February 22, 2024

Հայաստանի իշխանություններն ուզում են «տակո՞վ անել» Արցախբանկի գումարները

Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ քննարկումներ են ընթանում Արցախի ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորելու ուղղությամբ, որի ուսումնասիրության առարկան են դառնալու Արցախի պետական միջոցների վատնման, յուրացման, ինչու ոչ՝ անհետացման հարցերը։

«Հրապարակ» թերթը գրում է. Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի՝ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան կդառնա Արցախբանկի 15 մլրդ դրամի հարցը։ Նշենք, որ մոտավորապես այդքան է բանկում պետության ունեցած բաժնեմասը։

Ի դեպ, պատմում են, որ 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից օրեր առաջ՝ օգոստոսի 31-ին, պետական բաժնեմասը վաճառվել է Արցախբանկի սեփականատեր հանդիսացող Արտակ Բալայանին եւ Արցախի նախկին նախագահ, ներկայում ադրբեջանական բանտում գտնվող Արայիկ Հարությունյանին պատկանող համատեղ ընկերությանը, սակայն սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունները եւ հետո Արցախի բռնի հայաթափումն առիթ են դարձել, որ հայաստանյան պատկան մարմիններն օգտվեն իրավիճակից եւ «պղտոր ջրում ձուկ որսան»։

Ըստ արցախյան աղբյուրների՝ ՀՀ Կենտրոնական բանկը չի գրանցել այդ գործարքը, եւ պետական բաժնեմաս հանդիսացող այդ 15 մլրդ փայաբաժինն Արցախի կառավարության ներդրումային հիմնադրամի սեփականությունն է: Սակայն Նիկոլ Փաշինյանը չի թույլատրում վերագրանցել այդ հիմնադրամը Հայաստանում, եւ, ըստ այդմ, այդ բաժնեմասն էլ մնացել է օդից կախված վիճակում, որը կփորձեն տակով անել` մտցնել ՀՀ բյուջե։ Մինչդեռ այդ գումարով կարելի էր հոգալ բոլոր տեղահանված արցախցիների ոչ միայն սոցիալական կարիքները, կենսաթոշակների եւ զանազան այլ խնդիրներ, այլեւ բնակարաններով ապահովել անապահով խավին։ Բնական է, որ ԿԲ-ն` իր նախագահով, ինքնագլուխ չի գործում, այս պրոցեսի «քավորը» Նիկոլ Փաշինյանն է, ով ատում է Արցախը եւ Արցախի հետ կապված յուրաքանչյուր բան, բայց ո՛չ արցախցիների փողերը։

Հանձնաժողովի ուսումնասիրության հարց կդառնա նաեւ կենսաթոշակային կուտակային ֆոնդերին չփոխանցված մոտ 1.2 մլրդ-ի ճակատագիրը, որի մասին մենք օրերս գրել էինք։ Անցած տարվա մայիս ամսվանից Արցախի բնակչության եկամուտներից` օրենքով սահմանված գումարները չեն փոխանցվել կենսաթոշակային կուտակային ֆոնդերին։

Ֆինանսների այդ ժամանակվա նախարար Վահրամ Բաղդասարյանը մեզ պարզաբանում էր տվել, թե խնդիրը եղել է տեխնիկական՝ բլոկադայի ժամանակ հովհարային անջատումներով պայմանավորված, իսկ հարկայինում կուտակայինների հաշվարկն անելու համար համակարգը 24-25 ժամ անխափան պետք է աշխատի։ Նա հավելել էր նաեւ, որ օգոստոսին, ի վերջո, 600 մլրդ փոխանցվել է, սակայն սոցիալական այլ ուղղություններով են այդ գումարները ծախսվել, մինչդեռ Արցախի խորհրդարանականները հակադարձում են, որ բոլոր այդ ծախսերը պետք է ներառեին բյուջեում, ինչը չեն արել, ուստի հարց է՝ ծախսել են ա՞յլ ուղղություններով, թե՞ յուրացրել են։

ԱՀ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ քննիչ հանձնաժողով ձեւավորելու մտադրություն ունեն, ասաց, որ աշխատանքային քննարկումներ են ընթանում, եւ ինքը հուսով է, որ այս անգամ, ինչպես երկու տարի առաջ, չեն տապալի։ Հիշեցրեց, որ խորհրդարանական ընդդիմությունը դեռեւս պատերազմից հետո էր ցանկանում քննիչ հանձնաժողով ձեւավորել, որը կուսումնասիրեր Արցախի տարբեր հիմնադրամների ֆինանսական շարժերը, ծախսված գումարների օրինականությունը, սակայն ընդդիմությանը մեկ ձայն էր պակասում: Սամվել Բաբայանի կուսակցությունից մեկ պատգամավոր որոշել էր միանալ նախաձեռնությանը, սակայն վերջին պահին վիժեցրել էր նախաձեռնությունը եւ հրաժարվել աջակցել իրենց։

«Հիմա կրկին նման մտադրություն կա, որովհետեւ բավականին շատ ինֆորմացիա կա պետական միջոցների վատնման վերաբերյալ, ուստի որոշել ենք հասանելիություն ունենալ պաշտոնական փաստաթղթերին` հասկանանք այդ գումարների ճակատագրերը»,- ասաց Հակոբյանը՝ չհերքելով, որ Արցախբանկի թեման եւս քննարկվելու է հանձնաժողովում։

Verified by MonsterInsights