February 25, 2024

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, թե ինչ է պատմել Տիգրան Մանսուրյանը Արթիկում անցկացրած օրերի մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 85-ամյակի առթիվ կազմակերպել է հոբելյանական համերգ։

Նախարարության հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել գերատեսության ղեկավար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որը ներկայացնում ենք՝ ստորև.

«Սիրելի՛ Մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը, վայելել Ձեր ներկայությունը և արվեստը։

Մի առիթով հիշել էիք Արթիկում անցկացրած Ձեր օրերը և պատմել էիք այն մասին, որ փողոցում, երբ բարձրախոսներից երաժշտություն էր հնչում, Ձեր խաղը դադարեցնում էիք և մոտ գնում՝ վայելելու այն։ Նույնն այսօր տեղի է ունենում մեզ հետ, երբ հնչում է Ձե՛ր երաժշտությունը։ Ինչ անելիք էլ որ ունենանք, փորձում ենք մի պահ կտրվել և վայելել այն։ Սա պատահական չէ, որովհետև Ձեր արվեստը դիպչում է յուրաքանչյուրիս հոգուն և դառնում է մեր կյանքի ընկերը։

Ոչ միայն արվեստը, այլև Ձեր մարդկային կերպարը ևս արժանի է ամենաբարձր գնահատականի։ Վերջերս Ձեզ հետ Կոնսերվատորիայում ամփոփիչ համերգին էինք։ Ես ուղղակի հիացա, թե ինչպես էիք ոգևորում երիտասարդներին՝ նրանց ամեն հաջող կատարման համար։ Եվ միայն պատկերացնել է պետք, թե ինչ թևեր են առնում մեր երիտասարդները Ձեր ամեն բառից ու գնահատականից։

Իսկ Չարենցի՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության համար Ձեր գրած մեղեդին արտահայտում է Ձեր գորովանքը մեր երկրին։ Դա Ձեր անուշ Հայաստանն է, որն ամբողջությամբ վերադարձնում է Ձեզ նույն գորովանքն ու սերը։

Մաղթում եմ մեզ բոլորիս, որ երկար վայելենք Ձեր ներկայությունն ու ստեղծագործությունը։ Առողջություն, ուժ ու եռանդ Ձեզ»:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շնորհավորել է մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան 85-րդ տարեդարձը:

«Սիրելի՛ մաեստրո,

շնորհավորում եմ Ձեզ 85-րդ տարեդարձի առթիվ։ Ուրախ եմ, որ Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 2024 թվականին Հայաստանում առաջին անգամ կձայնագրվեն և կթողարկվեն մաեստրո Տիգրան Մանսուրյանի կոնցերտների և կինոֆիլմերի երաժշտության ալբոմները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և անվանի մենակատարների մատուցմամբ: Թողարկումից հետո ալբոմը հասանելի կդառնա միջազգային առաջատար մեդիահարթակներում։

Սիրելի՛ մաեստրո,

վստահ եղեք, որ իմ և Երևան համայնքի կողմից արվելու է ամենը՝ ձեր նվիրումն ու ջանքերը արժանիորեն հատուցելու համար»,- գրել է նա:

Verified by MonsterInsights