February 25, 2024

Զոհված զինվորների ծնողները չեն հանդիպի Վահե Ղազարյանի հետ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնադրած «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հրաժարվել է հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։

Հայտարարությունում, որը տարածել են զոհված հերոսների ծնողները, նշված է․

«2022 թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության կողմից տեղի ունեցան վայրագություններ, բերման ենթարկվեցին նահատակված զինծառայողների ծնողներ, նրանց մի մասը ստացավ մարմնական վնասվածքներ։ Ավելի քան մեկ տարի տևած քննչական գործողություններից հետո «21-ի գործը» կարճվեց, և ոչ մի ոստիկան չենթարկվեց պատասխանատվության։ Բերման ենթարկված ծնողների մեծ մասը «Որդիների կանչ» ՀԿ անդամներ են։ Սույն թվականի հունվարի 20-ին ՆԳ նախարարը ցանկություն հայտնեց հանդիպելու բերման ենթարկված ծնողների հետ։

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարում է, որ մերժում է այս իշխանության որևէ ներկայացուցչի կողմից ցանկացած առաջարկ։ Սա այն վարչախումբն է, որի օրոք դավաճանվեցին մեր որդիները, հանձնվեցին Հայաստանի ինքնիշխան տարածքները, անմխիթար կացարանում ողջ-ողջ այրեցին 15 զինծառայողի, Արցախը ենթարկեցին ցեղասպանության և հայաթափման, հիմա էլ խաղաղ պայմաններում սպանվում են զինվորականներ, հարձակվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա, Հայրենիքն ու պետությունը նույնականացվում են։

«Որդիների կանչ» ՀԿ-ն պայքարելու է այս ազգադավ իշխանության դեմ և ամեն ինչ անելու է, որ շուտափույթ ազատվենք այս վարչախմբից, որի ներկայացուցիչներից մեկն էլ Վահե Ղազարյանն է»։

Այս վարչախմբի օրոք դավաճանվեցին մեր որդիները․ Զոհված զինվորների ծնողները չեն հանդիպի Վահե Ղազարյանի հետ

Verified by MonsterInsights