February 25, 2024

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստն ընթանում է լարված․ հնչում են հայհոյանքներ և սպառնալիքներ

Այսօր շարունակվում է Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստը, որն ընթանում է լարված մթնոլորտում։

Մասնավորապես գործով տուժող Լևոն Խառատյանի հարցաքննության ժամանակ այլ տուժողների իրավահաջորդները դժգոհություն հայտնեցին, որ, իրենց կարծիքով, Խառատյանը չի պատասխանել կարևորություն ունեցող հարցերի, որոնցից մեկը վերաբերում է նրան, որ տեղի ունեցածի օրը զինվորները ոչ թե ծառայություն են իրականացրել, այլ սուրճ են խմել, ինչին ի պատասխան, Խառատյանը նշեց, որ ինքն արդեն ամեն ինչ ներկայացրել է։

Վերջինս միայն ընդգծեց, որ տղաները պատրաստվել են սուրճ կամ թեյ խմել, սակայն այլ մանրամասներ չի հիշում։ Ըստ նրա՝ այլ հարցերի իմաստը չի տեսնում, ինքն իր ծառայությունն իրականացրել է, բայց եղել է պահ, որ ներս է մտել։

Լևոն Խառատյանի այս պատասխաններից հետո գործով այլ տուժողների իրավահաջորդները սկսեցին վիրավորել և հայհոյել նրան, նույնիսկ սպառնալիքներ հնչեցնել։

«Որ պահին հիշողությունը տեղը եկավ, վիզը ոչխարի պես կտրելու եմ»,- նիստի ընթացքում հայտարարեց տուժողներից մեկի իրավահաջորդը։

Դատական նիստը ստեղծված իրավիճակի պատճառով ընդմիջվեց։

Verified by MonsterInsights