February 22, 2024

Մեկնարկել են Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենածավալուն զորավարժությունները

ՆԱՏՕ-ն սկսել է Սառը պատերազմից ի վեր իր ամենամասշտաբային զորավարժությունները՝ տասնյակ հազարավոր զինվորականներով։ Նպատակը` Ռուսաստանից եկող սպառնալիքի ֆոնին ուժի ցուցադրությունն է։ ՆԱՏՕ-ն ցուցադրում է իր պատրաստակամությունը հակազդել Մոսկվային, գրում է Ամերիկայի ձայնը։

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից գրեթե երկու տարի անց` Եվրոպայում ծավալվող պատերազմը վերածվել է հյուծող ռազմական գործողությունների, և ՆԱՏՕ-ում որոշել են ի ցույց դնել դաշինքի հզորությունը` Կրեմլից եկող սպառնալիքների ֆոնին։

Այս շաբաթ մեկնարկեց հյուսիսատլանտյան դաշինքի «Steadfast Defender 24» զորավարժությունները` ամենածավալունը Սառը պատերազմի ավարտից ի վեր։

Առաջիկա ամիսներին ՆԱՏՕ-ի մոտ 90 հազար զինվորականներ կմասնակցեն մի շարք զորավարժությունների ողջ Եվրոպայում, ինչպես, օրինակ, 2023 թվականին Ռումինիայում: Ներգրավված են հիսուն ռազմանավեր, ութսուն ինքնաթիռնեեր և հազարից ավելի մարտական մեքենաներ:

«Այս ամենն անում ենք` վստահ լինելու, որ ունենք համապատասխան պատրաստակամություն և ուժեր, որպեսզի Մոսկվան չունենա որևէ պատրանք մեր պատրաստակամության վերաբերյալ, որ կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Զինվորների և զինտեխնիկայի տեղափոխումը նույնպես զորավարժությունների կարևոր մասն են:

«Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, որ չափազանց դանդաղ լինելը նշանակում է, որ ձեր տարածքի մի մասը կարող է օկուպացվել և այն պետք է ազատագրեք»,- ասում է Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Լիանա Ֆիքսը։

Զորավարժություններին մասնակցելու է նաև Շվեդիան, որը հույս ունի առաջիկայում միանալ դաշինքին։

Ընթացիկը ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունն է 1980-ականների «Reforger» վարժանքներից հետո:

Այլանսի նման զորավարժությունների ֆոնին` Ուկրաինայում շարունակում են առերեսվել զինամթերքի պակասին. և՛ Միացյալ Նահանգներում, և՛ Եվրոպայում կասեցված է Կիևի համար նախատեսված աջակցության փաթեթների տրամադրումը` ներքին հակասությունների պատճառով։

«Կիևում վստահ են, որ Ուկրաինան պաշտպանում է ՆԱՏՕ-ն [Ռուսաստանից]։ Ուկրաինան, իրոք, նվազեցնում է Ռուսաստանի բանակի ներուժը, կարողությունները և սպառնալիքը, որն ուղղված է ՆԱՏՕ-ին»,- ասում է Լիանա Ֆիքսը։

Հայտնի է դարձել, որ այս շաբաթ ՆԱՏՕ-ն իջեցրել է մոտ 220 հազար հրետանային արկի պատվեր` անդամ-երկրների պաշարները համալրելու նպատակով, որոնք նոսրացել են Ուկրաինա մատակարարելու պատճառով։ Ենթադրվում է, որ պատվերը կկատարվի 2-3 տարվա ընթացքում։

Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին այն բանից հետո, երբ թուրքական խորհրդարանն այս շաբաթ վավերացրեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը, գրում է BBC-ն։

Ուրբաթ ուշ երեկոյան Պետդեպարտամենտը ԱՄՆ Կոնգրեսին ծանուցեց, որ հավանություն է տվել 23 միլիարդ դոլար արժողությամբ ինքնաթիռների վաճառքին, ինչպես նաև 8,6 միլիարդ դոլար արժողությամբ F-35 կործանիչների վաճառքին Հունաստանին: Կոնգրեսը պետք է քվեարկի այս հարցի շուրջ։

Թուրքիայի հետ գործարքը ներառում է 40 նոր F-16 ինքնաթիռներ և սարքավորումներ՝ երկրում 79 F-16 ինքնաթիռների արդիականացման համար։

Թուրքիան վաղուց է ձգտում արդիականացնել F-16 իր նավատորմը և Շվեդիայի անդամակցության վավերացումը պայմանավորել է նոր ինքնաթիռների վաճառքի հաստատմամբ, գրում է Associated Press-ը։ Բայդենի վարչակազմն աջակցել է վաճառքին, սակայն մի քանի ամերիկացի օրենսդիրներ մտահոգություն են հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ, նշում է գործակալությունը։

Verified by MonsterInsights