February 25, 2024

ԵԽԽՎ-ում առաջարկվել է չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովը երեքշաբթի իր լիագումար նիստում խորհուրդ է տվել չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

Որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։

Հանձնաժողովը համարել է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։ Սա նշանակում է՝ հիշյալ պատվիրակությունը 1 տարի չի կարողանա մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին:

Թե ԵԽԽՎ-ն ինչ ձևով կսահմանափակի ադրբեջանցի պատգամավորների լիազորությունները, հայտնի կդառնա հունվարի 24-ի ցերեկային ժամերին կայանալիք բանավեճում։ Լիագումար նիստը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Սահմանափակումը, սակայն, չի նշանակի Ադրբեջանի մասնակցության դադարեցում Եվրոպայի խորհրդի այլ կառույցներում:

Նշենք, որ Ադրբեջանի լիազորությունները սահմանափակելու նախաձեռնությամբ հանդես էր եկել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։ Որպես պատճառ նա նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումները և քաղբանտարկյալների թվի աճը, ինչպես նաև պաշտոնական Բաքվի մերժումը ԵԽԽՎ պատվիրակությանը փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունները գնահատելու համար հրավեր ուղարկելուց։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին 2023 թվականին Լաչինի միջանցք մուտքի իրավունք տալ:

Հիշեցնենք՝ այս ամենը, սակայն, չի խանգարել, որ Կազմակերպությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն ընտրվի ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում։

ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակվել է բանաձևի նախագիծը, որով առաջարկվում է կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

Խորհրդարանական վեհաժողովը հիշեցրել է, որ 2001 թվականի հունվարի 25-ին միանալով Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանը համաձայնել է կատարել Վեհաժողովի մի շարք կոնկրետ պարտավորություններ, ինչպես նաև հավատարիմ մնալ բոլոր անդամ պետությունների վրա դրված պարտավորություններին` բազմակարծիք ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների պահպանում, ինչպես նաև հարգանք իր իրավասության տակ գտնվող բոլոր մարդկանց իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ:

Վեհաժողովը ափսոսանք է հայտնել, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ավելի քան 20 տարի անց էլ Ադրբեջանը դեռ չի կատարում հիմնական պարտավորությունները՝ հավելելով, որ բավական լուրջ մտահոգություններ են առաջացնում նաև երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունները:

Ըստ կառույցի՝ մտահոգություն է առաջացրել նաև փաստը, որ, համաձայն լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման Եվրոպայի խորհրդի հարթակի, առնվազն 18 լրագրող և լրատվամիջոցի ներկայացուցիչ ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Այդ կալանքների մեծ մասը տեղի են ունեցել բոլորովին վեջերս:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, Վեհաժողովն իր 2508 (2023) «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» բանաձևով հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի բացակայությունը և ապշել այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ընդունել մոտ տասը ամիս տևած այդ իրավիճակից բխող մարդասիրական և մարդու իրավունքների խախտումներով ուղեկցված հետևանքները։ Ավելին, Վեհաժողովն իր 2517 բանաձևում և 2260 «Մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» հանձնարարականում դատապարտել է ադրբեջանական բանակի ռազմական գործողությունը 2023 թվականի սեպտեմբերին, որը հանգեցրել էր Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչության փախուստին, ներկայացվել են էթնիկ զտումների մեղադրանքներ: Վեհաժողովը հիշեցրել է, որ 2517 բանաձևում չի բացառել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վիճարկումը 2024 թվականի առաջին նստաշրջանում»,-ասվում է ԵԽԽՎ կայքում հրապարակված փաստաթղթում:

Նաև նշվում է, որ մոնիթորինգի հանձնաժողովի զեկուցողներին թույլ չի տրվել հանդիպել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց հետ։

Ավելին, Վեհաժողովն ափսոսանք է հայտնել, որ իրեն չեն հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու գալիք նախագահական ընտրությունում՝ չնայած նման հրավեր ուղարկելու Ադրբեջանի պարտավորությանը, քանի որ երկիրը գտնվում է մոնիթորինգի ընթացակարգի մեջ։

Ըստ փաստաթղթի՝ խորը մտահոգության է արժանի նաև այն, որ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» հարցով հանձնաժողովի զեկուցողին տարածաշրջան ճանաչողական այցի ժամանակ չեն հրավիրել Ադրբեջան, և, այդպիսով, նա չի կարողացել այցելել Լաչինի միջանցք:

Այս ամենը հաշվի առնելով, Վեհաժողովին առաջարկվում է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:

Նշենք՝ Ադրբեջանը մշտապես բախվում է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների քննադատությանը երկրի իշխանությունների քայլերի, ճնշումների և ազատության սահմանափակումների պատճառներով: 2017 թվականին երկրի նկատմամբ քաղաքական պատժի հատուկ ընթացակարգ է սկսվել, այնուհետև Ստրասբուրգի ճնշման ներքո իշխանությունները բանտից ազատ արձակեցին ընդդիմադիր քաղաքական գործիչ Մամեդովին։

2022 թվականին ԵԽԽՎ-ում արդեն ակնարկներ են եղել Ադրբեջանին ԵԽ-ից հեռացնելու մասին։

Verified by MonsterInsights