շատ կարևոր է, քանի որ շատ լավ գիտենք՝ ով ով է, խոսքս աշխատանքային գործողությունների մասին է, բոլորս էլ հասկանում ենք: Ինչ վերաբերում է բյուջեին ու աշխատանքային պլանին, շնորհակալություն, իմանայինք էսքան բարի էիք, մի 10 կետ էլ կավելացնեինք: Չէինք պատկերցնում, որ էսքան ընդառաջ կգնայիք, էս էլ խզելու լավ կողմն է (նկատի ունի 2023-ի դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ ունեցած «Համագործակցության մասին» հուշագիրը միակողմանիորեն խզելը):

Առաջարկում ենք, պատրաստ ենք, և պնդում ենք, որ պետք է մենք մեր մասնակցությունն ունենանք համայնքապետի հետ քաղաքի համար կարևորագույն որոշումների կայացման հարցում: Դուք պատրա՞ստ եք, պարոն Սամսոնյան»,- հարցրեց Հակոբյանը:

Քաղաքապետն ասաաց՝ իրենց դռները միշտ բաց են ցանկացած օգտակար և քաղաքի շահից բխող առաջարկի համար:

Հակոբյանն էլ հակադարձեց՝ այլ պատասխանի ակնկալիք ուներ:

«Պարոն Սամսոնյան, այս երկու տարում նախադասությունները նույնը եղան՝ դռներս բաց է: Ես ասում  եմ, որ այդ հնարավորությունը Դուք եք մեզ տալու, ոչ թե մենք: Դուք եք համայնքապետը: Եթե այդպես լիներ, էս մարդիկ ինչի պետք է հուշագիրը խզեին գնային»:

2024թ-ի Գյումրու բյուջեն ընդունվեց միաձայն:

2023-ի տարեվերջյան՝ դեկտեմբերի 29-ի նիստն ավարտվել էր անսպասելի իրադարձությամբ. քաղաքի 2024 թվականի բյուջեն չէր ընդունվել:

Նախագծին կողմ էին քվեարկել միայն «Բալասանյան դաշինք»-ը և «Հանրապետական» խմբակցությունը: Ունեցած երկուական ձայնով ձեռնպահ էին մնացել «Ապրելու երկիր» և «Զարթոնք» խմբակցությունները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 11 անդամով դեմ էր քվեարկել նախագծին:

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին վրդովվեցրել էր բյուջեի նախագծի չընդունումը: Վերջինս ասել էր, թե տեղի ունեցածը թողնում է գործընկերների խղճին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը խնդրել էր չմանիպուլացնել քվեարկության արդյունքները:

Verified by MonsterInsights