February 24, 2024

Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին միանալու հարցում Հայաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրել է Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները:

Այս մասին վարչապետը հայտարարեց Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մեր գործընկերներին եմ ներկայացրել նաև Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները, որի մասին հնարավորություն ունեցա խոսել և ներկայացնել նախորդ տարի հոկտեմբերին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ համաժողովին մասնակցության ժամանակ: Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև:

Ընդգծել ենք, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը, որին միանալու հարցում Հայաստանը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն»,- ասաց վարչապետը։

Verified by MonsterInsights